Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրակրթական նոր չափորոշիչների առանցքային նպատակը կրթության մեջ ազգային բաղադրիչի նվազեցումն է. Ավետիք Չալաբյան

Հուլիս 06,2020 10:35

Հանգստյան օրերին գործընկերներիս հետ միասին փորձում էինք վերլուծել ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստած հանրակրթական նոր չափորոշիչները, որոնք մոտ ապագայում ներկայացվելու են կառավարության հաստատմանը։ Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որով բազմատեսակ ու բազմաբնույթ փոփոխություններ են ենթադրվում հանրակրթական գործընթացների մեջ, և լուրջ մասնագիտական խորություն է պահանջում բոլոր նրբերանգները հասկանալու համար։ Չխորանալով զուտ մանկավարժական և մեթոդոլոգիական հարցերի մեջ, նշեմ մի քանի ասպեկտ, որոնք միանգամից աչքի են զարնում, և թերևս բացահայտում այս չափորոշիչների ներդրման հիմնական առաքելությունը՝

ա) հանրությանը արդեն հայտնի է, որ այս կրթական ծրագրով, նախատեսվում է վերացնել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան, և այն ինտեգրել այլ հասարակագիտական առարկաներին, և այն արդեն իսկ լուրջ բողոք է առաջացրել։ Հայաստանը ոչ միայն առաջին քրիստոնեական երկիրն է, այլև մեր եկեղեցին ազգի միակ հարատև հաստատությունն է, որը գործել է և իր վրա զգալի չափով վերցրել է պետության գործառությունները այն շրջաններում, երբ ազգային պետություն չի եղել, հիմա էլ այն շարունակում է ավելի բարձր հեղինակություն վայելել, քան պետության ինստիտուտների մեծ մասը։ Եկեղեցու պատմությունը տարրալուծելով, նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարևորությունը, և փոխարինել այն այլ, «ժամանակակից» հեղինակություններով։

բ) կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը դպրոցում, փոխարենը ավելացնել օտար լեզուների դասաժամերը։ Շատերն են հիշում, թե ինչպես նույն ԿԳՄՍ նախարարությունը չեղարկեց հայերենի պարտադիր ուսուցումը ԲՈՒՀ-երում, հայտարարելով, որ այն պետք է սովորել հանրակրթական դպրոցներում և արդեն պատրաստված գալ ԲՈՒՀ։ Սա առնվազն կպահանջեր հակառակ գործողություն՝ ավելացնել հայոց լեզվի և գրականության ժամաքանակը, ինչպես նաև ուսուցման որակը, սակայն նախարարությունը հերթական անգամ կատարում է գործողություն, որի նպատակն է նվազեցնել հայերենի և հայկականի կարևորությունը հանրակրթական գործընթացում։

գ) Նախկին ծրագրում նախնական զինվորական պատրաստությունը առանձին առարկա էր։ Այն ևս տարրալուծվել է այս չափորոշիչում, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ։ Երկրում, որը գտնվում է պատերազմի անընդհատ վտանգի տակ, որտեղ երեխաներին պետք է հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստել բանակային ծառայությանը, այս քայլը ավելի քան խոսուն է՝ սրանով նախարարությունը երեխաներին (ու նաև ողջ հասարակությանը), փոխարենը պատրաստում է «խաղաղությանը», իսկ իրականում՝ հանձնվելուն, այլ կերպ դժվար է հասկանալ ՆԶՊ-ը վերացնելու իմաստը։

դ) Ծրագրի կրթական չափորոշիչներում տեղ են գտել մի շարք սահմանումներ, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում։ Օրինակ, տարրական դպրոցի աշակերտը պետք է «իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով»։ Ի՞նչ է նշանակում 7-8 տարեկան երեխայի համար այս արտահայտությունը, շատ դժվար է հասկանալ, բայց թերևս դուռ է բացելու փոքրահասակ երեխաներին անհարկի «սեռական դաստիարակության» համար։ Կամ էլ «ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք», երբ ոչ մի խոսք չի ասված սեփականի մասին, և պարզ չի, թե այդ տարիքի երեխան, չճանաչելով սեփականը, ինչպես է ճանաչելու այլ ազգերի ավանդույթները և արժեքները։

Այս փաստաթուղթը ունի բազմաթիվ այլ վիճահարույց հարցեր, որոնք գտնվում են մասնագիտական ոլորտում՝ օրինակ, տարրական դպրոցում միավորային գնահատման վերացումը, դասարանների կազմի հետ կապված հստակ մոտեցումների բացակայությունը, հեռավոր և սակավաբնակ համայնքներում կրթության կազմակերպման խնդիրներին հստակ անդրադարձի բացակայությունը, և այլն։ Բայց եթե նույնիսկ վերացարկվենք դրանցից, ապա ակնհայտ է դառնում, որը փաստաթղթի առանցքային նպատակը կրթության մեջ ազգային բաղադրիչի նվազեցումն է, փոխարենը տարբեր «ուլտրա-ազատական» նորամուծությունների ներմուծումն է կրթական գործընթացում, որի արդյունքում մեր դպրոցը պետք է կրթի ոչ թե հայ մարդու, այլ աշխարհի քաղաքացու։

ԿԳՄՍ նախարարության գործող ղեկավարությունը սա չի էլ թաքցնում, իր գալու օրվանից նա առաջ է տանում այս թեզը, որ մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը ազգային բաղադրիչի գերակայությունն է, և այն պետք է փոխարինել այլ, «գլոբալ» բաղադրիչներով, որպեսզի կրթությունը ավելի մրցունակ դառնա։ Սա, սակայն ոչ միայն վտանգավոր դիվերսիա է մեր արժեհամակարգի և կեցության ձևի նկատմամբ, այլև իրական կյանքում, հայկական արժեհամակարգի դեմ իրականացվող այլ գործողությունների հետ համատեղ, ի վերջո կարող է բերել ազգային նկարագրի կորստի, և մեր երկրի հայաթափման։ Եթե որևէ մեկը կարծում է, թե սա չափազանցություն է, կարող է ուսումնասիրել Լիտվայի, Լատվիայի կամ Բուլղարիայի փորձը՝ այս երկրները ունենալով Հայաստանից 2-3 անգամ ավելի բարձր կենսամակարդակ, վերջին 10 տարիներին սրընթաց կորցնում են բնակչությունը, քանի որ այն, սկսելով կորցնել ազգային նկարագիրը, այլևս իմաստ չի տեսնում ապրել սեփական փոքր պետության մեջ, և մասսայաբար արտագաղթում է Եվրոպայի մեծ երկրներ։ Նունը ճակատագիրը մեզ է նախապատրաստած ԿԳՄՍ նախարարության այսօրվա ղեկավարության ոգեշնչողների կողմից, եթե մենք այսօր չկարողանանք կանգնեցնել այս սողացող դիվերսիան, և չպարտադրենք վերանայել այս չափորոշիչները։

Հ․Գ․ Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ նոր չափորոշիչներին, հղումը տրամադրում եմ ստորև։ Ցանկացողները, կարող են նաև իրենց վերաբերմունքը արտահայտել և քվեարկել նույն հղումով։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031