Համառոտ տեղեկատվություն երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ
Բարձրագույն դատական խորհրդի կողմից 24.03.2020 թվականին ընդունվել է «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշումը: Այնուհետև, կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից հատկացվել է 14.740.000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ գումար, որից մինչ օրս ծախսվել է ընդամենը 12.942.128 (տասներկու միլիոն ինը հարյուր քառասուներկու հազար հարյուր քսանութ) ՀՀ դրամ գումար։ Նշված գումարով ձեռք են բերվել ախտահանիչ հեղուկ նյութեր՝ 1195 լիտր, ձեռնոցներ՝ 16.300 զույգ, դիմակներ՝ 50.000 հատ, ջերմաչափեր՝ 55 հատ, փակվող աղբամաններ՝ 50 հատ, ինչպես նաև ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով վարչական շենքերի և հարակից տարածքների ախտահանման ծառայություններ։
Ձեռք բերված ապրանքները բաշխվել են ՀՀ բոլոր դատարաններին, իսկ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը, որոնք ներառել են դրանց նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները։
Միաժամանակ, հարկ է նշել, որ Դատական դեպարտամենտի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման հավելվածներով սահմանված անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Մասնավորապես՝ աշխատատեղերը կահավորվել են փակվող աղբամաններով, դատական կարգադրիչների ծառայության միջոցով ապահովվում է ինչպես աշխատողների, այնպես էլ այցելուների ջերմաչափումը՝ հեռահար ջերմաչափերով, այն դատարանների վարչական շենքերում, որտեղ առկա է համապատասխան հնարավորություն, ապահովվում է ներսում գտնվող անձանց, ինչպես նաև դատական նիստերի մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորությունը, պարբերաբար ապահովվում է նաև վարչական շենքերի սենյակների, սրահների, դատական նիստերի դահլիճների (յուրաքանչյուր նիստից հետո) բնական օդափոխությունը, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների (մաքրուհիների) կողմից յուրաքանչյուր օր՝ առնվազն 2 անգամ, ախտահանիչ նյութերով ախտահանվում են Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը։
Կարդացեք նաև
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1534303576751279&id=439137872934527