Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Պողոսյանն առերեսման ժամանակ հաստատել է, որ երբեւէ Աբրահամ Մանուկյանի հետ ընտրակաշառքի թեմայով չի խոսել, նման հարց չի քննարկել. «Հրապարակ»

Հուլիս 04,2020 12:25

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումն ու նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորումը հիմնված են «Երեւանշին» ԲԲԸ տնօրեն, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանի տված մեկ ցուցմունքի վրա։ Պողոսյանի ցուցմունքի հիման վրա են իրավապահները եզրակացրել, որ Ծառուկյանն ու Աբրահամ Մանուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք են բաժանել։ Վերջերս անգամ առերեսում է տեղի ունեցել Ծառուկյանի ու Պողոսյանի միջեւ։ Երեկ Վազգեն Պողոսյանը չէր ցանկանում պարզաբանել, թե ինչ ցուցմունք է տվել, արդյոք կաշառքի հարց եղե՞լ է, ի՞նչ է ասել իր ցուցմունքում։

– Իսկ ի՞նչ եք ասել Դուք իրավապահ մարմիններին։

– Իրավապահ մարմիններին՝ ոչ մի բան։ Իմ ցուցմունքն ու Աբրահամ Մանուկյանի ցուցմունքը նույնն են, տառի տարբերություն չկա։

– Ձեզ համար կոնկրետ այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ կա՞, թե՞ զուտ իրավական պրոցես է։

– Չեմ կարող ասել, դեռ պարզ չէ։

– Այսինքն, չեք կարող ասել՝ ընտրակաշառքի մասով տվյալները սխա՞լ են, թե՞ ճիշտ։

– Ես դրա անունը չգիտեմ՝ էդ ինչ տերմին եք օգտագործում, ընտրակաշառքը Դուք եք ասում, ես էդպիսի բան չասացի։ Դրա ճիշտն ու սխալը քննչական մարմինները կորոշեն։

ՀԳ․ Խոսեցինք նաեւ Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանի հետ։ Նա ասաց, որ Վազգեն Պողոսյանն առերեսման ժամանակ հաստատել է, որ երբեւէ Աբրահամ Մանուկյանի հետ ընտրակաշառքի թեմայով չի խոսել, նման հարց չի քննարկել, նման հանգամանք նրա հետ, այսպես ասած, չի կիսվել։ Մեր դիտարկմանը, թե Պողոսյանն ասել է, որ իր եւ Մանուկյանի ցուցմունքները նույնն են, իրարից չեն տարբերվում, Անանյանն ասաց․ «Ըստ էության՝ համընկնում է, որովհետեւ Աբրահամ Մանուկյանն էլ է ասում, որ ընտրակաշառքի հետ կապված հարցով իր հետ չի առնչվել, ներգրավված չի եղել։ Վազգեն Պողոսյանն ասում է՝ ինքը ներգրավված է եղել, գործողություններ է կատարել, բայց Աբրահամ Մանուկյանի հետ այդ հարցը չի քննարկվել։ Ու այդ հաշվետվությունը, որ շրջանառվում է մամուլում, այդ հաշվետվություններն ինքը չի ներկայացրել Աբրահամ Մանուկյանին»։ Մանուկյանի փաստաբանն ասաց նաեւ, որ այս պահին իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ ակնկալելով, որ կփոխվի Աբրահամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031