Լրահոս
Օրվա լրահոսը

Նորույթ «Գյումրի» ԲԿ-ում․ պետությունը նոր բաժանմունք է բացում՝ COVID-կասկածելի բուժառուների համար

Հուլիս 06,2020 17:21

«Գյումրի» բժշկական կենտրոնի COVID-ով վարակված 17 բուժաշխատողներն արդեն առողջացել են, նրանց  գերակշիռ մասն արդեն աշխատանքի մեջ է։ «Գյումրի» բժշկական կենտրոնն էլ շուտով բնականոն ձևով կսկսի պլանային վիրահատությունները, որոնք ընդհատվել  էին վիրուսի տարածման պատճառով։ Այս պահին հիվանդանոցում բուժվում են 62 հիվանդներ։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Իսկ ամենակարևոր նորությունն այն է, որ պետությունը ստանձնել է տրիաժի՝ միջանկյալ  բաժանմունքի  ֆինանսավորումը։

«Մենք միջանկյալ բաժանմունք ենք ստեղծել, որտեղ մեկուսարաններն են, ամեն ինչով կահավորված հիվանդասենյակներ են՝  սառնարանով, հեռուստացույցով, կոմունալ հարմարություններով։ Դա ստեղծել էինք հիվանդանոցի ուժերով ու իրականացնում էինք ծառայությունը․ ընդունում  էինք այն հիվանդներին, որոնց մոտ թեև COVID-19-ը հաստատված չէր, բայց կասկածելի դեպքերն էինք ընդունում ՝ թոքաբորբ, բարձր ջերմություն ունեցողներին։ Մենք այնտեղ նմուշառում էինք անում ու պարզելուց հետո տեղափոխում էինք կամ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց կամ մայրաքաղաք։ Գիտեք, որ մենք COVID-19 բուժող հիվանդանոցների ցանկում չկանք։

Հիմա պետությունը պիտի ֆինանսավորի այդ բաժանմունքը, այն կհագեցվի բոլոր պաշտպանիչ միջոցներով, և այն, ինչ մենք գնում էինք մեր ուժերով, այժմ պետությունն ինքը կհատկացնի։ Բժշկական կենտրոնն ի վիճակի չէր այդ քանակի գնումներ կատարել տրիաժ բաժանմունքի համար։ Մոտակա օրերին օգնության պահեստից բոլոր պաշտպանիչ միջոցները կուղարկվեն, նաև հիվանդի բուժման ծախսերը, նախկինում մենք էինք անում այդ բոլոր ծախսերը մեր միջոցներից»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Հիվանդանոցի տնօրենը նաև ասաց, որ բուժաշխատողների նոր վարակման դեպքեր չկան, վերջիններս այժմ ավելի զգոն են ու ավելի պաշտպանված։

«Ունենք հարկադիր պարապուրդի մեջ գտնվող բուժքույրեր, պլանային վիրահատությունները կսկսվեն, ու իրենք կամաց-կամաց հետ կգան աշխատանքի։ Կամաց-կամաց ենք սկսելու, չեմ ուզում միանգամից սկսենք։ Կսկսենք զգուշությամբ․ կճշտենք հիվանդների վիճակը, մեզ մոտ՝ իրավիճակը, որ ապահով իրենց բուժումը կազմակերպենք։ Այս պահի դրությամբ ունենք 62 հիվանդ, որից թերապևտիկ բաժանմունքում՝ միջանկյալ 8 հիվանդ։ Մարդիկ պիտի պահպանեն սահմանված նորմերը․ պաշտպանիչ միջոցներ պիտի ունենան, ովքեր չունեն, մենք կտրամադրենք, պիտի պահպանեն հեռավորություն, նոր կհետազոտենք»,- ասաց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031