Այսօր Գոշավանքում ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված խորհրդաժողով էր կազմակերպվել՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր եւ կանաչ գծեր» թեմայով: Նախաձեռնողը «Իրավական ուղի» ՀԿ-ն էր, որի համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը վարում էր խորհրդաժողովը:
Սահմանադրագետ Անահիտ Մանասյանն ասաց, որ սիմվոլները մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքը զարգացնելու առումով: Սահմանադրությունը պետք է ընկալվի ոչ թե զուտ նորմատիվ նշանակություն ունեցող իրավական փաստաթուղթ, այլ՝ որպես սիմվոլիկ երեւույթ՝ արժեքային նշանակություն ունեցող. «Աշխարհում չափազանց մեծ թիվ են կազմում այն սահմանադրությունները, որոնք ընդունվել են 19-րդ դարի սկզբին, 20-րդ դարի սկզբին ու մինչ օրս չեն փոխարինվել տեքստերը: Չափազանց հաճախ փոխարինելով սահմանադրական տեսքտերը՝ ակնհայտ է, որ դժվար է սիմվոլիկ վերաբերմունք ձեւավորել այդ սահմանադրության նկատմամբ»:
Մանասյանն ընդգծեց, որ սահմանադրական զարգացումների ամբողջ ընթացքը եւ սահմանադրական սիմվոլիզմի երաշխավորումը պետք է զերծ լինի քաղաքական նպատակաուղղվածություն ու շահագրվածություն ունեցող զարգացումներից. «Պետք է լինի որակակական փոփոխություն, որակակական մի վիճակից անցում մեկ այլ վիճակի ու այս կոնտեքստում չափազանց կարեւոր է նախկինի, ներկայի եւ ապագայի միջեւ ակումուլյատիվ կապի ապահովումը: Այսպես թե այնպես, հասարակությունը, իր կոլեկտիվ ինքնությունը ձեւավորելու համար գնալու է փնտրտուքի, չափազանց կարեւոր կլինի, որ նման փնտրտուքի արդյունքը լինի արժեքային փոփոխություն, որ ձեւավորենք սիմվոլիկ վերաբերմունքը՝ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում քաղաքական որ ուժերի կամ անհատների կողմից է ընդունվել կամ փոփոխվել սահմանադրական տեքստը»:
Մանասյանը նաեւ ընդգծեց, որ սահմանադրական փոփոխության հիմքում չի կարող լինել անհատական շահ, կամ քաղաքական շահագրգռվածություն, չափազանց կարեւոր է, որ սահմանադրական սիմվոլիզմի երաշխավորումը զերծ լինի բացառապես քաղաքական նպատակաուղղվածություն եւ շահագրգռվածություն ունեցող սահմանադրական զարգացումներից:
Կարդացեք նաև
Սիրանույշ Սահակյանը հարցրեց՝ Հայաստանի Սահմանադրությունը ձեռք բերե՞լ է սիմվոլի դեր այս տարիների ընթացքում: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էլ հարցրեց՝ ի՞նչ դեր ունեն սահմանադրության սիմվոլիզմի ձեւավորման համար այն դատավորները, որոնք ունեն սահմանադրության պահպանման գործառույթ, ինչպիսի՞ ավանդույթներ են այստեղ ձեւավորվել: Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ շատ կարեւոր է ժողովրդավարական էթիկայի գաղափարը. «Ինչպես ցանկացած երեւույթ, այնպես էլ ժողովրդավարությունը հիմնված է որոշակի սկզբունքների եւ արժեքների վրա, որոնք սահմանային են: Սահմաններից դուրս գալու պարագայում խախտվում է ամբողջ հավասարակշռությունը: Էթիկայի այդ գաղափարի ամբողջ հիմքում ընկած է ինքնասահմանափակումը: Ոչ թե մեզ կենցաղային պարագայում մեկը ստիպում է, որ մենք այս կամ այն ձեւով մեր վարքագիծը կառուցենք, այլ նկատի ունենալով էթիկայի նորմերը՝ փորձում ենք ինքնասահմանափակվել»:
Ըստ նրա, այդպիսի սկզբունքների եւ արժեքների տեսանկյունից Սահմանադրությունը սահմանային դերակատարություն ունի, որի սահմաններից դուրս մեր մոտեցումը կխախտի հավասարակշռությունը եւ հնարավորություն չի տա ձեւավորել վերաբերմունք Սահմանադրության՝ որպես սիմվոլի նկատմամբ, արդյունքում կձախողվի նաեւ ամբողջ հասարակական միջավայրը. «Կարծում եմ, մեր առաջնահերթ քայլը սահմանադրական սիմվոլիզմի ձեւավորման տեսանկյունից հենց այն հանգամանքն է, որ սա ընկալենք՝ որպես որոշակի սկզբունքների եւ արժեքների սահման»:
Մանասյանն ասաց, որ եվրոպական երկրների մեծամասնությունը, ԱՄՆ-ն, Մեքսիկան Սահմանադրությունը չեն փոխել շատ երկար տարիներ նոր սահմանադրական տեքստերով: Այս բոլոր երկրներում գոյություն ունի սահմանադրական զարգացումների այլընտրանքային ճանապարհ՝ սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն է, որը տրվում է սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների կողմից եւ մյուսը սահմանադրական ավանդույթների միջոցով սահմանադրության զարգացումն է:
Մանասյանը եզրափակեց՝ ասելով, որ «կա սահմանադրական արժեք, ու երբ խոսում են սահմանադրական սիմվոլիզմի մասին, խոսքը ոչ միայն Սահմանադրության հանդեպ վերաբերմունքի մասին է, այլեւս այլընտրանքային եղանակների՝ որպես արժեքի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Իրականում այդ էթիկան պետք է ունենա առաջնային նշանակություն, արժեքների ու սիմվոլերի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է արտահայտվի ոչ միայն գրված լինելու հանգամանքով, այլ նրանով՝ ընկալո՞ւմ ենք մենք այդ երեւույթները՝ որպես սիմվոլիկ երեւույթներ ու ինքնասահմանափակվո՞ւմ ենք»:
Իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանն էլ իր զեկույցում ասաց. «Սահմանադրությունը նորմատիվ գործողություն ունեցող օրենք է, որը ՀՀ-ում տեքստի ձեւով ամրագրված է մեկ փաստաթղթում: Սահմանադրությունը առաջին անգամ սահմանադիր պետության կողմից է ամրագրվում, ինչպես դա եղել է ՀՀ-ում առաջին անգամ 95-ի հուլիսի 5-ի, դրանից հետո այն կարող է փոխվել հանրաքվեի միջոցով, կամ ԱԺ-ի կողմից՝ կախված նրանից, թե սահմանադրության որ նորմերը պիտի փոխվեն: Բոլոր դեպքերում ձայների որակյալ մեծամասնություն պետք է լինի: Սահմանադրություն փոփոխող օրենսդիրը ենթակա է սահմանադրին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ