«Տղաս ընդունում է, որ մեղավոր է, բայց համաձայն չի եղել փորձաքննության եզրակացության հետ առ այն, որ տուժածին միջին աստիճանի վնասվածք է պատճառվել: Նա բողոքարկել է, բայց փորձաքննությունը հաստատել է, որ միջին աստիճանի մարմնական վնասվածքներ են, եւ այդ եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր որդու՝ Իվան Աղազարյանի մասնակցությամբ 2019թ.-ին տեղի ունեցած վրաերթին, որից մի կին է տուժել, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Հիշեցնենք, որ գործը դատաքննության մեկնարկի փուլում է:
«Տղաս օգնություն է ցույց տվել, սպասել, մինչեւ գան ՃՈ աշխատակիցները, հետո էլ ցուցաբերել է այդ պահին եւ հետագայում անհրաժեշտ օգնությունը: Արցախի պողոտայում կինը փողոցն անցել է չթույլատրված հատվածում, իսկ տղաս հետընթաց շարժում կատարելիս ուշադրություն չի դարձրել այդ հատվածին, եւ տեղի է ունեցել բախումը: Բայց, բոլոր դեպքերում, տղաս ճանապարհային երթեւեկության կանոններ է խախտել»,-փաստեց պատգամավորը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ