Թատերարվեստի մի շարք ներկայացուցիչներ ֆլեշմոբ են սկսել: Նրանք ցանկանում են վերադառնալ թատրոն, քանի որ այս տեւական պասիվությունն արդեն վատ է անդրադառնում ստեղծագործական կոլեկտիվների վրա:
Ֆլեշմոբի մասնակիցները խոստանում են պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ մեկնարկել ներկայացումների փորձերը:
Նրանք բոլորը ֆեյսբուքյան իրենց էջերում կիսվել են թատրոնի կամ որեւէ ներկայացումից արված մի լուսանկարով ու կից գրել՝ «կրիր դիմակ», «փրկիր մշակույթը», «ներկայացում եմ ուզում», «մենք մի ընտանիք ենք»:
Նկատենք, որ ներկայացումներ վերսկսելու ֆլեշմոբին են միացել նաեւ Սոս Սարգսյանի համազգային թատրոնի դերասաններն ու Հ. Թումանյանի տիկնիկային թատրոնը՝ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Ռուբեն Բաբայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Տիկինիկայինի փոքր պատշգամբից են ներկայացում խաղալու: 15 հոգի կտեղավորեն՝ պահելով սոցիալական հեռավորությունը: «Կարող ենք եւ փակ տարածքներում անել, ինչպես հիմա Եվրոպայում են անում: Մենք ունենք 300 տեղանոց մեծ դահլիճ, պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ այնտեղ կտեղավորենք ընդամենը 100 հանդիսատես: Այսօր նման ճանապարհով են գնում շատ երկրներ»,- ասաց նա:
Բաբայանը նկատեց՝ ներկայացումներ վերսկսելը ոչ միայն մասնագիտական տեմպի մեջ մնալու համար է խիստ կարեւոր, այլեւ հանրային պահանջի, եւ պատահական չէ, որ իրենց ֆլեշմոբին միացել են նաեւ բազմաթիվ թատերասերներ:
Ըստ նրա՝ այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում հանրության վրա. «Հանրությունը կարիք ունի հոգեկան առողջության: Մենք տեսնում ենք, թե հիմա ինչքան են մարդիկ ագրեսիվացած ու քաղաքականացված: Իրականում այդ ագրեսիան հանվում է մշակույթի միջոցով. թատրոն են գնում, համերգ, ցուցահանդես, որոշակի ժամանակով մարդիկ կտրվում են առօրյայից»,- ասաց Բաբայանը՝ մեջբերելով Նիցշեի խոսքերից մեկը, այն է՝ «Մշակույթը խնձորի բարակ կեղեւն է, որը զսպում է աշխարհի քաոսը»:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Ռուբե Բաբայանի ֆեյսբուքյան էջից