Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ներկայիս որոշ պաշտոնյաներ ինքնաշխատ կարող են կիսանախագահական համակարգին վերադառնալ, նույնիսկ ստանձնել նախագահի լիազորությունները». Գրիգոր Մուրադյան

Հուլիս 05,2020 15:19

«Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք՝ հատկապես, երբ նկատի ունենք արդի զարգացումները: Սահմանադրությունը կոչված է երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն եւ արդարություն, բայց այս պահին հայտնվել է մի վտանգի մեջ, որը մենք եթե չկարողանանք հաղթահարել, մեր դարավոր երազանքը՝ ունենալ ինքիշխան պետություն, ունենալ կայացած սահմանադրական պետություն, կարող է իրականություն չդառնալ»,- այսօր Գոշավանքում ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված խորհրդաժողովին ասաց սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը՝ խոսելով Սահմանադրության պաշտպանության մեխանիզմների մասին:

Նա բացատրեց, որ «արդի զարգացումներ» ասելով՝ նկատի ունի 213 հոդվածի փոփոխությունը, որով ըստ էության փորձ է արվում ՍԴ-ն դարձնել կցորդ ու հպատակ մարմին ներկայիս գործադիր իշխանությանը: Մյուս կողմից ստեղծվել է սահմանադրական բարփոխումների հանձնաժողով, որը պետք է մշակի Սահմանադրության փոփոխությունների նախագիծ ու ներկայացնի արդեն հանրաքվեի:

Մուրադյանը, խոսելով 213 հոդվածի փոփոխության հետեւանքների մասին, ասաց, որ մեկնաբանությունները, թե ՍԴ գործող կազմը համապատասխանեցնում են գործող Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներին, ընդամենը պատրվակ են. «Ըստ էության, խաթարել ենք Սահմանադրության կայունությունը: Շատ դյուրին է դառնում Սահմանադրությունը փոխելը: Մենք փոփոխել ենք մի դրույթ, որը փոփոխության ենթակա չէր որեւէ դեպքում: Անցումային դրույթների փոփոխությունը նույնն է, ինչ պատմության անիվը հետ շրջելը, ընդ որում՝ պատմության, որն արդեն անցյալում է»:

Ըստ Մուրադյանի, եթե այդպես է, ներկա ու ապագա խորհրդարանը հանրաքվեով հնարավորություն կունենա դադարեցնել բոլոր դատավորների լիազորությունները, որոնք շարունակում են պաշտոնավարել Սահմանադրության 215 հոդվածի ուժով, հնարավոր կլինի համարել, օրինակ, ներկայիս ԲԴԽ-ն չկազմավորված, հետ պտտել անիվն ու վերականգնել իրավանախորդի կարգավիճակն ու լիազորությունները, հնարավոր կլինի ՀՀ նախագահին, օրինակ, համարել չընտրված, ընդհուպ, հնարավոր կլինի վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելին՝ փոխելով անցումային դրույթները:

Այսպես, Մուրադյանի խոսքով՝ ներկայիս որոշ պաշտոնյաներ ինքնաշխատ կերպով կարող են կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալով՝ նույնիսկ ստանձնել նախագահի լիազորությունները. «Մենք ստեղծում ենք նախադեպ՝ այս եղանակով կամ շատ ավելի դյուրին եղանակով հետ փոխել ներկայիս ՍԴ-ի կազմը, վտանգ ենք առաջացնում մեր պետական անվտանգության համար, երբ կազմավորվելիք ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն ու նրա բոլոր որոշումները, որոնք պետք է դրվեն օրենսդրության հիմքում ոչ միայն ներկա, այլեւ հաջորդ սերունդների համար, այդ բոլոր որոշումները կլինեն ոչ լեգիտիմ կամ առնվազն կասկածելի: Ակնհայտ է, որ մենք սրանով էապես վտանգում ենք մեր պետական անվտանգությունը: Պետք է հասկանալ, որ ՄԻԵԴ-ում եթե այն դատավորները ու ՍԴ նախագահը, որոնք դիմել են, հասնեն հաջողության, իսկ դրանում գրեթե կասկած չկա, ապա այս ՍԴ-ն նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից ունենալու է լեգիտիմության այնպիսի դեֆիցիտ, այնպիսի բաց, որը թույլ չի տալու համագործակցել այլ պետությունների ՍԴ-ների հետ կամ դա ըստ էության կառաջացնի միջազգային իրավական տեսանկյունից ընդհանրապես իշխանական իրավական լեգիտիմության խնդիր»:

Գրիգոր Մուրադյանը հույս հայտնեց, որ ժողովուրդը ուժ կգտնի Սահմանադրությանը համահունչ շարժվելու ու եթե փոխվի Սահմանադրությունը, դա արվի բացառապես լեգիտիմ ու իրավական ճանապարհով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031