Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը կարող է կարգադրել, որ ՍԴ դատավորը վերականգնվի իր նախկին պաշտոնում. «3 կուսակցությունների՝ սահմանադրական կարգի տապալման դիմումը հիմնավոր է»

Հուլիս 05,2020 16:04

Իրավագիտության թեկնածու, մարդու իրավունքների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանն այսօր Գոշավանքում Սահմանադրության օրվան նվիրված խորհրդաժողովի ժամանակ ասաց. «ՄԻԵԴ-ը աչալուրջ  վերաբերմունք ունի ՍԴ դատավորների հետ կապված բողոքներին, սույն գործերը քննվում են բավականին արագ՝ 2-3 տարի ժամկետում՝ մուտքագրման պահից: Դա բավական հուսադրող է եւ կարեւոր է երկրում դատական իշխանության կայունության եւ պաշտպանության տեսանկյունից: Առավել եւս դատարանը կարող է կարգադրել, որ դատավորը վերականգնվի պաշտոնում, իսկ եթե այդ պաշտոնն արդեն զբաղեցրած է այլ դատավորի կողմից, ապա պետությունը պետք է գտնի ելքը, թե ինչպես վերականգնել դատավորին պաշտոնում: Պետք է հաշվի առնենք, որ ՄԻԵԴ-ը այստեղ կառուցողական, բավական ճիշտ վերաբերմունք է դրսեւորում պետության նկատմամբ»:

Հարցին՝ 3 կուսակցություններ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն՝ ՍԴ երեք դատավորների լիազորությունների դադարեցման հետ կապված, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, հիմնավորվածություն ունի՞ այդ մեղադրանքը՝ իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը պատասխանեց. «Ըստ էության, մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք համապատասխանում են Քրեական օրենսգրքի այդ երկու հոդվածներով սահմանված հանցակազմի հատկանիշներին»:

Նա նշեց, որ այն գործողությունները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի դեմ, առերեւույթ պարունակում են սահմանադրական կարգի տապալման հոդվածի հատկանիշներ. «Մենք տեսանք, թե ինչ ընթացակարգով առհասարակ ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները, երբ առաջին ընթերցումից հետո Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ այդ նախագիծը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, որից հետո նոր այն կարող է դրվել երկրորդ ընթերցման: Այս սահմանադրական նորմը, որը պարտադիր էր օրենսդիրի՝ ԱԺ-ի համար, ըստ էության, չիրացվեց: Սահմանադրական կարգի տապալման մյուս օրինակն այն է, որ մենք Սահմանադրությամբ ունենք խստացնող նորմի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, որն այս նախագծով նույնպես կոպտորեն ոտնահարվեց: Ոտնահարվեց նաեւ դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որոնք թույլ են տալիս եզրակացնելու, որ մեր երկիրն այդ գործողությունների արդյունքում ոչ միայն վտանգում է մեր երկրի իրավական անվտանգությունը, այլեւ վտանգում է սահմանադրական կարգը»:

Ինչ վերաբերում է իշխանության յուրացմանը՝ նա ասաց. «Եթե նայենք սահմանադրական փոփոխություներին, որոնք ընդունվեցին արդեն, կարգավորումներն այպիսին են, որի արդյունքում ՍԴ-ում կապահովի դատավորների այն թվաքանակի ապահովումը, որը թույլ կտա իշխանության կողմից ցանկալի որոշումներ կայացնել»:

Ամփոփելով՝ Հայրապետյանն ասաց, որ քաղաքական երեք ուժերի դիմումն ունի բավարար չափով հիմնավորվածություն, որպեսզի քննվի եւ հետագայում վերաճի քրեական գործի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031