Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղտոտ սուտ է, երեւի թե քաղաքական հարցեր են լուծում». Ինչու են ԱԱԾ-ի՝ լրագրողին հավաքագրելու սկանդալային պատմության մեջ ներքաշում Արթուր Ղազինյանին

Հուլիս 06,2020 13:50

Լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ-ի համար հավաքագրելու ԿԳՄՍ նախարարի խորհրդականի սկանդալային պատմության մեջ շոշափվում է նաեւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի անունը՝ իբրեւ հավաքագրման գործընթացին մասնակցած ԱԱԾ-ական:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ անգամ ձայնագրություն հրապարակվեց, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը փորձում հավաքագրել, լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին: Հետո հավաքագրող ԱԱԾ-ականը նշանակվեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ: 

Հավաքագրման այդ գործընթացից հայտնի էր դարձել նաեւ Նարեկ Արաքսման-Մանուկյանը, որը ներկայումս նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնում։ Արաքսման-Մանուկյանն ըստ էության «միջնորդ» էր եղել լրագրողի եւ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հանդիպման համար, որի ժամանակ էլ սկզբում առաջարկել, հետո արդեն պարտադրել ու սպառնացել էին, որ եթե ԱԱԾ-ի շարքերը չհամալրի, խնդիրներ կունենա:

Թե ինչ կապ ունի այս պատմության հետ Արթուր Ղազինյանը, Հրայր Մանուկյանն այսպես է բացատրել. ԿԳ նախարարի խորհրդականը, լավ իմանալով, որ ինքը դեմ է ՀՀ-ի՝ ԵՏՄ մուտքին, ծանոթացրել է մեկ այլ անձի հետ, որը եւս դեմ է հանդես եկել ԵՏՄ-ին անդամակցությանը։ Այդ անձը եղել է Արթուր Ղազինյանը, որ ներկայումս «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն է ու ԵՊՀ-ում եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը. «Ղազինյանը արհեստական հակառուսական թեմաներից էր խոսում։ Հիմա արդեն հասկանում եմ, որ ինձ հավաքագրելու շրջանակում ինձ ծանոթացնում էին իբր իմ հայացքները կիսող մարդկանց հետ, որոնք հավանաբար իրականում իրենց աշխատողներն էին»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանն ասաց. «Դա կատարյալ հիմարություն է: Ձեր նշած մարդուն՝ Հրայր Մանուկյանին երեւի մոտ 10 տարի առաջ եմ հանդիպել, չեմ էլ հիշում նույնիսկ որ առիթով: Նարեկ Արաքսման-Մանուկյանը եղել է ԵՊՀ-ի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, որի հետ զուտ աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել: Որեւէ մեկի հավաքագրման կամ այլ գործընթացի չեմ մասնակցել: Նույնիսկ ինքս զարմացա, երբ այն ժամանակ այդ աղմուկը դուրս եկավ: Այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Հրայրը Մանուկյանը «Ժառանգությունում» էր»:

Իր անունն այս պատմության մեջ շոշափելը պարոն Ղազինյանը բացարձակ անմտություն է որակում. «Հերթական իրենց քայլն է, ուզում են դրանով անունս կեղտոտել ինչ-որ տեղ: Դա իրականության հետ որեւէ աղերս չունի»:

Ճշտեցինք՝ այսինքն, ԱԱԾ-ի հետ կապ չունեք ու հավաքագրման գործընթացին վստահաբար չե՞ք մասնակցել՝ Ղազինյանը պատասխանեց. «Բացարձակ չէ: Որեւէ անգամ երբեւիցե որեւէ հավաքագրման, նման բաների մեջ չեմ եղել: Ասում եմ՝ Արաքսման-Մանուկյան Նարեկի հետ մեր շփումը եղել է բացառապես աշխատանքային, ինքը համալսարանում է աշխատել, ես էլ եղել եմ Եվրոպական կենտրոնի ղեկավար: Կեղտոտ սուտ է դա՝ իրենց ոճին, իրենց բնույթին հարմար: Իրենք այդպիսին են՝ փորձում են ամեն գնով մարդու անունը շահարկել, ներառել ինչ-որ սկանդալային պատմությունների մեջ ու դրանով երեւի թե քաղաքական հարցեր են լուծում: Դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում»:

Հարցին՝ այստեղ հատուկ միտո՞ւմ եք անգամ տեսնում՝ նա պատասխանեց. «Իհարկե, միտում եմ տեսնում: Աշխարհաքաղաքական շահարկումներ են անում, դա իրենց փոքրոգի, իրենց դիլետանտ բնույթից է, ոչինչ չկա հիմքում»:

Հետո Արթուր Ղազինյանը մտաբերեց, թե երբ ու ինչ հանգամանքներում է տարիներ առաջ հանդիպել Հրայր Մանուկյանին. «Իր հետ մի անգամ եմ իմ կյանքում հանդիպել: Ինքը եկել էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն՝ ինչ-որ հարցով խորհրդակցություն անելու, ինձ հետ խորհրդակցելու: Իր հետ այլեւս որեւէ շփում, որեւէ միջոցառման շրջանակներում հանդիպում, որեւէ բան չեմ ունեցել: Չգիտեմ էլ՝ այն ժամանակ ինչ հարցով էր եկել, կարծեմ ուսման հետ կապված ինչ-որ հարց ուներ, դա է եղել մեր շփումը: Մնացած բոլոր որակումները ես համարում եմ սուբյեկտիվ, քաղաքական մանիպուլյացիա՝ իշխանության թեթեւ ձեռքով կազմակերպված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031