Լրահոս
Օրվա լրահոսը

Նրբաբլիթային տորթ

Հուլիս 05,2020 15:00

Նրբաբլիթները կարելի է ոչ միայն մսով, սնկով կամ կաթնաշոռով լցոնել, ոչ միայն վրան նուտելա քսել, այլեւ պատրաստել այսպիսի գեղեցիկ եւ շատ նրբահամ տորթ: Այս անգամ պատրաստել եմ «մաչա» թեյով եւ զարդարել մուրաբայի վարդի թերթիկներով եւ պիստակով, սակայն շատ համեղ է լինում նաեւ սպիտակ կամ շոկոլադային խմորով:

Անհրաժեշտ մթերքները

Ձու-3 հատ

Շաքարավազ-0,5 բաժակ

Թթվասեր- 3 ճաշի գդալ

Ալյուր-2 բաժակ

Կաթ- 0,5 լ

Բուսական յուղ-3 ճաշի գդալ

Սոդա-1 թեյի գդալ

Ձեր նախընտրած տորթի կրեմը- 1,5 բաժակի չափ

Պատրաստման եղանակը

Կարող եք պատրաստել ձեզ ծանոթ, ձեր մշտական բաղադրատոմսով նրբաբլիթներ: Ես այս տորթի համար պատրաստում եմ հետեւյալ կերպ՝ սկզբում շաքարավազն ու ձուն լավ հարում եմ, ապա ավելացնում բուսական յուղը եւ թթվասերը, շարունակում հարել, ավելացնում ալյուրը (այս անգամ բացի ալյուրից՝ նաեւ 2 ճաշի գդալ մաչա թեյ), ապա քիչ-քիչ ավելացնում կաթը, մինչեւ դառնա նրբաբլիթի խմոր, այսինքն՝ ծորուն հեղուկ: Գուցե՝ մի փոքր ավելի խիտ, քան սովորական նրբաբլիթի խմորը, բայց, ինչպես վերը նշեցի, կարող եք պատրաստել ձեր մշտական բաղադրատոմսով նրբաբլիթներ:

Չկպչող, թեթեւ թավան լավ տաքացրեք, եւ թխեք նրբաբլիթները, յուրաքանչյուր անգամ թավայի մեջ լցնելով 0,5 շերեփ կամ 2-3 ճաշի գդալ խմոր: Երբ կողքերը կարմրեն, շուռ տվեք եւ մեկ րոպե էլ թխեք մյուս կողմը:

Թողեք սառչի, ապա իրար միացրեք կրեմով: Յուրաքանչյուր շերտին 1 լիքը ճաշի գդալ կրեմը բավական է, սակայն եթե սիրում եք առատ կրեմ, կարող եք նաեւ ավելի շատ քսել: Ինչպես վերը նշել եմ, կարող եք վերցնել ձեր նախընտրած կրեմը՝ խտացրած կաթով, թթվասերով, եփած, սերուցքային, անգամ՝ պանրային:

Բոլոր շերտերն իրար միացնելուց հետո, կրեմ քսեք նաեւ վրայի շերտին եւ զարդարեք ձեր ճաշակով: Այս անգամ ես զարդարեցի պիստակով, որի գույնը համապատասխանում էր մաչա թեյով խմորի գույնին, ինչպես նաեւ մուրաբայի վարդի թերթիկներով: Կարող եք զարդարել ընկույզով, մանրած թխվածքաբլիթներով, շոկոլադե գլազուրով եւ այլն:

Պատրաստի տորթը դրեք սառնարան առնվազն 3 ժամով, մինչեւ կրեմը լավ կներծծվի, եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031