Լրահոս
Օրվա լրահոսը

«Հօդս կցնդի Քոչարյանի պաշտպանների պնդումը, թե այս քրեական գործը «ջուր» է». Արմեն Խաչատրյան

Հուլիս 06,2020 16:08

«Երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքը կմտնի ապացույցների հրապարակման փուլ, հօդս կցնդի նրա պաշտպանների պնդումը, թե այս քրեական գործը «ջուր» է: Երբ կտեսնենք հստակ ապացույցներ եւ բոլորը կհասկանան կատարված արարքի ողջ ծանրությունը, այդ ժամանակ հանցագործության շերտերը քիչ-քիչ կբացահայտվեն: Հույս ունեմ, որ կատարողները կկանգնեն արդարադատության առաջ»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Մարտի 1»-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության ընթացքին՝ ասաց «Հայ ազգային կոնգրեսի» իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ, «Մարտի 1-ի ոճրագործությունները» գրքի հեղինակ Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ առնվազն «Չերյոմուխայի» կիրառման առումով քննությունն իրենք գիտեն, թե որտեղ է մտել փակուղի. «ՀՔԾ-ն այդ առումով անելիք ունի, իսկ փոխված պարկուճները, կեղծված ապացույցները…այդ ամենը մարդիկ են կատարել, որոնք տիրապետում են այդ տեղեկությանը: Վստահ եմ՝ նրանք, ովքեր մասնակցել են ապացույցների կեղծմանը, հանցագործության կատարմանը…օրինակ՝ Վահագն Հարությունյանի մասին է խոսքը կամ այդ գործով անցնող այլ անձանց, որոնց անունները չեն բացահայտվում՝ նախաքննության շահից ելնելով: Կարծում եմ՝ Վահագն Հարությունյանը («Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը, որը մեղադրվում է ապացույցների կեղծման համար.-խմբ.) մի օր ցուցմունք է տալու եւ բացահայտելու նաեւ սպանությունների դրվագը»:

Խաչատրյանը հավելեց, որ ապացույցների կեղծման շուրջ իրավական անորոշության խնդիր իրականում չկա:

Բանախոսը հիշեցրեց, որ ՀՀ նոր իշխանության խոստումներից մեկը «Մարտի 1»-ի գործի բացահայտումն է. «Նախաքննությունը բավականին առաջ է գնացել: Չորս տարի առաջ մենք չէինք պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանին կամ այդ շրջանակներին կտեսնենք ամբաստանյալի կարգավիճակում: Հիմա դատաքննությունը ձգձգվում է հայտնի եւ անհայտ պատճառներով: Հուսամ՝ շուտով ավելի ինտենսիվ դատավարական փուլ կտեսնենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031