Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Հայ Առաքելական եկեղեցին պետռեգիստրում գրանցել են 2 ֆիզանձ ու հիմա հարց է՝ գանձարանում գտնվող ազգային հարստությունը միայն եկեղեցո՞ւնն է, թե՞ ժողովրդինը

Հուլիս 05,2020 14:53

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գոշավանքում ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված խորհրդաժողով էր կազմակերպվել՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր եւ կանաչ գծեր» թեմայով: Նախաձեռնողը «Իրավական ուղի» ՀԿ-ն էր:

Խորհրդաժողովի ժամանակ անդրադարձ եղավ եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին, եկեղեցու սահմանադրական իրավունքին:

Իրավական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի խոսքով՝ «Սահմանադրությունը փոքր գրքույկ չի, չկարծեք 200 հոդվածով իրավական փաստաթուղթ է, այն խորը իրավական փաստաթուղթ է, որի տակ թաքնված է անտեսանելի տեքստ, ու վերծանել է պետք»:

Ըստ նրա, հասարակությունը հաճախ անտեղի վկայակոչում է սահմանադրական տեքստը. «Հասարակությունը պետք է հասկանա, որ այն պարզ փաստաթուղթ չի, սահմանադրության էությունը հասկանալու համար սահմանադրական իրավունքի պատմության խորքերը պետք է հասկանալ: Սահմանադրական իրավունքի ակունքները պետք է փնտրել ու գտնել Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական կանոնական իրավունքների մեջ: Մի հարց, որ մեր իրավաբանների կողմից չի բարձրաձայնվում, վերջին աշխատանքը, որ գրվել է ՍԴ դատավոր Պապայանի աշխատությունն է: Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակը կարծես մեզ մոտ ճանաչվել է որպես միայն ազգային եկեղեցի ճանաչելու կտրվածքով: Որեւէ մեկը չի կասկածում, որ Հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, բայց երբ դա վերծանում ես իրավական տեսանկյունից, ի՞նչ է նշանակում, այդ սահմանն ավարտվում է»:

Ղամբարյանը նշեց, որ օրենսդրության մեջ Հայ առաքելական եկեղեցուն տվել ենք պարզապես կրոնական կազմակերպության կարգավիճակ՝ իբրեւ օրենքի առջեւ բոլոր կրոնական կազմակերպության իրավունքները պաշտպանելու արհեստական նպատակից ելնելով. «Ի՞նչ իրավիճակ ունենք: Հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է նույնիսկ մինչեւ 301 թվականը՝ պետական կրոն ճանաչվելը, բայց պարզվում է, որպես կրոնական կազմակերպություն պետռեգիստրում հիմնադրվել է 98 թվականին՝ երկու ֆիզիկական անձի կողմից: Ինձ համար շատ տարօրինակ է, որ որեւէ մեկը կարող է ասի, որ Հայ առաքելական եկեղեցին գրանցվել է ֆիզանձի կողմից: Եթե կրոնական կազմակերպություն է, սա նշանակում է, որ կարող է լուծարվել, ինքնալուծարվել: Պատերացնո՞ւմ եք՝ մենք քննարկեինք Հայ առաքելական եկեղեցու լուծարման կամ ինքնալուծարման հնարավորություն, դա որեւէ մեկի գիտակցության մեջ անգամ չի կարող տեղավորվել»:

Բացի այդ, ըստ Ղամբարյանի, եթե եկեղեցին դիտարկում ենք զուտ կրոնական կազմակերպություն, նշանակում է իր սեփականությունը տնօրինելու իրավունք ունի, եթե մասնավոր իրավունքի տեսանկյունից ենք նայում:

Գրիգոր Լուսավորչի աջը, Գեղարդը որեւէ կազմակերպության սեփականությո՞ւնն է, այն այդ կազմակերպության հաշվեկշռում է, բայց դրանք հայ ժողովրդինն են: Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, գույքը համընդհանուր սեփականություն է համարվում, ազգային հարստություն է, բայց դա մեր Սահամանդրությամբ ամրագրված չի. «Մենք հակապատմական մոտեցում ենք ցուցաբերել, երբ Հայ առաքելական եկեղեցին դիտարկել ենք որպես զուտ շարքային կրոնական կազմակերպություն, սա մեր մեծագույն սխալն է, որը պետք է արագ կերպով ուղղվի», – ասաց Արթուր Ղամբարյանը հավելելով, որ եթե քո եկեղեցուն հատուկ կարգավիճակ ես տալիս, ոչ մի միջազգային իրավունքին դա չի հակասում:

«Այսօր ժամանակաշրջանն է, որ պատմական իրավունքի տեսանկյունից այս հարցերը պետք է վեր հանվեն: Եվրոպական երկրներում պետություն-ազգային եկեղեցի իրավունքները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրերով: Դրանք կարող են հետագայում փոխվել միայն երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ»,- նշեց Արթուր Ղամբարյանը:

ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանն ասաց. «Սահմանադրական տերմինները մեկնաբանելիս գործ ունենք սառցաբեկորի հետ: Եկեղեցուն ու պետությանը վերաբերող սահմանափակ դրույթներ ունենք»:
Հարցին՝ արդյոք իրավական այս բացերի հետեւանքը չէ՞ր նախորդ տարիներին Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները՝ Ղամբարյանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք Վեհարանների արգելափակումը, իրավական նվազագույն սահմանափակումներով մենք պետք է անվտանգությունն ապահովենք: Հարցադրումներից մեկը հետեւյալն է՝ Հայ Առաքելական եկեղեցու գանձարանում գտնվող ազգային հարստությունը ոչ թե միայն եկեղեցու, այլ ազգային հարստության պաշտպանման տեսանկյունից պետությունն ի՞նչ պարտականություններ ունի: Պետությունը, անվտանգության, պաշտպանության հետ կապված որեւէ անելիք ունի՞: Պետությունը ոչ թե պաշտպանության, այլ պահպանության հետ կապված ֆինանսական միջոցներ է տրամադրում՝ կենցաղային լեզվով ասած՝ վերանորոգման, փոշին վերցնելու համար, բայց գանձարանների անվտանգության համար, երբ ոտնձգություն է տեղի ունենում, Հայ Առաքելական եկեղեցին մի՞թե պետք է իր կարողությունների շրջանակում ապահովի դրանց անվտանգությունը: Այստեղ պետությունը, կարծում եմ, անելիք ունի ու Սահմանադրության տեքստում պետք է ուղիղ ամրագրվի, որ Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը համարվող պատմական ժառանգությունը ազգային հարստություն է, որը պաշտպանվում է պետության ու եկեղեցու կողմից»:

Ղամբարյանը համաձայն է, թվում է, թե ամեն ինչ չէ, որ պետք է Սահմանադրության տեքստում գրվի, բայց մեր իրավական մտածողությունը այնպիսին է, որ մինչեւ տեքստում տառացի չես գրում՝ իրականության մեջ ոչ մի փոփոխություն չի լինում: Նրա խոսքով՝ բաներ կան, որ չէինք կարող պատկերացնել, որ Վեհարանների մուտքը հնարավոր է արգելափակեն, բայց իրականության մեջ տեսանք, որ կարող է լինել, ուստի պետք է սահմանները ամրագրել:

Նաեւ պարոն Ղամբարյանը նշեց, որ այսպես թե այնպես Հայ առաքելական եկեղեցին տարբեր իրավական ակտերով հավասար չի դիտարկվում մյուս կրոնական կազմակերպությունների հետ, եթե մեր եկեղեցուն տալիս են մաքսատուրքերից ազատում 98 տոկոսով, մյուսներին չեն տալիս, թվում է, թե արդեն իսկ կա խտրական մոտեցում: Բայց տարբերակում, բնականաբար պետք է, պարզապես այն պետք է լինի արդարացված տարբերակում՝ Հայ առաքելական եկեղեցուն պետք է տրվի առանձնահատուկ կարգավիճակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031