Լրահոս
Օրվա լրահոսը

Նեոբոլշեւի՞զմ

Հուլիս 06,2020 15:33

Քիչ առաջ դիտեցի Հ1-ով հունիսի 30-ին Պետրոս Ղազարյանի հարցազրույցը, ոմն Գրիգոր Մինասյան իրավաբանի հետ։ Այն, որ հյուրը, չնայած դիմակին, «դեմքի խելոք արտահայտությամբ» փորձում էր «հիմնավորել» իշխանությունների կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելու «զուտ իրավական գործընթացը» և անգիր արած կրկնում իմքայլական, նույնպես «առաքելությամբ» իրավաբան, նախկին լրագրողների խոսքերը՝ սպասելի էր։ Իհարկե, նրա խոսքը համեմված էր այսօր Հայաստանի քաղաքական մշակույթի մաս կազմող և հակառակորդներին պիտակավորող այնպիսի արտահայտություններով, ինչպես «վայնասուն բարձրացնելը»։ Սա էլ է հասկանալի, այո, պարոն Գրիգոր Մինասյան, հավանական է վերևներում նկատեն։

Այս ամենում, եթե կարելի է այդպես ասել, ամենահետաքրքիրն այն է, որ պարզվում է՝ սույն պարոնը, Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է։ Այո, կասեն ընդդիմախոսները, ինչ զարմանալի բան կա, երկու եղբայր են, բայց քաղաքական, իրավական հարցերում ունեն լուրջ տարաձայնություններ։ Միանգամայն ընդունում եմ և հասկանում, քանի որ ինքս հաճախ իմ հարազատների հետ ունեցել եմ առավել քան լուրջ տարաձայնություններ՝ վիճել ենք, նույնիսկ երբեմն միմյանցից վիրավորվել, որոշակի ժամանակ սառել են մեր հարաբերությունները։

Բայց այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, այն է՝ օգտագործել հարազատների միջև ինչ-ինչ պատճառներով առաջացած թշնամությունը, հրապարակային հարազատներին լարել միմյանց դեմ, եղբորը՝ եղբոր, և այս ամենը խրախուսել պետական մակարդակով, վկան՝ վերոնշյալ հաղորդումը (միայն թե չասեք, որ խոսքը զուտ իրավական հարթության մեջ էր), խոսքեր չեմ գտնում։ Հարցը չշփոթեք հայտնի «Սարոյան եղբայրներ» կինոնկարի հերոսների հետ։ Կինոնկարի հերոսները գաղափարական տարաձայնություններ ունեին, որը բնական է, բայց ոչ երբեք՝ իրար ուրացողներ և հրճվողներ միմյանց դժբախտությունների վրա։ Հասել ենք հեռավոր 1930-ական պավլիկմորոզովյան տարիներին, երբ «գաղափարական» որդին մատնում էր հարազատ հորն ու այն խրախուսվում էր և հեղափոխական հանրությանը օրինակ ծառայում։

Պարոն Գրիգոր Մինասյան, անձամբ չեմ ճանաչում ոչ ձեզ, ոչ ձեր եղբայր Միքայել Մինասյանին։ Բայց ցանկանում եմ ձեզ ուղղել հետևյալ հարցերը։

-Երևում է, որ դուք, մեղմ ասած, տարաձայնություններ ունեք ձեր հոր՝ Արա Մինասյանի (ում անձամբ ճանաչում եմ) և ձեր հարազատ եղբոր՝ Միքայել Մինասյանի հետ։ Սակայն, ի՞նչ կարծիքի եք, բարոյակա՞ն է, արդյոք այդ ձեր մեջ կուտակված մաղձը ներկայացնել, որպես «անաչառ» իրավաբանի կարծիք, իսկ իրականում, հետապնդումների մեջ գտնվող հարազատներին էլ (իհարկե թաքնված ՍԴ «ճգնաժամի» ետևում) ձեր կողմից նույնպես հարվածել և օգտագործվել Հայաստանի անբարոյական քաղաքական պայքարում։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031