Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջապատի հարկումը

Հուլիս 05,2020 22:00

Երբ մեր հասարակությունը սկսեց սահմանադրագիտության մասնագետներից վերաորակավորվել անշարժ գույքի հարկման մասնագետների, հասկանալի դարձավ, որ վեճերը շատ են լինելու՝ հարկերն անխուսափելի են, ինչպես արեւամուտը եւ վերաբերում են բոլորին: Հայաստանի՝ ընդհանուր առմամբ ցածր հարկային դրույքները, հարուստների խուսանավումը՝ արդար հարկահանությունից, չհարկվող անշարժ գույքի հսկայական քանակը, ՏԻՄ մարմինների փոքր բյուջեները, թաղապետարանների կախվածությունը՝ կենտրոնական իշխանությունից, քաղաքի փոքր բյուջեն, թոշակառուների եւ ցածր եկամուտ ունեցողների համար հարկային բեռի ծանրությունը, հարկային դրույքների դանդաղ բարձրացումը՝ այս ամենը քննարկվեց ինչպես միշտ, եւ յուրաքանչյուրը նշանակեց մեղավորին՝ իր սեփական համոզմունքներին համապատասխան:

Անհասկանալի մնաց միայն մի բան՝ հատկապես ի՞նչն է վրդովվեցրել այն մարդկանց, որոնք Ֆեյսբուքում ֆլեշմոբ սկսեցին՝ ընդդեմ այդ օրենքի: Իսկ ահա դա հասկանալու համար մենք պետք է խորհենք այն մասին, թե ինչ է անձնական օգտագործման անշարժ գույքը (խոսքը բնակարանների եւ քաղաքում գտնվող առանձնատների մասին է) ժամանակակից Հայաստանում:

Անկախության ժամանակ ձեւավորված մարդկանց համար սեփական բնակարանը մի տեղ է, որտեղ իրենք ապրում են, ուր փախնում են ծնողական կպչուն վերահսկողությունից, այլ խոսքերով՝ սեփական ինքնուրույնության որոշակի հաստատում, հիմնականում՝ նյութական: Այդ սերունդը բնակավայրը դիտարկում է ծայրահեղ ուտիլիտար տեսանկյունից, հանգիստ է վերաբերվում վերանորոգումներին եւ տեղափոխություններին: Շարժունակությունը նրանց համար նշանակում է ծախսեր, որոնք կարող են լինել կամ արդարացված, կամ ոչ: Տարածքը, որտեղ գտնվում է նրանց բնակավայրը, գիտակցված ընտրություն է՝ կախված ապրելակերպից՝ «տժժացողների» համար ավելի հարմար է ապրել կենտրոնում, ընտանիքով մարդիկ նախընտրում են դպրոցներին մոտ տարածքները, հանգիստը գնահատողները ընտրում են մերձքաղաքային առանձնատները: Այս բոլոր մարդկանց համար հասկանալի է նորամուծությունը, եւ հարկերի բարձրացմանը զուգընթաց նրանք պատրաստ են (եւ հավատացեք հենց այդպես էլ կանեն), տեղական իշխանություններից քերել ե՛ւ տարածքի բարեկարգում ե՛ւ ճանապարհների նորոգում եւ այլ բաներ:

Լրիվ այլ կերպ է իրավիճակը այն մարդկանց համար, որոնք ապրում են ժառանգություն ստացած տներում՝ հենց այն՝ Կենտրոնում գտնվող մեծ բնակարաններում, որոնց համար գույքահարկն ամենաշատն է բարձրացել: Եվ որպեսզի հասկանանք այդ մարդկանց վրդովմունքը, պետք է գիտակցել, որ ժառանգական բնակարանը կենտրոնում՝ այդ մարդկանց համար՝ հասուն, հաճախ՝ ոչ այնքան շատ վաստակող, կրթությունը եւ շփման շրջանակը գնահատող, դա սոցիալական տարբերանշան է: Նշան է այն մասին, որ այս մարդիկ պատկանում են, ինչպես սովոր ենք ասել՝ «պապական մտավորականների» դասին: Դա նշանակում է սովորույթներ: Սկսած այն սովորույթից, որ մի քայլի վրա զբոսայգիներն ու սրճարաններն են, վերջացրած նրանով, որ երեկոյան զբոսանքի դուրս գալիս նրանք հանդիպում են իրենց մերձավորներին եւ բարեկամներին: Դա այն է, ինչ մենք անվանում ենք շրջապատ: Եվ ահա, երբ նրանց ասում են, որ պետությունը բարձրացնում է իրենց «շրջապատի հարկը», նրանք արդարացիորեն վրդովվում են: Եվ երբ նրանք պատգամավորից լսում են, թե՝ ովքեր չեն կարող վճարել բարձրացած գույքահարկը, թող վաճառեն իրենց տները եւ գնան ավելի մատչելի գույքահարկով թաղամասում բնակվեն, նրանք սկսում են ֆլեշմոբեր:

Ես, որ մեծացել եմ կենտրոնում, ապա վաճառել ծնողներիս բնակարանը Օպերայի մոտ եւ տեղափոխվել ծայրամասում գտնվող առանձնատուն, շատ լավ հասկանում եմ այս վերոնշյալ երկու խմբերին էլ: Այ, ինչը չեմ հասկանում, դա իշխանության ցանկությունն է՝ իր մոտեցումները պարտադրել ֆինանսապես անպաշտպան մարդկանց: Մեզ մի քանի անգամ ասացին, որ գույքահարկի բարձրացմանն առնչվող օրինագծի հիմնական նպատակը շքեղ անշարժ գույքի համար արդար հարկահանությունն է, եւ դրան հեշտ է հավատալը: Բայց, այ, ինչի՞ համար է պետք բարձրացնել հարկը՝ «շրջապատի», տասնյակ տարիներով ձեւավորված սովորույթների եւ ավանդույթների, ոչ հարուստ եւ խոցելի մարդկանց կենսակերպի համար հարկը, պարզ չէ:

Գոնե ինձ համար:

Ս.Յ.

«Առավոտ» օրաթերթի

04.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031