Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, ըստ որի փոփոխություններ կկատարվեն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում։
«Հանրակրթության չափորոշիչները՝ որտեղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով «Մեդիա կենտրոնի» կազմակերպած տեսաքննարկման ժամանակ հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամ Արտաշես Թորոսյանը նշեց, որ չափորոշչի սկզբունքում դրվել են կարողունակությունները, չափորոշչի մեջ նկարագրված են վերջնարդյունքները, բնագավառները, որոնց միջոցով պետք է ներկայացվեն վերջնարդյունքները: Նրա խոսքով, էական փոփոխություն է կատարվել ուսումնական պլանի առումով, եւ դպրոցները մեծ ինքնուրույնություն են ստացել: Ինչ վերաբերում է գնահատման համակարգին՝ տարրական դպրոցում եւ հինգերորդ դասարանի առաջին կիսամյակում թվանշանային գնահատում չի լինելու, բայց դա չի նշանակում, որ գնահատում չկա ընդհանրապես:
Արտաշես Թորոսյանը նշեց, որ առարկաների ձեւավորման առումով մինչեւ յոթերորդ դասարան կլինեն ինտեգրված առարկաներ, լուրջ փոփոխություններ կան նաեւ ավագ դպրոցում:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ներդնել կարողությունների վրա հիմնված համակարգ, ինքն էլ կողմ է այդ մոտեցմանը, մյուս կողմից էլ ընդգծում է. «Լավ կլիներ, որ մինչեւ այս փաստաթուղթը՝ առաջին քայլով ունենայինք մեր կրթության ռազմավարությունը, քանի որ չկա ռազմավարություն, տեսլական, հարց է առաջանում, թե այս փաստաթուղթը ո՞ր ռազմավարության շրջանակում ենք դիտարկում»:
Կարդացեք նաև
Կրթության փորձագետը նշեց, թե չի կարծում, որ կարողունակություն բառը կոմպետենցիայի լավագույն համարժեքն է, մինչդեռ նոր բառերն են նոր իրականություն ստեղծելու: Նա մտահոգություն ունի, որ ուսուցիչները կարող են նոր մոտեցումը չընկալել ու կարծում է, որ փաստաթուղթը պետք է ընդլայնվի եւ մանրամասն բացատրվի, թե ինչ է սա, որ պետք է դառնա ուսուցչի համար փաստաթուղթ:
«Դպրոցներին տրվում է մեծ բովանդակային ազատություն՝ նախկինի համեմատ, դպրոցը կարող է ընտրել, թե որ առարկան ինչ ժամաքանակով ընտրի եւ դասավանդի»,-ընդգծում է կրթության փորձագետը եւ հավելում, որ առանց կրթության ոլորտում ներդրումների, առանց ուսուցիչների զարգացման, մասնագիտական ցանցեր ստեղծելու, բարեփոխումը չի կարող հաջողության ունենալ, այն կրկին կմնա բեռ ուսուցիչների եւ դպրոցների ուսերին: Նա նաեւ կարծում է, որ եթե ընտրել ենք ժողովրդական մոտեցումներ, պետք է լուրջ աշխատանք տանել, ստեղծել համապատասխան մշակութային հենք, որպեսզի տնօրենները միանձնյա որոշումներ չկայացնեն:
Սերոբ Խաչատրյանը ափսոսանք է հայտնում, որ կրթությունը մեր երկրում շարունակում է մնալ արժեզրկված, երեխաները տեսնում են, որ չսովորելը երբեմն ավելի օգտակար է. «Մեր երկրում պետք է կրթված մարդը խրախուսվի, առաջին դեմքերը պետք է ոչ միայն խոսեն, այլեւ գործեն: Այն ռեֆորմները, որ իրականացնում ենք՝ թանկ ռեֆորմներ են, ինքնավարությունը, ժողովրդավարությունը պահանջում են ֆինանսական աջակցություն….Նաեւ կարեւոր է, թե ինչպես է իրականացվելու այդ ամենը, կա՞ մարդկանց կրիտիկական զանգված, որ հավատում է ռեֆորմին եւ տանելու է մինչեւ վերջ, ռեֆորմը պետք է հասնի դասարան, եթե չհասավ դասարան, այս ամենը արդյունք չի տա»:
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը նշեց՝ բազմաթիվ դրական կողմեր կան, սակայն չափորոշիչն իրեն հետաքրքրիր է ՀՀ բոլոր դպրոցների մանկավարժական քննարկման համատեքստում: Նա նաեւ փաստեց, որ կարիքի գնահատում չի եղել , եւ պարզ չէ, թե չափորոշիչն ում է ուղղված, անհասկանալի է չափորոշչի ստեղծման փիլիսոփայությունը:
Նրա կարծիքով, հաշվի չի առնված սովորողի, մանկավարժի կարիքը, ունակությունը, կաբինետային մտածողությունն էլ կոտրված չէ. «Այլ է Գեղարքունիքում սովորողի պահանջմունքը, այլ է Լոռիում, Սյունիքում եւ Արմավիրում ապրողինը: Սա արտացոլված չէ չափորոշիչում, մի արշինով ենք չափում բոլոր սովորողներին»:
Քաղաքացիական կրթական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ փաստաթուղթը մշակվում է, սակայն հասարակությունը բավարար տեղեկացված չի եղել փաստաթղթի մշակման ընթացքի մասին: Նրա խոսքերով, պետք էր հաշվի առնել, թե որտեղ է գտնվում Հայաստանը եւ այն պահանջարկը, որ կա ուսուցիչների շրջանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ