«Ես սա բարեփոխում չեմ համարում: 213-րդ հոդվածի փոփոխությունը համարում եմ ժողովրդի վրա փաթաթված «ֆեյք» սահմանադրության անփութություններից մեկի հաղթահարումը»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հունիսի 22-ին ԱԺ-ի ընդունած արդեն ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխություններին, որոնցով ավարտվել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավորներից երեքի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները՝ ասաց «Հայ ազգային կոնգրեսի» իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ, «Մարտի 1-ի ոճրագործությունները» գրքի հեղինակ Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ուժի մեջ մտած փոփոխություններով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
Արմեն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը Հրայր Թովմասյանը եւ այդ երեք դատավորները չեն. «Իշխանության ընտրած այս ճանապարհով ունենք լեգիտիմ ՍԴ, որովհետեւ ՍԴ յոթ անդամներին տրվեց լիազորություն՝ հանդես գալու որպես դատավորներ, իսկ մյուս երեքի լիազորությունները դադարեցվում են՝ իրենց իսկ գրած եւ ընդունած սահմանադրության համաձայն: Խոսքը 12 տարի պաշտոնավարելու արգելքի մասն է: Այնպես որ, այս գործընթացում որեւէ անձի դեմ ուղղված գործողություն չի եղել, այլ մաքրագրվել եւ սրբագրվել են 2015-18թթ. թույլ տրված սահմանադրական ընթացակարգերի խախտումները»:
Արմեն Խաչատրյանը հավելեց. «213-րդ հոդվածը գրողները ժամանակին անփութությամբ կամ գուցե դիտավորությամբ նոր ՍԴ-ին չեն փոխանցել այնպիսի լիազորություններ, որոնցով այն պետք է օժտված լիներ: Ստացվում էր, որ ՍԴ-ում ունենք ճգնաժամ, մասնավորապես՝ ՍԴ յոթ անդամները չէին կարող որոշակի լիազորություններ իրացնել: Ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ էր կատարել փոփոխություններ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ