Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով հիվանդի հետ հարազատներն անգամ հեռախոսով են խուսափել շփվել

Հուլիս 06,2020 17:23

«Նոր կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն թոքերը, այլ սիրտը, երիկամները, արյունատար անոթները, կենտրոնական նյարդային համակարգն՝ ամբողջությամբ, որն ընդգրկում է գլխուղեղը, ոսկրածուծը, առաջացնելով COVID-19-ի նեւրոլոգիական մանիֆեստացիաներ: Այսօր ունենք նեւրոքովիդ հասկացությունը»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած քննարկմանն ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, նյարդաբան Հասմիկ Ղազինյանը:

Նա ասաց, որ կորոնավիրուսը կարող է թափանցել ցանկացած օրգաններ եւ հյուսվածքներ, մասնավորապես՝ ուղեղի հյուսվածք եւ ախտահարել կենտրոնական նյարդային համակարգը:

Ըստ բժիշկի, կորոնավիրուսային ինֆեկցիային բնորոշ են գլխացավերն ու գլխապտույտը, համի եւ հոտի բացակայությունը, թուլությունն ու մկանացավերը. սրանք նեւրոլոգիական մանիֆեստացիների մեջ են մտնում: Կան հիվանդներ, որոնք չեն հավատում, որ կա Covid-19-ը, բայց այդ նույն մարդիկ, եթե արդեն վարակվում են, իրենք արդեն խիստ տագնապ են ապրում. «Մի հավատացեք, ձեր իրավունքն է, բայց երբ ընկնեք հիվանդանոց, այդպես մի տագնապեք, ձեր պարտականությունն է՝ ազգաբնակչության մյուս մասին պաշտպանել ձեր անփույթ վերաբերմունքից»,-ասաց բժիշկը: Նա նաեւ հավաստիացրեց՝ հիվանդին ժամանակին ու ճիշտ ուղղորդման դեպքում՝ համապատասխան մասնագետների մոտ, հիվանդությունը հնարավոր է հաղթահարել:

Տիկին Ղազինյանն ասաց, որ տագնապային իրավիճակն ավելի է վնասում, ուստի քաղաքացիներին հորդորեց՝ պետք  չէ տագնապել, պարզապես հակահամաճարակային կանոնները պահպանեք. «Որքան էլ նշվի կորոնավիրուսից մահացությունը բարձր է, այնուամենայնիվ, եկեք չեղարկենք կորոնավիրուս ու մահ ասոցիացիան»:

Քննարկման մյուս մասնակից, «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությունը սոցիալական եւ հոգեբանական աջակցություն է տրամադրում կորոնավիրուսային հիվանդներին  եւ ոչ միայն հիվանդներին: Տիկին Զախարյանն ասաց, որ իրենց թեժ գծին արդեն 12 հազար զանգ են ստացել, որից 1/3-ը հոգեբանական խնդրով է եղել. «Զանգահարողների մեջ նաեւ վարակված անձինք են եղել: Սթրեսային մակարդակը բարձր է եւ դա նորմալ  երեւույթ է»: Հոգեբանն իր փորձից ելնելով նկատեց՝ մարդիկ, որոնք զանգահարել են, մեղքի զգացողություն ունեին՝ արդյոք չե՞ն վարակել իրենց հարազատներին, սիրելիներին, մեղքի զգացողությամբ ագրեսիվ վարքագիծ են ունեցել, բայց ստանալով հոգեբանական աջակցություն՝ նրանց մոտ սթրեսային մակարդակը նվազել է:

Հոգեբանն ասաց՝ հիվանդությունը նոր է, եւ սկզբում շատ տեղեկատվություն չկար, մարդիկ նույնիսկ ապատեղեկատվություն էին տարածում, եւ մարդկանց մոտ տագնապը նաեւ ապատեղեկատվությամբ էր պայմանավորված՝ չգիտեին՝ որին հավատալ, որին՝ ոչ, իսկ չափից դուրս տագնապը կարող է հանգեցնել նրան, որ մարդը իրականությունից կտրվի. «Զանգահարում էին ու չէին հավատում, որ հիվանդ են կամ կա հիվանդություն, նրանք չուենին սուր ախտանիշեր, բայց խորհրդատվությունից հետո ընդունում էին: Ես ազգաբնակչության շրջանում նկատում էի դիմադրություն, մերժողական վարքագիծ, որը պաշտպանական մեխանիզմ է՝ չհավատալ ու չուզենալ փոխել կյանքի ռիթմը, որովհետեւ, երբ հավատում են, պետք է հրաժարվեն շատ բաներից, հաճելի գործողություններից, սահմանփակեին կյանքն ու շփումները»:

Հոգեբանը նաեւ նշեց՝ եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսով հիվանդը պատմել է՝ հարազատներն անգամ հեռախոսով խուսափել են խոսել իրենց հետ:

Մարդկանց մի ստվար զանգված կա, որ չեն կարողանում զսպվածություն դրսեւորել, եւ ինչպես հոգեբանն ասաց, չեն կարողանում սահմանափակել սոցիալական շփումները: Այս դեպքում հոգեբաններն են օգնում փոխակերպել կյանքը՝ կանգնեցնում են ընտրության առաջ, եւ ինչպես Արմիդա Զախարյանն ասաց, զգոնությունն են արթնացնում, բացատրում՝ ֆիզիկական հեռավորությունը չի նշանակում, որ մարդիկ միմյանցից չեն կարող ջերմություն ստանալ հեռավար շփմամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031