Լրահոս
Օրվա լրահոսը

Դահլիճները յուրաքանչյուր դատական նիստից հետո չեն ախտահանվում. Վիրուսի տարածման կանխման համար ԲԴԽ-ն ավելի քան 14 մլն դրամ է հատկացրել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 04,2020 11:11

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից մինչ օրս հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար, որից ծախսվել է 12.942.128 դրամը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից:

Համավարակի պայմաններում փաստաբանի աշխատանքի, հնարավոր խոչընդոտների մասին զրուցել ենք Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանի հետ.

– Ունեցե՞լ եք նման դեպքեր, երբ դահլիճի չափսերով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը:

-Այո, Նորքի զինված խմբի գործը քննվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, որի որեւէ դահլիճում հնարավոր չէր մասնակիցների միջեւ ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, ուստի մենք՝ պաշտպաններս, բարձրաձայնեցինք այդ հարցը, եւ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց այդ դատական նիստներն անցկացնել Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում, որտեղ կա բավական մեծ դահլիճ: Այդ գործով առողջական խնդիրներ ունեցող ամբաստանյալներ կան, ովքեր արդեն իսկ ռիսկային գոտում էին, եւ պարզվեց, որ մեկն արդեն վարակված է. պատկերացնո՞ւմ եք՝ այդ հեռավորությունը չպահպանելու հետեւանքով շղթայական ինչ վարակում էր սկսվելու:

– Ամբաստանյալի վարակվելը այլ նստավայր տեղափոխվելուց առա՞ջ էր թե՞ հետո:

– Այդ նիստին, երբ մենք բարձրաձայնեցինք սոցիալական հեռավորության անհրաժեշտության մասին, նա արդեն վարակված է եղել, սակայն այդ տեղեկությունը դատավարության մասնակիցները դեռ չեն ունեցել: Այդ նիստը հետաձգվել է՝ հենց հեռավորության հարցը լուծելու համար, եւ մի քանի օր անց արդեն պարզվել է, որ վարակակիր կա, իհարկե, նա մեկուսացել է, բուժում է ստացել, արդեն, փասք Աստծո, բուժվել է:

Խնդիր կա նաեւ աշխատանքի արդյունավետության առումով․ պատկերացրեք՝ ձեր պաշտպանյալին երկու մետր հեռավորության վրա նստեցնեն, դատաքննության փուլում իրար ասելու ինչ-որ բան ունենաք եւ չկարողանաք այդ հնարավորությունից օգտվել։ Այսինքն՝ արդարադատության իրականացումը տեխնիկապես բարդացել է՝ այդ վտանգներով պայմանավորված, եւ պաշտպանության իրավունքն էլ կարող է տուժել այդ օբյեկտիվ պատճառներով:

– Տիկին Ֆանյան, ԲԴԽ-ից մեզ տեղեկացրել են, որ նիստերը դահլիճներն ամեն օր առնվազն 2 անգամ ախտահանվում են, բոլոր նիստերից հետո օդափոխություններ են անում… Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում դատական համակարգի կանխարգելիչ միջոցառումները վարակի տարածման դեմ:

– Խիստ անարդյունավետ, ավելին ասեմ, ոչ մի բան էլ չի ախտահանվում, կարող է օրվա ընթացքում մեկ անգամ ախտահանվի, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ դատավորներն իրենք են նյութական միջոցներ հավաքում, որպեսզի կազմակերպեն, գան, ախտահանեն։ Գուցե սա շատ վատ հնչի իրենց համար, բայց ախտահանման մակարդակը հակահամաճարակային կանոնների պահմանպան տեսանկյունից գրեթե զրոյական է։ ՓՊ-ում հատուկ աշխատակից է ընդունվել, որպեսզի 4 հարկ անընդմեջ մեր սենյակները 15 րոպեն մեկ ախտահանի՝ սեղաններով, համակարգիչներով, մկնիկներով, դա հսկայական աշխատանք է։ Օդափոխությունը, չեմ վիճում, գուցե իրականացվում է, բայց իմ մասնակցած գործերով ես չեմ տեսել, որ նիստից հետո ախտահանեն, նոր հաջորդ նիստի մասնակիցները ներս հրավիրվեն, գուցե որոշ դատարաններում այդպես է, չեմ բացառում, բայց բազմաթիվ դատական նիստերի եմ մասնակցել, եւ ասում եմ, որ անվտանգության միջոցները չեն պահպանվում այն մակարդակով, որով անհրաժեշտ է։ Այո, ջերմաչափումը, առանց դիմակի ներս չթողնելը պահպանում են սրբորեն, բայց դահլիճները յուրաքանչյուր դատական նիստից հետո չեն ախտահանվում։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031