Երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե ու դրա արդյունքում էլ մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այնքան կարճ տևեց էդ ամենը, մեզ թվաց աշխարհի վերջն է: Ըտենց բան մենակ կինոներում կլներ: Ջերմոցները քոքից պոկեց ու մի քանի մետր շպրտեց: Կան ջերմոցներ էլ, որոնք ուժեղ քամին տապալել է գետնին, պատռելով նաև պաշտպանիչ ցելաֆոնները: Դիմել ենք Արմավիրի մարզպետարան, պատասխանել են, թե՝ երեքշաբթի օրը նոր կժամանեն գյուղ: Ստացվում ա, մենք մինչև երեքշաբթի իրավունք չունենք ձեռք տանք էս ամենին, մինչև մարզպետարանից կբարեհաճեն: Ճիշտն ասած հույսներս միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եթե, իհարկե, գյուղապետը իրականությունը ներկայացնի մարզպետին, մարզպետն էլ՝ վարչապետին ու էդ դեպքում գուցե կառավարությունը օգնության ձեռք մեկնի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շատ գյուղմթերքներ ջերմոցների տապալման պատճառով վնասվել են, իսկ գյուղացին այդ ամենը ստեղծել է բանկերից վարկ վերցնելով ու հիմա չգիտի՝ ինչպես է փակելու այդ վարկերը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։