Լրահոս
Օրվա լրահոսը

«Covid արձակուրդից» դուրս է գալիս, արտերկիր մեկնում առաջին հայ արվեստագետը

Հուլիս 06,2020 12:30

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո Հասմիկ Թորոսյանի հետ

– «Առավոտի» դիտարկմամբ՝ հռչակավոր թատրոնների ցանկալի հյուրերի թվում են մեր օպերային հիանալի ձայներ, բարիտոններ Գեւորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, տենորներ Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը եւ Դուք։ Թվարկածս Ձեր կոլեգաները հյուրախաղերի «մասով», իհարկե, հասկանալի պատճառով, գտնվում են «covid արձակուրդում»։  Ըստ մեզ հասած հավաստի տեղեկության, Դուք առաջին հայաստանցի երգչուհին եք, որ օրերս մեկնելու եք Հռոմ…

– Այո, մեկնելու եմ։ Հրավերը ստացել եմ Հռոմի օպերային թատրոնից, շուրջ երկու տարի առաջ, հանդես գալու իտալացի երիտասարդ, բայց արդեն մեծ ճանաչում ունեցող Միքելետո Դամիանովի ռեժիսուրայով Ֆրանց  Լեհարի «Ուրախ այրին» օպերետում՝ Վալենսիանի դերերգով։ Սա Հռոմի թատրոնի նախագիծն է, պետք է կայանար հանրահայտ Caracalla փառատոնի շրջանակներում։ Բայց  համավարակով պայմանավորված, հիշյալ օպերետը հուլիսի 31-ին կներկայացվի ոչ թե բեմադրության, այլ համերգային կատարման ձեւաչափով եւ տեղի կունենա Circo Massimo բացօթյա ամֆիթատրոնում։

– Փաստորեն Դուք առաջին արվեստագետն եք, որ դուրս եք գալիս «covid  արձակուրդից»։ Բայց եղել են, չէ՞, վաղուց կնքված պայմանագրեր, որոնք հետաձգվել են։ Հետաքրքիր է՝ համավարակից առաջ Ձեր վերջին հյուրախաղը ո՞ր երկրում էր։

– Վերջին հյուրախաղերս կայացել են Փարիզում եւ Բրյուսելում, մասնակցել եմ Ռոսինիի «Հանդիսավոր մեսսայի» կատարմանը։ Ընթացքում մասնակցել եմ նաեւ Թուրինի թատրոնում  Պուչինիի «Բոհեմ» օպերայի բեմադրական փորձերին, իսկ ներկայացումը հասկանալի պատճառով չեղարկվեց։ Բայց կայանալու է տարեվերջին՝ դեկտեմբերին։ Հետաքրքիր է, որ Թուրինի թատրոնը բացվել է 1896թ.՝ հենց «Բոհեմ»-ով, իսկ այսօր բեմադրող դիրիժոր, ազգությամբ հրեա Դանիել Օրենը եւ իտալացի ռեժիսորներ Պաոլո Գավաձենին ու Պիերո Մարանգին իրենց առջեւ խնդիր են դրել ներկայացնել օպերայի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով ավելի քան մեկ դար առաջ զուտ դասական ռեժիսուրայով բեմադրվածին։ Պրեմիերան պետք է կայանար ապրիլին, ամիսներ առաջ վաճառված էին տասը ներկայացման բոլոր տոմսերը։ Բուենոս Այրեսի Colon թատրոնում էլ պետք է կայանար դեբյուտս, հանդես էի գալու Լեյլայի դերերգով՝ Բիզեի «Մարգարիտ որոնողները» օպերայում։ Ի դեպ այդ դերերգով մասնակցեցի Թուրինի թատրոնի 2020-21թթ. թատերաշրջանի բացմանը։ Մայիսին չեղարկվեց մեկ այլ հյուրախաղ՝ Պեկինի օպերային թատրոնում հրավիրված էի մասնակցել Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» ներկայացմանը։ Չեղարկվեց նաեւ Իռլանդիայում կայանալիք Wexford փառատոնը, ավելի ճիշտ՝ այն նույնպես հետաձգվել է մինչեւ 2021թ., փառատոնի շրջանակներում Թոմասի «Մի գիշերվա երազ» օպերայում կերտելու էի Ելիզավետի կերպարը եւ այլն։

– Արեւմտյան որոշ թատրոններ որդեգրել են նոր աշխատաձեւեր, իհարկե՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմաններ։ Մեկնում եք Հռոմ, բեմ եք բարձրանալու բացօթյա, տեղեկացվա՞ծ եք, թե ինչպես է ապահովվելու մի քանի հազար հանդիսատեսի անվտանգությունը։ Օրինակ, մենք գիտենք, որ մայիսի 18-ից Գերմանիայի որոշ թատրոններ գործում են, բայց հանդիսատեսի միջեւ պահպանվում է հեռավորություն, կոնկրետ Վիսբադենի պետական օպերային թատրոնի հանդիսասրահը, որը նախատեսված է 1500 հանդիսատեսի համար, ընդունում է ընդամենը 200-ի։ Հանդիսատեսը զբաղեցնում է յուրաքանչյուր չորրորդ աթոռը՝ դատարկ թողնելով 3-ը, իսկ ընտանիքի անդամները կարող են նստել կողք կողքի։

– Ճիշտն ասած՝ այդ մասին չեմ հետաքրքրվել, բայց վստահ եմ, որ կազմակերպիչները մտածել են անվտանգության մասին։

– Հռոմից հետո միայն դեկտեմբերին եք մեկնելու Թուրին, իսկ մինչ այդ…

– Մինչ Թուրին մեկնելը հնարավոր է, որ որոշ հետաձգված հյուրախաղեր նույնպես կայանան, բայց այսօրվա դրությամբ հստակ կարող եմ ասել, որ 2021-ին նախատեսված բոլոր հյուրախաղերս, այդ թվում՝ covid-ի պատճառով հետաձգվածները, տեղի կունենան։ Կարող եմ մեկ-երկուսը նշել. Համբուրգի թատրոնում հրավիրված եմ մասնակցելու Ռոսինիի «Թուրքը Իտալիայում» օպերային ներկայացմանը, ընդ որում՝ հիշյալ ներկայացմանը մասնակցել եմ նաեւ 2018թ.։ Կմեկնեմ Տոկիոյի օպերային թատրոն, որտեղ անցյալ տարի դեբյուտս էր՝ Դոնիցետիի «Դոն Պասկուալե»-ում Նորինայի դերերգով։ Իսկ այս անգամ հանդես եմ գալու Ստրավինսկու «Սոխակը» օպերայում եւ այլն։

– Երեւանի օպերային թատրոնի առցանց համերգներում ձեզ չենք հանդիպում։ Նկատենք, որ մեր թատրոնում՝ ի տարբերություն այլ երկրների թատրոնների, Դուք ընդամենը ներգրավված եք երեք ներկայացումներում՝ հանդես եք գալիս Վիոլետայի դերերգով Վերդիի «Տրավիատայում», Անուշի՝ Տիգրանյանի համանուն օպերայում եւ Գիշերային թագուհի եք Մոցարտի «Կախարդական սրինգում»։

– Միայն կպատասխանեմ հարցի առաջին մասին. առցանց ձեւաչափը չեմ ընդունում, երաժիշտն ու հանդիսատեսը պետք է միմյանց փոխանցեն իրենց հույզերն ու ապրումները…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031