Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում». Փաշինյանը՝ աշխարհում վատ լուրերի ու ռազմավարական կարմիր գծի մասին

Հուլիս 06,2020 18:35

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը շարունակում է մնալ ծանր, շաբաթ-կիրակի օրերին 1000 նոր դեպք ենք ունեցել, առողջապահական համակարգը շարունակում է ծանրաբեռնված աշխատել ու վատ լուրեր կան նաեւ աշխարհի այլ երկրներից. «Նորից կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում ու սա ընդհանուր առմամբ ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք մեր ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»: Վարչապետն ասաց, որ Հայաստանի ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, բայց վարչական տույժերը որեւէ արդյունք չեն կարող տալ, եթե քաղաքացիների անհատական վարքը պատասխանատու չլինի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները չեն հավատում իրենց քաղաքացիական վարքագծի ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա. «Ինձ համար նույնիսկ անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ, ում հետ զրուցում էի, իրենց շրջապատում դեռեւս չէր արձանագրվել կորոնավիրուսի ոչ մի դեպք, այսինքն, Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր անձնապես չեն առնչվել խնդրի հետ: Իրենք, իրենց ծանոթները, մտերիմները չեն առնչվել ու սա է՛լ ավելի բարդացնում է մեր խնդիրը»:

Փաշինյանը նաեւ Կարմիր խաչին շնորհակալություն հայտնեց՝ քաղաքացիներին դիմակներ բաժանելու, քաղաքացիների հետ աշխատանք անելու, իրենց օգնելու համար:

Վարչապետն ասաց, որ արդեն քանի օր է՝ ոստիկանությունը 3000 տուգանք է կիրառում քաղաքացիների նկատմամբ՝ դիմակ չկրելու համար, բայց իրենց նպատակը տուգանելը չէ. «Հակառակը, տուգանքներով ու տուգանքների մասին բարձրաձայնմամբ, ուզում ենք քաջալերել քաղաքացիներին, որ կրեն դիմակ՝ մանավանդ, որ դրա արդյունավետությունը արդեն միջազգայնորեն ապացուցված փաստ է»:

Փաշինյանի խոսքով՝ ռազմավարական կարմիր գիծ ունեն. «Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում, ի վիճակի չի թեկուզ ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին ու ավելի խիստ սահմանափակումներ կիրառել՝ այս վիճակը հաղթահարելու համար: Իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը, ես հույս ունեմ, որ կգիտակցենք իրավիճակի լրջությունը եւ մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն քայլը, որով կհաղթահարենք համաճարակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031