Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որևէ կերպ վտանգի տակ դրվի Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքների արտահայտումը. Զոհրաբ Մնացականյան

Հուլիս 06,2020 16:43

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստաընկերությանը

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Բարև Ձեզ, պարոն Մնացականյան, շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար։ Առաջարկում եմ ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից սկսենք։ Նախորդ տարի, կարծես, որոշակի ակտիվություն կար, այս տարի այդ ակտիվությունը, համենայն դեպս, չի նկատվում։ Պատճառը միայն կորոնավիրուսի պարտադրած սահմանափակումներն են, թե՞ այլ խնդիրներ ունենք․ այս տարի ավելի շատ խաղաղությանը մոտեցանք, թե՞ պատերազմին։

Զոհրաբ Մնացականյան. Իրապես, այո՛, համաձայն եմ Ձեզ հետ, որ անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են  մեզ համար կարևորագույն  և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից։ Դրան զուգահեռ` մենք շատ էական և սկզբունքային հարց ունենք, որը վերաբերում է համապատասխան միջավայրի ձևավորմանը, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը, և որը վերաբերում է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ մարդկային շփումներին և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն: Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց։

Այս բոլոր երեք ուղղություններով ունեցել ենք բավական ակտիվ աշխատանք համանախագահների և ադրբեջանական կողմի հետ։ Վերջին մեր հանդիպումը կայացավ  2020թ. հունվարին Ժնևում և այդ հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքներն այս շրջանում և նախանշում մեր հաջորդ քայլերը, որոնք ինչ-որ չափով վնասվեցին այս համավարակի պատճառով։ Սակայն մեր մշտական կապը համանախագահների հետ մնում է անխափան, և մյուս կողմից մենք կարողացանք անցկացնել երկու տեսակոնֆերանս և՛ համանախագահների, և՛ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որը շատ էական էր այն առումով, որ կապը պահպանվում է: Մենք մշտապես մնում ենք կապի մեջ և աշխատում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնց հիմա հնարավոր է անդրադառնալ։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Ի դեպ, այդ տեսակոնֆերանսի մասին․ սա նշեցիք, որ ամենաթարմ նորությունն էր այս հարթությունում։ Այն տպավորությունն էր, որ առանձին նորություններ չկային։

Զոհրաբ Մնացականյան. Այս շրջանում, բնականաբար, մենք անդրադարձանք մեր կողմից բավական զգայուն մեկ հարցի. այն արտահայտվում է թշնամական հռետորաբանության շատ տեսանելի մակարդակով, որը մենք տեսանք այս վերջին շրջանում։ Դա, բնականաբար, չի կարող ազդել մեր սկզբունքային դիրքորոշումների, մոտեցումների վրա, սակայն դա բացասական ազդեցություն է ունենում միջավայրի վրա, որի շրջանակներում մենք իրականացնում ենք այս խաղաղ գործընթացը։ Անհնար է պատկերացնել, որ նման թշնամության սերմացման, տարածման պայմաններում հնարավոր է գործնական և արդյունավետ ձևով իրականացնել կարևորագույն գործառույթը, որը վերաբերում է խաղաղ գործընթացին։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Ի դեպ, միջավայրի մասին. որպես կարևոր ձեռքբերում նշում եք, որ նախորդ տարվա ընթացքում առաջնագծում հարաբերական հանդարտ վիճակ էր: Խախտումները պակասեցին, փառք Աստծո, զոհերի թիվը ևս պակասեց դրանց հետևանքով։ Բայց վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը հարցազրույց տվեց և նշեց, որ այս հանդարտ ժամանակն օգտագործել են առաջնագծում դիրքերն ամրապնդելու համար, և հիմա նրանք պատրաստ են։ Կարծես թե,  անգամ խաղաղության պատրաստվելն այնքան էլ խաղաղության պատրաստվել չէ։

Զոհրաբ Մնացականյան. Սա արտահայտում է հռետորաբանությունը, և մենք անդրադարձել ենք այս հարցին։ Հայկական կողմերը, Արցախն առավել քան վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, իր կյանքի իրավունքը, իր ազատությունը։ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության և ազատության միակ երաշխավորողը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն՝ պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։ Մեզ համար առանցքային է մնում մեկ բան․ 1994 թ․ զինադադարի և զինադադարի պայմանագրի պահպանումը մնում են կարևորագույն պահանջներից մեկն այս գործընթացում։ Սա շահագրգռվածություն է բոլոր կողմերի համար։ Կրկին հստակ լինենք, որ հայկական կողմերն առավել, քան պատրաստ են պաշտպանելու և պաշտպանվելու, բայց զինադադարն անհրաժեշտ պայման է՝ խաղաղ գործընթացի շրջանակներում արդյունավետորեն առաջ շարժվելու համար։ Հայկական կողմերը նույնպես պատրաստ են և ամբողջ ներուժով իրենց աշխատանքները իրականացնում են պաշտպանությունը ամրապնդելու առումով: Սա շարունակական ու մշտական գործընթաց է և մեզ հնարավորություն ու վստահություն է տալիս պնդելու, որ զինադադարը բոլորի շահագրգռվածությունն է, ոչ թե միայն մեզ, այլ բոլորի համար։

Սա պատասխանատվության հարց է, և միայն նման պայմաններում է հնարավոր ակնկալել ռեալ արդյունավետ առաջխաղացում գործընթացում։ Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Ի դեպ, այս ձևաչափով հանդիպումներից առաջ և հետո Արցախի Ձեր պաշտոնակցի հետ հանդիպումները, կարծես, օրինաչափություն են դառնում։ Արցախ Ձեր հերթական այցելությունը կարո՞ղ ենք դիտարկել հենց այս տրամաբանության մեջ։

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, ինչպես որ արդեն անդրադարձա, սա շատ բնականոն գործընթաց է, որովհետև մենք՝ երկու կողմերս, խորհրդակցության, բանակցության, համակարգման գործընթացի մեջ ենք։ Սա բխում է պարզ իրողություններից։ Հայաստանի իշխանություններն օժտված են Հայաստանի ժողովրդի մանդատով, Արցախի իշխանությունները՝ Արցախի ժողովրդի մանդատով։ Եվ սա իրողություն է։ Այդ առումով է, որ մենք միասին աշխատում ենք՝ համակարգելու, համադրելու, միասին գնահատելու այն կարևորագույն հարցերը, որոնք ձևավորում են մեր դիրքորոշումները։ Եվ սա արդեն ձևավորված համակարգ է։

Այս երկու տարիների ընթացքում, կարծում եմ, առավել քան ի հայտ ենք բերել, տեսանելի ենք դարձրել այն, որ Երևանը և Ստեփանակերտը սերտորեն աշխատում են միասին՝ համակարգումը ապահովելու, Արցախի դեպքում՝ էլ ավելի ամրապնդելու բանակցային, խաղաղ գործընթացում սեփականության զգացումը: Մեզ համար շատ էական է՝ համադրելու և գնահատելու այն կարևոր սկզբունքային մոտեցումները, որոնք արտահայտվում են Արցախի իշխանությունների կողմից և որոնք հիմնված են Արցախի ժողովրդի կողմից տրված մանդատի հիմքերի վրա։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Սակայն դա, ենթադրում եմ, որ չի փոխում պլանները Ստեփանակերտի ուղղակի մասնակցությունը վերականգնելու առումով։

Զոհրաբ Մնացականյան. Սա մեզ համար շատ կարևոր սկզբունքային հարց է, և ամենից բացի դա պրակտիկ հարց է։ Եթե մենք իրապես կենտրոնանում ենք արդյունավետ բանակցային խաղաղ գործընթացի վրա, ուղղակի արդյունավետությունն ապահովելու առումով այս գործառույթի իրականացումը, Արցախի մասնակցությունը գործընթացին պրակտիկ խնդիր է։ Սա որևէ կերպ չի նվազեցնում Հայաստանի պատասխանատվությունը և պարտավորություններն այս գործընթացում, բայց ամրագրում է շատ ավելի հստակ արդյունավետություն՝ խաղաղ գործընթացում ռեալ առաջընթաց ապահովելու համար։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Հակամարտության կարգավորումն արդեն մոտ 30 տարի շարունակվում է, և երաշխիք չկա, որ դեռ մի այդքան էլ չի շարունակվի։ Այսինքն՝ չի երևում դրա վերջը։ Ո՞րն եք համարում այս դեպքում գլխավոր անելիքը։ Ի վերջո այս տարիների ընթացքում այստեղ սերունդ է փոխվել։

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, շատ ճիշտ են նկատում, որ բավական տևական ժամանակ է, որ շարունակվում է խաղաղ գործընթացը, և կարծում եմ, որ և՛ Հայաստանի համար, և՛ Արցախի համար շատ հստակ է կարևոր մեկ նպատակ՝ հասնելու բացարձակապես խաղաղ կարգավորմանն այս գործընթացում, բացառելու որևէ նոր վտանգներ, սպառնալիքներ Արցախի ժողովրդի անվտանգության համար։ Սպառնալիքները, ինչպես ասացի, խստորեն ժխտվում են, և անկախ սերունդների փոփոխությունից՝ մեկ բան շատ կայուն և շատ սկզբունքային, առաջնային է՝ անվտանգության գործոնը, անվտանգությունն այն առումով, որ Արցախի ժողովուրդն այլևս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին։ Չմոռանանք՝ ինչ իրավիճակներ են եղել Արցախի անվտանգության համար 1992թ., 1993թ․-ին։ Ինչպես է այդ շարունակական սպառնալիքն արտահայտվում տարբեր ժամանակահատվածներում։ Լինի դա ատելության, հայատյացության քաղաքականությունը, մաքսիմալիզմի, այդ մաքսիմալիստական մոտեցումների արտահայտումը խաղաղ գործընթացներում, դրա ավելի ծայրահեղ արտահայտումները, ինչպես եղան 2016թ․ ապրիլին։ Սա շարունակական հիշեցումն է, որ սպառնալիքը ռեալ է․ սպառնալիքը գոյություն ունի, և անվտանգության բաղադրիչի գերակայությունն առավել քան արտահայտված է՝ անկախ նրանից, թե որ շրջանին է դա վերաբերում։ Սպառնալիքը, դժբախտաբար, մնում է չափազանց տեսանելի գործոն։ Եվ մեզ համար սա գերակա խնդիրներից մեկն է: Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել և մնում է մեր գերակա խնդիրներից մեկը։ Մենք այս շրջանակներում շարունակելու ենք աշխատել խաղաղ գործընթացի շրջանակներում, Մինսկի համանախագահության հովանու ներքո բանակցել մյուս կողմի հետ։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Արդյոք անարդարացի՞ չէ, որ այս տարիների ընթացքում Արցախը, Արցախի ժողովուրդը, խոշոր հաշվով, մնում են միջազգային հանրությունից մեկուսացված։ Արդյո՞ք հակամարտության լուծումը անշրջելի խոչընդոտ է Արցախի և միջազգային հանրության միջև կապերը ակտիվացնելու ճանապարհին։

Զոհրաբ Մնացականյան. Շատ էական հարց է, քանի որ Արցախը մի միավոր է, որտեղ ապրում են ռեալ մարդիկ, ռեալ կյանքով։ Ե՛վ մեկուսացումը, և՛ իրավունքների ժխտումն  այս ժողովրդի համար անընդունելի են։ Այստեղ մարդիկ իրականացնում են իրենց բազմաթիվ իրավունքները՝ բազային, հիմնարար մարդու իրավունքներից, կյանքի իրավունքից ընդհուպ մինչև խաղաղ ապրելու, իրենց անհատական, անձնական, սոցիալ-տնտեսական զարգացման իրավունքների իրացումը։ Եվ անկախ կարգավիճակից , անկախ այն իրողությունից, թե ինչպես է այն արտահայտվում միջազգային հարաբերություններում՝ ժողովուրդը բաղկացած է ռեալ մարդկանցից, և այդ ռեալ մարդիկ չեն կարող որևէ կերպ մերժված լինել այդ իրավունքների իրականացման առումով։ Սա մեզ համար սկզբունքային խնդիր է, և մենք շարունակում ենք տարբեր միջազգային հարթակներում այս հարցին առնչվել, այս հարցը բարձրաձայնել, այս հարցին լուծումներ գտնել։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Եվ իմ վերջին հարցը։ Նշեցիք, որ մինչև տարեվերջ չեն բացառվում տարբեր մակարդակի հանդիպումները։ Որպես գաղտնիք ասեմ, որ նման հանդիպումներից առաջ, կլինի արտգործնախարարների մակարդակով, թե՝ երկրի ղեկավարների, Արցախում միշտ էլ ինչ-որ մտավախություններ ծնվում են՝ «ի՞նչ կքննարկվեն», «ի՞նչ կորոշվի»։ Քանի որ «ինչ կքննարկվեն»-ը մի քիչ լայն է, ասենք, թե ինչ չի կարող լինել։

Զոհրաբ Մնացականյան. Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որևէ կերպ վտանգի տակ դրվեն այն գերակայությունները, որոնց մասին ես խոսեցի։ Վտանգի տակ դրվի Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքների արտահայտումը՝ սկսած կյանքի իրավունքի պաշտպանությունից մինչև հավաքական ինքնորոշման իրավունքի արտահայտումը։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Շնորհակալություն հետաքրքիր պարզաբանումների համար, պարո՛ն Մնացականյան, հուսով եմ սա մեր վերջին հանդիպումը չի լինի Արցախում։

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ, առաջին հերթին ես եմ շնորհակալ  Ձեզ այս հնարավորության համար՝ Ձեր միջոցով խոսելու, կիսվելու նաև մեր հայրենակիցների հետ, Արցախի մեր եղբայրների և քույրերի հետ։ Եվ նորից ուզում եմ ընդգծել՝ ինչ մեծ նշանակություն ունի այս շարունակական, կայուն երկխոսությունը, աշխատանքը, որ մենք իրականացնում ենք Ստեփանակերտի և Երևանի միջև։ Եվ շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը՝ Արտաքին գործերի նախարար պարոն Մայիլյանին, որի հետ աշխատում ենք այս շարունակական ձևաչափով, պահպանում ենք և շատ գործնական աշխատանք ենք իրականացնում, շնորհակալ եմ նաև Արցախի նախագահին։

Ի դեպ, անդրադառնամ մեկ հարցի․ Արցախի  ժողովրդի՝ վերջերս կայացրած ընտրությունները նույնպես արտահայտեցին մի կարևոր բան, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքի իրականացումն արտահայտում և ապահովում է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։ Դրա արտահայտությունն էին ընտրությունները, որ տեղի ունեցան, այդ մրցակցային ժողովրդավարական միջավայրը, որտեղ արտահայտվեց՝ որքան լուրջ է Արցախը վերաբերում այն հարցին, որն առնչվում է իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական արժեքների հիման վրա ներկան և ապագան կառուցելու այդ վճռականությանը։ Երեսուն տարվա ընթացքում Արցախն առավել քան հստակորեն արտահայտել է հանձնառությունը և կարողությունը՝ կառուցելու համակարգ, որի հիմքում դրված է մարդը՝ իր ամբողջ իրավունքներով, ազատություններով։ Սա շատ էական է և առավել ևս ամրապնդում է այն կարևոր պատգամը, որ Արցախը վաստակել է իր իրավունքը՝ ինքնորոշումը իրականացնելու ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։ Ուզում եմ ընդգծել՝  որքան կարևոր է այսօրվա հանդիպումը Հանրապետության նախագահի՝ պարոն Արայիկ Հարությունյանի հետ և այն քննարկումները, որ մենք ունեցանք. դրանք առավել համալրում են մեր աշխատանքը խաղաղ բանակցային գործընթացում: Նաև շատ էական էր մտքերի փոխանակումն Ազգային Ժողովում՝  նորընտիր նախագահի և պատգամավորների հետ։

Արցախի հանրային հեռուստաընկերություն. Շնորհակալություն, պարոն Մնացականյան։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հարգելի ՀՀ ԱԳ նախարար, Արցախ չէ՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է և Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031