Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կերպ ԲՀԿ առաջնորդը փորձում է իր համար ՌԴ կողմից քաղաքական գործուն աջակցության համար լրացուցիչ նախադրյալներ ստեղծել»

Հուլիս 06,2020 13:30

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ՀՀ նախագահի՝ ՍԴ օրենքի հետ կապված որոշումը ոչ թե քմահաճ կամակորության, այլ կշռադատված ու հիմնավոր համոզմունքի դրսեւորում է եղել: Նրա կարծիքով՝ ի վերջո, ՀՀ նախագահը ԱԺ կողմից ներկայացնող ակտերը դակող ավտոմատ չպետք է լինի:

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում մտահոգություն էին հայտնում, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը: Թեեւ նշված չէ, թե որ կողմին նկատի ունեն, բայց բոլորին էլ պարզ է, որ նման հռետորաբանություն հնչում է Բաքվից: Նաեւ ինչպե՞ս կգնահատեք Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները:

– Ողջունելի է, որ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ շեշտադրվում է խաղաղության ապահվման ու պահպանման անհրաժեշտությունը, թեեւ չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը հետայսու ավելի զուսպ կլինի իր հայտարարություններում: Մյուս կողմից, հասկանալի է, որ պաշտոնական Բաքուն խոսքով ձգտում է կոմպենսացնել գործնականում իր համար ցանկալի արդյունքը ստանալու սեփական անկարողությունը:

– Դուք նորմալ համարո՞ւմ եք այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես ներքաղաքական բանավեճի առարկա օգտագործում են Իլհամ Ալիեւի խոսքերը Հայաստանի մասին:

– Ինչ խոսք, տարօրինակ է, երբ ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը՝ ՀՀԿ ղեկավար պարոն Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարում է, որ Իլհամ Ալիեւն իրեն լկտի է պահում, քանի որ ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը քաղաքական թուլամորթություն է հանդես բերում, իսկ վերջինս էլ երկրում հինգերորդ շարասյուն է հայտնաբերում հանձինս ՀՀԿ-ի: Հանուն արդարության ասեմ, որ այս քաղաքական փոխհրաձգության նախաձեռնողը պարոն Սարգսյանն էր: Ինչ արած, հավանաբար այս կարգի փոխադարձ մեղադրանքները հայաստանյան քաղաքական վերնախավի ներկայիս ընդհանուր մակարդակի ցուցիչը կարելի է համարել:

– Գագիկ Ծառուկյանի՝ հակառուսական տրամադրությունները կանխելու մասին հայտարարությունները, հատկապես Ռուսաստանում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Հավանաբար այդ հայտարարությունը պետք է դիտարկվի առաջին հերթին հայաստանյան ներքաղաքական իրողությունների՝ Ծառուկյան-իշխանություն սրված հարաբերությունների համատեքստում: Չեմ բացառում, որ այս կերպ ԲՀԿ առաջնորդը փորձում է իր համար ՌԴ կողմից քաղաքական գործուն աջակցության համար լրացուցիչ նախադրյալներ ստեղծել եւ ներկայանալ որպես հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների խորացման առաջամարտիկ-դրոշակակիրը: ՌԴ-ում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումը եւ Հ1-ի կողմից այդ առիթով հեռարձակված նյութը՝ Նավալնիի մեկնաբանություններով, պարոն Ծառուկյանի այս հայտարարության համար ծառայել են որպես ինֆորմացիոն հարմար առիթ:

– ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը՝ հարակից օրենքով չստորագրելու փաստը ոչ միանշանակ ընկալվեց: Սա ի՞նչ քայլ էր նախագահի կողմից, արդյոք նա այսպիսով կկարողանա՞ ազդեցություն ունենալ սահմանադրական դատարանի խնդրի հանգուցալուծման վրա:

– Չեմ կարող ասել, թե նախագահ Սարգսյանի այս որոշումը որքանով կազդի ՍԴ շուրջ ձեւավորված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վրա: Ամեն դեպքում, թեեւ նրա լիազորությունները խիստ սահմանափակ են, նա գործել է դրանց շրջանակներում եւ սեփական վերաբերմունքն է արտահայտել ԱԺ կողմից իրեն ստորագրության ներկայացված ակտերի նկատմամբ: Դրա իրավունքը նա ունի եւ օգտվել է այդ իրավունքից: Ընդ որում, քանի որ իր աշխատակազմում փորձված իրավաբաններ են աշխատում, ես կարծում եմ, որ նախագահի այդ որոշումը ոչ թե քմահաճ կամակորության, այլ կշռադատված ու հիմնավոր համոզմունքի դրսեւորում է եղել: Ի վերջո, ՀՀ նախագահը ԱԺ կողմից ներկայացնող ակտերը դակող ավտոմատ չպետք է լինի:

– Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը Ալեքսեյ Նավալնիի հետ կապված՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը հիշակատելով տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Ձեր տպավորությամբ սա ո՞ւր տանող եւ ի՞նչ ակնկարկող պատմություն է:

– Սոլովյովի արձագանքն իրավիճակային է եւ, իհարկե, որեւէ քաղաքական հետեւանք ինքնին ունակ չէ առաջացնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031