Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության ռումբը․ Ազատատենչները պայթեցնում են ազատությունները

Հուլիս 06,2020 17:05

70-ամյա Վալենտինան վճարում է ուկրաինացիներին ստրկությունից ազատելու գինը։ Նա ու իր պես բազմահազար մարդիկ ի կատար են ածում ազատատենչների երազանքները։

«Մենք կհաղթենք, և Ուկրաինան կդառնա Եվրոպայի մաս։ Մենք այլևս չենք լինի ստրուկ, կլինենք ազատ»,- Ձմեռը կրակի վրա․ Ուկրաինայի ազատության պայքարը վավերագրական ֆիլմում ասում է Կիևում արյունալի ցույցերի մասնակիցներից մեկը։

Ֆիլմն ամբողջ ընթացքում համոզում է՝ ստրկությունը Ռուսաստանն է, ազատությունը՝ Եվրոպան։

Եվրոպացուն նմանվելու ցուցարարի ցանկության պատճառով ծեր կինը՝ Վալենտինան, ձեռնափայտով, իր ամուսնու հետ ստիպված է 600 մետր մի կերպ քայլելով հասնել երկիրն արևմուտքի ու արևելքի բաժանող անցակետ, ժամերով հերթ կանգնել, ապա երկու ավտոբուս փոխել, ապա մի հատ էլ հասնել մյուս կողմի անցակետ, որ կարողանա ընտանիքին տեսնել, բուժօգնություն կամ նպաստ ստանա։

Ձմեռը կրակի վրա ֆիլմը նկարահանվել է 2015թ․, վաճառվել Նեթֆլիքսին։ Այն ցուցարարների հետ հարցազրույցների ու արխիվային կադրերի միջոցով պատմում է Ուկրաինայի 2013թ․ ողբերգական ցույցերի մասին, որին հաջորդեց իշխանափոխությունը, բնակչությանը հակառուս արևմտամետների ու ռուսամետ հակաարևմտականների տարանջատումն ու թշնամանքը, Ղրիմի միակցումը Ռուսաստանին ու երկրի Արևելյան մասի պատերազմը։ Եվրոմայդան անունը ստացած ցույցերին սպանվեց 125 հոգի , 3000-ից ավելի քաղաքացիական և 13․000 զինվորական՝ պատերազմում։

Հանուն ինչի՞։ Ֆիլմը չի թաքցնում, թե հանուն ինչի։ «Սա մեր փաստաթուղթն է»,- գոռում էին ցուցարարները՝ նկատի ունենալով Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը․ ուրեմն հանուն եվրոպական փաստաթղթի։ «Վերջապես մենք կարող ենք ապրել եվրոպական երկրների քաղաքակիրթ հասարակության պես»,- ասում է մի ուրիշ ցուցարար։

Քաղաքակիրթ հասարակության պես ապրելը հակամարտության արդյունքում 1․4 միլիոն տեղահանվածների կյանքն է, 1․3 միլիոն մարդու մաքուր ջրի խնդիրն է, 3․5 միլիոն մարդու հումանիտար աղետն է, Վիկտորիայի պես սահմանաբնակ դարձած հազարավոր մարդիկ են, որն իր չորս տարեկան երեխային ամեն երկու ամիսը մեկ անցակետերով անցկացնում է, որ իր հիվանդ պապիկին այցելեն։ «Մենք չէինք ընտրել էսպես ապրել»,- ասում է Վիկտորիան։

Թե ինչպես պետք է ապրեն Վիկտորիաներն ու Վալենտինաները, նրանց տեղն ընտրում են հակառուս արևմտամետները կամ ինչպես հպարտությամբ իրենք իրենց սկսել են կոչել՝ գործակալները, որոնք իրենց քաղաքական քմահաճույքները՝ գործակալությունը՝ պարուրելով ազատության անվան տակ՝ Վալենտինայի և Վիկտորիայի տեղաշարժի ազատությունն են քայքայում։

Բարեկեցիկ ու ազատ կյանքով ապրող ազատարարներն իրենք իրենց հորինած ստրկությունից ազատելու խաթեր ստրկացնում են ուրիշներին, իրենց քաղաքակիրթ լինելու ցանկությամբ սահմաններ ու անցակետեր են շարում այլոց դիմաց։

Ապա բարեկեցիկ կյանքն օգտագործում են հակամարտությունից տուժածներին մատնացույց անելու, դրանով հասարակությանն ավելի հակառուս դարձնելու գործում։

Մատնացույց է արվում նաև Հարավային Օսեթիայի սահմանին ապրող Դաթա Վանիշվիլիի պես մարդկանց կյանքը, որը քնեց Վրաստանում, զարթնեց Հարավային Օսեթիայում ու այլևս չի կարող գնալ թոշակը ստանալու, որովհետև նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արևմտյան ազգայնամոլությամբ Վրաստանը խրեց Արևմուտքի ու Ռուսաստանի մամլակում։

Եվրոպայի հետ ասոցացվելուն հանուն մարդկանց կյանքում կենսական նշանակության խնդիրներ, քաոս ու ողբերգություններ ստեղծեց, հետո այդ խնդիրներով աճեցրեց իր քաղաքական քմահաճույքները։ Այդ քաղաքական քմահաճույքները արտահանեց նաև Ուկրաինա, և այդ քմահաճույքների տրամաբանությամբ ավելի շատ մարդկանց դժբախտացրեց։ Սահակաշվիլին դարձավ Օդեսայի նահանգապետ՝ շարունակելով իր բարեկեցիկ կյանքն աշխարհում, նրան շարունակեցին ինչպես հարկն է լուսաբանել։ Իսկ մարդը, որը չէր ընտրել էդպես ապրել, դատապարտվեց իր մնացած կյանքն ապրել նրա ու նրա քաղաքական հաճույքների ստեղծած խնդրի մեջ, մի քիչ լուսաբանվելով ու շուտ մոռացվելով։

Էդպես կլինի նաև հայ-ռուսական ինքնասիրության բախումի հետևանքը։ Տուժողը մնալու է սահմանին, նրա առաջ նոր սահմաններ գոյացած։ Մեկը ջրի, հողի խնդիր է ունենալու, մյուսը՝ առողջապահական ծառայությունների, մեծ մասը՝ ընտանիքներին, հարազատներին տեսնելու։ Սա միայն ապրողները, հակամարտության հետևանքով վախճանվածների խնդիրները չի հաշվվում։

Իսկ պատվի մարտիկների ինքնասիրությունը՝ հակառուսությունն, ավելի է ահագնանալու, խնդիրները լուսաբանելով՝ քաղաքական քմահաճույքի ֆոնին, զեկույցներ գրելով, համաժողովներ ու ֆորումներ անելով՝ ինքնասիրության մարտիկները էլ ավելի կամրապնդեն իրենց բարեկեցիկ կյանքը՝ արտասահմանյան գործընկերների հետ Ստրասբուրգի, Բրյուսելի հյուրանոցներում ռուսներին հայհոյելով։ Ուրիշների առաջ սահմաններ կառուցելով՝ իրենց առաջ նորանոր սահմաններ կբացվեն՝ նոր ֆիլմերի մտքեր կգոյանան՝ Հայաստանի ազատության պայքարը վերնագրերով, որոնք կծախվեն արևմտյան խոշոր ընկերություններին ու կապրեն կուշտ ու անվտանգ, իրավապաշտպանների համար նոր իրավախախտումների մեծ հոսք կլինի․ ինչքան խնդիր, այնքան մարդու իրավունքներ, ինչքան մարդու իրավունքներ, այնքան հակառուսություն։

Եվ մինչ սյունեցին անցակետերում կյանքը հերթերում կանգնած կանցկացնի կամ նոր կացարանի հարց կփորձի լուծել, ազատագրվածները, բայց իրենք իրենց գործակալ կոչողներն, ավելի բարձր կբղավեն ժողովրդավարության, ազատության գաղափարներից։

Հակառուս կառավարություններից ու բնակչությունից առայժմ միայն շահել է Ռուսաստանն ու Արևմուտքն՝ իրար մեջ բաժան-բաժան անելով պետություններն ու պնդացնելով ինքնասիրության իրենց գոտին աշխարհում։ Իհարկե, շահում են նաև Ձմեռը կրակի վրա ոճի ֆիլմ նկարահանողները։ «Ասոցացման պայմանագիրը չստորագրելը մեծ քայլ էր դեպի հետ, ոչ թե սերունդ էր հետ քայլ, այլ դեպի մեր մեծ պապերի սերունդ, դեպի Սովետական միություն»,- ֆիլմում պնդում է կիևյան մի այլ ցուցարար՝ Եկատերինա Ավերչենկոն, որը մասնագիտությամբ թարգմանիչ է։

Առաջ քայլը օլիգարխ Պետրո Պորոշենկոյին նախագահ դարձնելն էր, որը հետագայում պիտի կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավվի ու պարտվի ընտրություններում։ Ամեն մի էդպիսի առաջ քայլով սահմանաբնակների կենսական քայլերն են ավելանում։ Արևմտամետ հակառուսական ֆիլմը չի նկատի իրենց խելքի արած առաջ քայլի հետևանքները, մեղքը միայն Ռուսաստանի վրա բարդելով՝ ֆիլմը հեշտ ու հանգիստ կծախի Նեթֆլիքսին։

Էդպիսի առաջ քայլեր արեցին Սովետական միության ազատատենչները։ Հայկական վավերագրական ֆիլմերի մեջ տեղ են գտել այդ քայլերի արդյունքները։ Մեկը՝ Սոնա և Մարինե Քոչարյանների Ջիլիզից Ջիլիզ ֆիլմում, որտեղ Սովետական միության փլուզումը հայ վրացական սահմանով ընտանիքները բաժան-բաժան արեց, ու իրար տեսնելու երկու ոտք տեղը կտրելու փոխարեն, 30 տարի է կիլոմետրեր են կտրում, որ երկու երկրների միջև սահմանները հատեն։

Մյուսը՝ Վարդան Դանիելյանի Իմպուլս ֆիլմում, որ Դիլիջանի լքված գործարանում արվեստագետները հավաք են անում։ Սովետի փլուզումից հետո աշխատանքները կորցրած բնակիչները աժիոտաժը տեսնելով, մտածելով, թե գուցե գործարանն են վերագործարկելու, հույսները մտքում գնում են այնտեղ ու հուսախաբ էղած՝ արվեստագետների վրա մուննաթ գալիս։

Այդուհանդերձ, Սովետական միությունից անջատվելու արժանապատվությունը անկախության, ինքնորոշման, ազգային ինքնուրույնության գաղափարն էր, ու թեև այդ գաղափարների իրագործումը ձեռնտու էր Արևմուտքին, սակայն այն նոր փորձ էր ու կարող էր ձեռնտու լինել նաև երկրի բնակիչներին, առանց նրանց բարեկեցությունը քայքայելու։ Բայց չեղավ, փոխարենը գոյացան անլուծելի խնդիրներ, որոնք արվեստագետի համար նյութ կդառնան, բայց նյութը խնդիրը չի լուծի։ Իսկ հիմա արևմտյան արժանապատվության՝ իբր թե քաղաքակիրթ ապրելու փորձերի փորձանքները գիտենք, որ արևմտառուսական խժդժությունները խարխլում են մարդկանց բարօրությունը, բայց աշխարհաքաղաքական պատվի դրոշակով խաղացկոտները խաղ են գցում երկրի մեջ՝ խաղալով բնակչության ճակատագրի հետ։

Իրենց հորինած սահմանային խաղն էին խաղում նաև Ջիլիզից Ջիլիզ ֆիլմի երեխաները։ Հողի վրա սահման են գծել ու վազվզում են շուրջը։ Խաղում-խաղում են, հոգնում ու ասում՝ էս ինչ անկապ խաղ ա, էս սահմանից հոգնա։

Կրակը ձյունի վրա ֆիլմը հիշեցնում է, որ այդ խաղն էլ ավելի անկապ է, երբ այն խաղում էին Ասոցացման պայմանագիրը ստորագրել-չստորագրելու կանոններով, որ «փաստաթուղթը մերն է» անկապ ճիչը միլիոնավոր կյանքեր դժբախտացնելու հետևանքն է։

Արդյոք Հայաստանը կկարողանա՞ էդպիսի պառակտման անկապությունից խուսափել, որ կրթված, զարգացած քաղաքաբնակներն իրենց բարեկեցիկ կյանքի ինքնասիրության հաշվին ուրիշների առաջ սահմաններ չդնեն ու չորոշեն, թե մարդիկ գերտերություններից, որին սիրելով պիտի ապրեն՝ թողնելով, որ նրանք էլ էս մի կյանքն արժանապատիվ ապրեն։

Եվ արդյոք կընկալեն, որ հանուն Արևմուտքի ընդդեմ Ռուսաստանի պայքարը ոչ թե ազատության, այլ անկապության պայքար է։ Որ այդ անկապ դիրքորոշումից, շահում են միայն նրանք, որոնք այդ դիրքորոշումը դրել են նվերի տուփի մեջ։ Տուփը բացում ես ազատության փոխարեն ռումբը հետ հաշվարկ է անում ու պայթեցնում նրանց, ովքեր չէին խնդրել այդ նվերը՝ չէին ընտրել ապրել այդ անկապությամբ իրենց ազատությունները պայթեցրած աշխարհում։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031