Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում շատ փոփոխություններ տեղի ունեցան. հատկապես ու առանձնապես փոփոխություններ տեղի ունեցան Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և էլի շատերի կյանքում՝ անմիջականորեն կապված անձամբ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու վերը նշված անձանց և էլի շատերի հանդեպ Փաշինյանի ու նրա հեղափոխական զինակիցների ու գաղափարակիցների վերաբերմունքի ու հարաբերությունների հետ:
Եթե հաշվի առնենք նաև կորոնավիրուս պատուհասի առկայությունը Հայաստանում, կարող ենք վստահաբար ասել, որ էական փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն վերը թվարկածս անձանց ու էլի շատերի կյանքում, այլև իր՝ հեղափոխության առաջնորդ, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա հեղափոխական զինակիցների և բոլորիս կյանքում:
Եթե կորոնավիրուսի հետ կապված փոփոխություններն ու տհաճությունները հեղափոխության առաջնորդի, հեղափոխականների ու գրեթե բոլորիս կյանքում միանշանակ բացասական էին, նույնը չենք կարող ասել բազմաթիվ հակահեղափոխականների մասին, որոնց համար Հայաստանում կորոնավիրուս կոչեցյալի առկայությունը պատեհ առիթ էր, որպեսզի կորոնավիրուսը ուղղակիորեն կապեն հեղափոխության առաջնորդի ու ընդհանրապես հեղափոխության հետ՝ համաճարակը համարելով հեղափոխության անմիջական արդյունք և հետևանք:
Այդ մասին իր ելույթներից մեկում նշեց նաև վարչապետը, նշելով ու հաստատելով, որ հակահեղափոխականների մեծ մասի համար կորոնավիրուսը ցնծություն էր, քանզի համաճարակի հետ կապված տհաճություններից զերծ չեն Հայաստանի նորընտիր ու հեղափոխական իշխանությունները:
Կարդացեք նաև
Մեր վերջին հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի ու գրեթե բոլոր հեղափոխականների կարծիքով անվանակոչվեց «թավշյա հեղափոխություն» և չնայած այս «թավշյա» անվանումը ավելի շուտ հեղափոխականների ու նրանց առաջնորդի անվանակոչությունն էր, դա միանգամայն բնական ու տրամաբանական էր, քանզի Ռոբերտ Քոչարյանի ու նրա համակիրների համար սույն հեղափոխությունը «թավշյա» անվանվել չէր կարող, և ոչ էլ Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների ու գաղափարակիցների համար էր այդ «թավշյա» բնորոշումը ճիշտ ու հարմար, և հատկապես ու առանձնապես Մանվել Գրիգորյանի համար էր այդ «թավշյան» անհարմար ու աննպատակահարմար, և ենթադրում ենք, որ առաջիկայում նաև Սերժ Սարգսյանի, նրա եղբոր ու համակիրների համար, կախված առաջիկա իրադարձություններից, Փաշինյանական այս «թավշյա» բնորոշումը անընդունելի կլինի:
Վստահաբար կարող ենք ասել, որ «իմքայլական» հեղափոխության այս «թավշյա» բնորոշումը նաև սահմանադրական դատարանից դուրս մնացած անդամների և հատկապես ու առանձնապես Սահմանադրական դատարանից դուրս չմնացած, բայց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը լքած Հրայր Թովմասյանի համար է անընդունելի:
Չնայած շատերի կարծիքով հենց Հրայր Թովմասյան անունով ու ազգանունով Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելու համար էին Փաշինյանն ու հեղափոխականները Սահմանադրական այս փոփոխությունները նախաձեռնել, այդուհանդերձ, թե ′ Փաշինյանը, և թե′ անխտիր բոլոր հեղափոխականները գտնում են, որ այսօր ու այս պահին այս սահմանադրական փոփոխությունները մեր երկրի համար օդի ու ջրի պես անհրաժեշտություն էին: Չնայած, ի տարբերություն Հրայր Թովմասյանի, Սահմանադրական դատարանի մի շարք այլ անդամներ ոչ միայն Սահմանադրական դատարանում իրենց զբաղեցրած պաշտոնն են կորցնում, այլև ընդհանրապես իրենց տեղը Սահմանադրական դատարանում: Այդուհանդերձ, Հրայր Թովմասյանի վիրավորվածությունն իշխանություններից ավելի մեծ է, քան՝ իր այս մի քանի կոլեգաներինը:
Դա ակնհայտորեն երևաց Հրայր Թովմասյանի ելույթներից ու հարցազրույցներից, և դրանցից ակնհայտորեն պարզ դարձավ, որ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանում զբաղեցրած պաշտոնն անհամեմատ եկամտաբեր է, քան Ալվինա Գյուլումյանինը կամ, ասենք, Ֆելիքս Թոխյանինը, ովքեր Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդհանրապես Սահմանադրական դատարանում զբաղեցրած իրենց տեղն են կորցնում:
Եվ ընդհանրապես՝ Հրայր Թովմասյանի կորուստը հիվանդագին ընդունվեց նաև Ծառուկյանականների, Քոչարյանականների ու ընդդիմադիր այլ ուժերի կողմից, ովքեր ի խորոց սրտի ու սրտի խորը կսկիծով ընդունեցին Հրայր Թովմասյանի կորուստը:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
04.07.2020