Լրահոս
Օրվա լրահոսը

20-րդ դարի աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ եւ Հայերը

Հուլիս 05,2020 11:16

Ուսումնասիրելով 20 -րդ դարի ամենաազդեցիկ 100 մարդկանց անունները՝ մտածում էի, թէ արդէօ՞ք ունենք այսօր մեր կողքին ապրող մի Հայ, ով առնչուել է այդ մարդկանցից մի քանիսի հետ: Իհարկէ Թայմի ցուցակը հեռու է կատարելութիւնից, բայց այնտեղ իրոք ընդգրկուած են մի շարք նշանաւոր մարդիկ, դրական եւ բացասական կերպարներ:

Հաշուի առնելով, որ անցեալ դարի մեծ մասը մենք չէնք ունեցել պետականութիւն, բնական է, որ դժուար է գտնել այդպիսի հայրենակցի: Դժուար է, բայց կայ առնուազն մէկ մարդ՝ Հայաստանի նորօրեայ Անկախութեան պայքարի առաջնորդ Պարոյր Հայրիկեանը, ով մինչեւ անկախութիւնը մօտ երկու տասնամեակ փաստացի հանդիսանում էր մեր ժողովրդի ներկայացուցիչը տարբեր, այդ թւում նաեւ բարձրագույն հարթակներում: Թայմի 100 ազդեցիկ մարդկանց ցուցակից նա առնչուել է առնուազն 4 հոգու հետ: Հերթով ներկայացնեմ նրանց եւ իրենց առնչութիւնը մեր քաղաքական պատմութեան հետ:

 

Լեխ Վալենսա – Լեհաստանի նախագահ (1990-1995)

Լեխ Վալենսայի ղեկավարած «Համերաշխութիւն» արհեստակցական միութիւնը միանալու խնդրանքով դիմում է ԽՍՀՄ «Ժողովրդավարութիւն եւ անկախութիւն» շարժմանը, որի ընտրուած ղեկավարն էր Պարոյր Հայրիկեանը: 1988 թ. Լեխ Վալենսան բազմաթիւ այլ ճանաչուած գործիչների հետ միասին հանդէս է եկել ի պաշտպանութիւն Հայրիկեանի:

 

Անդրեյ Սախարով – յայտնի գիտնական, սովետական այլախոհ, քաղբանտարկեալ, խաղաղութեան Նոբելեան մրցանակի դափնեկիր (1975)

Սախարովն իրեն բազմիցս դրսեւորել է իբրեւ Հայ ազգի բարեկամ, վտանգելով սեփական անձը: Դեռեւս 1974 թ. հանդէս է եկել Հայրիկեանի պաշտպանութեամբ: Նա մեծապէս օգնել է կարեւոր տեղեկութիւնները բանտից հանելու եւ բարձրաձայնելու գործում: Փոխանցման շղթայն հետեւեալն էր. Հայրիկեան (բանտից) – Ելենա Սիրոտենկո (Հայրիկեանի առաջին կինը) – Ելենա Բոներ (Սախարովի կինը) – Սախարով: Անդրեյ Սախարովը համարձակ աջակցել է ԱՄԿ (Ազգային միացեալ կուսակցութիւն) համահիմնադիր Ստեփան Զատիկեանին, յայտարարելով, որ կատարուածը ՊԱԿ -ի կազմակերպուած սադրանքն է: Կիրովաբադի ջարդերի ժամանակ նրանք մի քանի անգամ զրուցել են իրար հետ եւ Հայրիկեանը վստահութիւն է ներշնչել Սախարովին՝ ամրապնդելով վերջինիս Հայամէտ դիրքորոշումները:

Երիտասարդ Պարոյր Հայրիկեանը առաջին կալանքից յետոյ, 1973 թ.

Ռոնալդ Ռեյգան – ԱՄՆ 40-րդ նախագահ (1981-1989)

Նախագահ Ռեյգանի վարչախումբը Հայրիկեանին անուանում էր ԽՍՀՄ ամենահեղինակաւոր այլախոհը: 1988 -ի սկզբին Ռեյգանը հանդիպում է կազմակերպում ԽՍՀՄ, այսպէս կոչուած, ընդդիմութեան հետ, հրաւիրելով տարբեր ազգերի հինգ ճանաչուած գործիչների, որոնցից մէկը Հայրիկեանն էր: Վերջինիս բանտում գտնուելու պատճառով իր փոխարէն հանդիպմանը գալիս է նրա տիկինը իրենց երեխայի հետ: 1988 -ի դեկտեմբերի 8 -ին, երկրաշարժի յաջորդ օրը Սպիտակ տանը տեղի է ունենում Ռեյգանի հետ երկրորդ հանդիպումը, որտեղ արդէն ներկայ էր այդ օրերին Եթովպիա արտաքսուած եւ քիչ ուշ ԱՄՆ -ում ապաստան գտած Հայրիկեանը: ԱՄՆ նախագահն այդ օրը հանդէս եկաւ ի պաշտպանութիւն Հայ ժողովրդի ինքնորոշման պայքարի: Հայրիկեանի եւ իր զինակիցների տեւական սկզբունքային գործունեութեան արդիւնքում այդ պայքարին զորակցում էին նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը (1981-1995) եւ մի շարք այլ նշանաւոր դէմքեր:

Միխայիլ Գորբաչով – ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ, մեր ժողովրդին յայտնի է որպէս բացառիկ հայատեաց գործիչ

Գորբաչովի հետ առնչութիւնը եղել է բազմապիսի եւ մի առանձին յօդուած է պէտք եղած բոլոր հետաքրքիր փաստերը ներկայացնելու համար: Ամենակարեւոր փաստն այն է, որ ԱՄԿ -ն, որը ղեկավարում էր Հայրիկեանը, ԽՍՀՄ -ում հանրաքուէի օրէնքի համար պայքարում միաւորում էր սովետների բազմաթիւ նշանաւոր այլախոհների: Այդ պայքարը բերեց նրան, որ 1989 թ. Գորբաչովն ընդունեց ռեֆերենդումի մասին օրէնքը, ինչը փաստացի նշանակում էր Սովետական կայսրութեան վերջը: Այն օրերին, երբ Հայրիկեանը գտնւում էր ԱՄՆ -ում ֆրանսիական Le Figaro -ն եւ ամերիկեան The Wall Street Journal -ը ազդարարում էին, որ Գորբաչովի ամենամեծ վտանգը գալիս է Գլենդելից:

Հետաքրքիր է, որ մեր ազգի քաղաքական պատմութեանն առնչուող այս յայտնի եւ կարեւոր փաստերը, որոնք հրապարակուել են մի շարք միջազգային պարբերականներում, գրքերում եւ այլ աղբիւրներում, բացակայում են վիկիպեդիայում վերոյիշեալ չորս մարդկանց կենսագրականների Հայերէն տարբերակներում:

Այս ուսումնասիրութիւնն իր ձեւաչափով առաջինն է, եւ ես որոշեցի հրապարակել հենց այսօր՝ Պարոյր Հայրիկեանի ծննդեան 71 -ամեակի կապակցութեամբ: Հայաստանի անկախութեան պայքարը ղեկավարելու համար Հայրիկեանը հինգ անգամ դատուել է, աւելի քան 20 տարի բռնադատուել: Նա նաեւ հանդիսանում է «Անկախութիւն հանրաքուէի ճանապարհով» ռազմավարական ծրագրի հեղինակը, որի արդիւնքը եղաւ 1991 թ. սեպտեմբերի 21 -ը:

Հետաքրքրական է այն, որ յուլիսի 5 -ին նաեւ Հայաստանի սահմանադրութեան օրն է:
Շնորհաւորում եմ մեր ժողովրդին այս երկու լաւ առիթներով:

Դաւիթ Աղաջանեան / Տիր հայագիտական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031