Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան․ Առաջարկում եմ հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից

Հուլիս 04,2020 12:20

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով կլրանա մեկ տարին, ինչ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներում բերում եմ իմ անձնական օրինակը, որ մոտ 8 անգամ ավելի բարձր շուկայական արժեք ունեցող իմ բնակարանի համար ես վճարում եմ շատ ավելի քիչ հարկ, քան իմ ավտոմեքենայի համար։

Երեկ Կադաստրի կոմիտեի կայքի (շատ ուշացած) առցանց հաշվիչի միջոցով հաշվարկեցի, որ 2026-ին, երբ այս բարեփոխումն ամբողջությամբ գործի, ես իմ բնակարանի համար դեռ վճարելու եմ իմ ավտոմեքենայի գույքահարկի 60%-ը միայն, այնպես որ, բավական պահպանողական կադաստրային գնահատում է արվել ժամանակին։ Ի դեպ, իմ տան՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, իմ կարծիքով, գրեթե նույնչափ, այսինքն, 60%-ով ցածր է ներկայիս շուկայական արժեքից։

Միևնույն ժամանակ, անշարժ գույքի հարկի վերաբերյալ առկա քննարկումներում ի թիվս նախորդիվ հնչեցրած իմ առաջարկությունների՝ չհարկվող շեմը 10 մլն դրամ դարձնելու և որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկը առանց տույժերի գույքին ամրացնելու հնարավորության մասին, ցանկանում եմ ևս երկու միտք դնել շրջանառության մեջ։

Առաջարկում եմ՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից։ Կամ եթե սա շատ ուղղափառ համարվի, համայնքները կոնկրետ գույքերի կարող են ազատել հարկերից գոնե հուշարձանի վերականգնման համար կատարված ներդրումների չափով։ Սրանով մենք կարող ենք լուծել կամ մեղմել Երևանի կենտրոնում ապրող, պայմանական ասված՝ միայնակ թոշակառուի կամ վերջին շրջանում “բնիկ” կոչված սեգմենտի խնդիրը։
Ի դեպ, երեկ մեկ անգամ ևս ստուգեցի ու պարզեցի, որ 45 տարվա վաղմություն ունեցող շենքերի դեպքում գրեթե 25%-ով նվազեցվող գործակից արդեն կիրառվել է կադաստրային գնահատման պրոցեսում (և իմ բնակարանը, կարծում եմ, դրա «շահառուներից» է):

Երկրորդ առաջարկը, որի միտքը տվել է իմ ընկերը, և իր համաձայնության դեպքում կավելացնեմ նրա անունը, վերաբերում է էներգախնայողությանը։ Սրանով առաջարկում ենք, անկախ կառուցման թվականից (չնայած կարելի է քննարկել) և գործող էներգախնայողության դասակարգման համակարգով, եթե շինությունը բավարարում է ինչ-որ դասի, օրինակ՝ -A-ից սկսած, ապա այն ևս կարող է մասնակի կամ ամբողջությամբ ազատվել անշարժ գույքի հարկի վճարումից։ Ինչպես նախորդը, այս մեկը ևս կարող է իրականացվել նաև համայնքային մակարդակով, ուղղակի պետք է գնահատում արվի, թե քանի շենք կարող է հավակնել նման կարգավիճակի։ Սա հատկապես կարող է մի ողջ ինդուստրիա ստեղծել, քանի որ մենք պետք է ունենանք նաև նման գնահատումներ իրականացնող փորձագետներ, որակավորել և այլն, իսկ մոտ ապագայում անշարժ գույք գնելիս բոլորն ինքնաբերաբար կսկսեն ուշադրություն դարձնել նաև դրանց էներգախնայողությանը։

Հուսով եմ, որ առցանց հաշվիչի ներդրմամբ այս կարևոր բարեփոխումը, որի մեկնարկը, ինչպես արդեն ասել եմ՝ համավարակով պայմանավորված ինքս հիմա չէի տա, հաղորդակցման պատշաճ հարթակ կունենա ու չի մնա անհատ պատգամավորների և մասնագետների պատրաստած, երբեմն շփոթեցնող աղյուսակների ու պարզաբանումների հույսին։

Իհարկե, եթե մենք ունենայինք հասցեների նորմալ ռեգիստր, շատ ավելի հեշտ կլիներ գտնել գույքը, բայց դրան կանդրադառնամ մեկ այլ առիթով»։

https://www.facebook.com/sarhat/posts/10164081789430106

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031