Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը․ Արցախի ԱԳՆ

Հուլիս 04,2020 13:05

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում իրականացրին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և ժամանակավոր ապաստան գտնել մայրաքաղաք Ստեփանակերտում և Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։

Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի շուրջ 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը։

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքի գրեթե կեսը հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի ներքո։ Հանրապետությունն ինքնին հայտնվեց լիակատար ոչնչացման եզրին։ Առավել աղետալի իրադրություն էր մարդասիրական ոլորտում՝ 1992 թ. ամռան վերջին հանրապետության բնակչության կեսից ավելին փախստականներ և ներքին տեղահանված անձինք էին։ Իրավիճակն ավելի էր խորանում Արցախում մարդասիրական աղետի եզրին հայտնված հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց ճակատագրերի նկատմամբ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գրեթե լիակատար անտարբերությամբ։

Այնուամենայնիվ, անգամ այս անհույս թվացող պայմաններում Արցախի ժողովրդին հաջողվեց ի մի բերել իր ողջ կամքը, համախմբել իր ողջ ներուժը և ետ մղել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը։ Բնակչության մի մասը վերադարձավ հայրենիք՝ ձեռնամուխ լինելով պատերազմից ավերակների վերածված սահմանամերձ քաղաքի վերակառուցմանն ու շենացմանը, որը հատկապես ավելի մեծ թափ ստացավ 1994 թ. մայիսի 12-ին անժամկետ հրադադարի եռակողմ (Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն) համաձայնագրի ստորագրումից հետո։

Առ այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն։

Արցախի Հանրապետության իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031