Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք ԵՊՀ կադրային քաղաքականության ստվերման փորձը

Հուլիս 06,2020 12:00

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթում հրապարակված «ԵՊՀ-ում ժամեր չեն տրամադրի լավագույն դասախոսին» հարցազրույցում տեղ գտած պնդումների:

Դասախոսներին ժամեր հատկացվում են համապատասխան ամբիոնների կողմից ուսումնական պլանների համաձայն, որտեղ ներկայացված են առկա դասընթացների ժամաքանակները։ Վերջին տարիներին ուսանողների թվի կտրուկ կրճատման հետեւանքով պակասեցին ամբիոնների ժամաքանակները, որի արդյունքում երկրաբանական բլոկի երեք ամբիոններ վերամիավորվեցին եւ ստեղծվեց Ռեգիոնալ երկրաբանության եւ օգտակար հանածոների հետախուզման ամբիոնը: Ժամաքանակը պակասելու պատճառով շատ անվանի մասնագետ-դասախոսներ ուսումնական պրոցեսի կազմակերպումից դուրս մնացին: Այդ թվում նաեւ ամբիոնի լավագույն երիտասարդ դասախոսներ։ Ներկա պահին ամբիոնի ծանրաբեռնվածությունը թերի է, 7 դասախոսներից 4-ը՝ ունեն 0.75, իսկ 3-ը՝ 1 դրույք ծանրաբեռնվածություն:

2019-2020 ուստարում Հարություն Մովսիսյանին տրամադրվել է 0.75 դրույք ծանրաբեռնվածություն: Հարություն Մովսիսյանը իր սեփական դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ (ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿԻ տնօրեն) մինչեւ ուսումնական տարվա ավարտը անցել է 0.5 դրույքի: 2020-2021 ուսումնական տարվա համար ամբիոնի ժամաքանակը ավելի է կրճատվել, ուստի ամբիոնի առաջնահերթ խնդիրն է եղել ապահովել ամբիոնի հիմնական դասախոսների հաստիքները, այլն էլ ոչ ամբողջական դրույքներով, իսկ համատեղությամբ եւ ժամավճարով ժամեր չի հատկացվել: Հետագայում ժամեր լինելու դեպքում  ամբիոնը կանդրադառնա նշված խնդիրներին:  Այն պնդումը, որ Հ. Մովսիսյանին զրկել են դասավանդելու  իրավունքից, չի համապատասխանում իրականությանը, ինքն է իր դիմումի համաձայն անցել այլ աշխատանքի։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հ. Մովսիսյանի կողմից դասավանդած առարկաները կտապալվեն, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս ամբիոնում կան կայացած, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք այսօր էլ դասավանդում են այդ առարկաները: Հոդվածում նշվում է, որ «Micromine GGIS եւ Geo Bank համակարգի կիրառումը հանքարդյունահանման աշխատանքներում» դասընթացը կազմակերպելու համար ձեռք բերված լիցենզիան անձամբ Հ. Մովսիսյանին է տրամադրվել, դա նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ լիցենզիոն ծրագրերը տրամադրվել են  ֆակուլտետին եւ ամբիոնին, ֆակուլտետի դեկանի եւ նախկին ամբիոնի վարիչ, դոցենտ Ռ. Մովսեսյանի ակտիվ նախաձեռնությամբ։

«Կառուցվածքային երկրաբանություն եւ երկրաբանական քարտեզագրություն» դասընթացը դասավանդվելու են Հ. Մովսիսյանին տարիներ շարունակ դասավանդած լավագույն դասախոսների կողմից, ովքեր ունեն երկարամյա դասախոսական եւ պրակտիկ փորձառություն: Ինչ վերաբերում է ամբիոնի վարիչի եւ դեկանի տրամադրվածությանը Հ. Մովսիսյանի նկատմամբ, ապա կարող ենք ասել, որ տարիներ շարունակ նրանք են ամեն կերպ խթանել Հ. Մովսիսյանի կայացմանը: Իսկ ինչ վերաբերում է ֆակուլտետում եւ ամբիոնում ոչ ճիշտ կադրային քաղաքականությանը, ապա կարող ենք նշել, որ եւ ֆակուլտետը եւ ամբիոնը համալրվել են երիտասարդ, գործունյա գիտական աշխատանքով. զբաղված մասնագետներով, որոնք սիրով կատարում են իրենց աշխատանքը նույնիսկ 0,75 եւ 0,5 դրույքով։ Ցավով ենք նշում,  անթույլատրելի համարում եւ դատապարտում կեղծիքի եւ ստի օգնությամբ փորձ անելու՝ ստվերելու ԵՊՀ-ում իրականացվող կադրային քաղաքականությունը:

Պատասխանի տակ առկա է 15 ստորագրություն, այդ թվում աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների եւ դասախոսների:

«Առավոտ» օրաթերթ
04.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031