Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան․ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ

Հուլիս 04,2020 12:33

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Հարգելի ամերիկացիներ,

Մեծ հաճույքով միանում եմ ձեզ Միացյալ Նահանգների անկախության 244-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ տոնակատարությանը։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջ եկած ներկայիս գլոբալ անկայունությունն ազդել է մեր բնականոն կյանքի վրա։ Ավանդական մարդաշատ միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպանատան մեր բարեկամներին շնորհավորելու փոխարեն հանդես եմ գալիս այս տեսաուղերձով՝ ձեզ հղելով իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հուլիսի 4-ի առթիվ։

Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ։ 1991թ․-ին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձևավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և խաղաղապահության ուղղություններով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019թ․ մայիսին Երևանում։ Մենք արժևորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում։

Առիթից օգտվելով՝ Հայաստանի կառավարության և մեր ժողովրդի անունից ևս մեկ անգամ մեր հարգանքն ու երախտիքն ենք հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու Սենատին  Հայոց ցեղասպանության մասին երկու առանցքային բանաձևերի ընդունման համար։ Որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ջատագով՝ Հայաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքները կանխելու ու դատապարտելու ուղղությամբ։ Հենց այս տեսլականով Հայաստանը միացավ ԱՄՆ հովանու ներքո ստեղծված և կրոնական ազատությունների պաշտպանությանն ուղղված դաշինքին. ակնկալում ենք աշխատել ամերիկյան մեր գործընկերների հետ՝ ապահովելու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, որը մեր առավել ընդգրկուն հարևանության կայունության բանալին է։

Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Հայ ժողովրդի համար չկարգավորված հակամարտությունը շարունակում է մնալ որպես լրջագույն մարտահրավեր Արցախի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության առումով։ Մեր նպատակը հակամարտության արդարացի ու խաղաղ  կարգավորումն է, որտեղ Արցախի անվտանգությունն ու առանց սահմանափակումների կարգավիճակը հանդիսանում են գերակա առաջնահերթություն։

Ցանկանում եմ ընդգծել ամերիկահայերի կարևոր դերը մեր երկու երկրների միջև առավել կուռ ու ամուր բարեկամություն ու համագործակցություն ձևավորման հարցում։ Նրանք Միացյալ նահանգների՝ իրենց որդեգրած օջախի նվիրյալ քաղաքացիներ են և հայրենասեր ամերիկացիներ։ Նրանք հաջողությամբ ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը։ Որպես հայ՝ ամուր պահպանելով իրենց ինքնությանը և քաղաքակրթական արմատներին՝ նրան հաճախ հանդիսանում են մեր երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում գործընկերությունների ձևավորման անմիջական մասնակից։

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ազատության ու ժողովրդավարության երկրի տարեդարձը։ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ իմ ամերիկացի ընկերներին։ Ձեր մեծանուն երկրին ի սրտե մաղթում եմ խաղաղություն, աճ և բարեկեցություն։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս դժվարին ժամանակներում նաև զորակցություն եմ հայտնում բոլոր ամերիկացիներին։ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու կառավարությունը մեկ անգամ չէ, որ մարտահրավերների առերեսվելիս ցուցադրել են ուժ, կամք և միասնական ոգի։ Վստահ եմ, որ հուլիսչորսյան տոնին ուղեկցող տոնական տրամադրությունը, ինչպես միշտ, բարձր է։

Կեցցե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները,

Կեցցե՛ Հայաստանը,

Կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031