Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. Ժողովուրդը հոծ զանգվածներով այլեւս չի կարող փողոց-հրապարակ դուրս գալ ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմից. «Ազգ»

Հուլիս 04,2020 10:50

Մինչ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժողովրդականության ցուցանիշը ներկայիս չի գերազանցում 9, նույնիսկ 7 տոկոսը, իշխանական կողմը շարունակում է վկայակոչել արդեն երկու տարի առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններում իր գերազանցՙ 70,43 տոկոս արդյունքները, իրավունք վերապահելով իրեն խոսելու ժողովրդի, ո՛ղջ ժողովրդի անունից, ոտնատակ տալով թե՛ օրենսդրությունը, թե՛ օրինականությունը, թե՛ իրավունքը, թե՛ իրավագիտությունը, նաեւՙ ժողովրդի շահը:

Առիթ ունեցել եմ գրելու եւ խոսելու 2018 թ. մայիսյան ընտրությունների համաժողովրդական չլինելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած պաշտոնական արդյունքները շատ բան են ասում այդ մասին եւ ցույց են տալիս, որ ոչ ոք, ներառյալ Հանրապետության հրապարակում հսկայական բազմություն հավաքած վարչապետ Փաշինյանը իրավունք չունի խոսելու համաժողովրդական աջակցության մասին, առավել եւս հիմաՙ փորձանավոր այս երկու տարիներից հետո: Բավական է հիշել, որ ըստ պաշտոնական այդ արձանագրության, քվեարկելու իրավունք ունեցող, բայց չքվեարկած քաղաքացիների թիվը շուրջ 70 հազարով գերազանցում է քվեարկածների թիվը: Ավելացրեք դրա վրա ընտրություններում հօգուտ «Իմ քայլին» չքվեարկածների շուրջ 40 տոկոսը եւ կունենաք հստակ պատկերը իշխանությունների վայելած ժողովրդականության մասին՝ շուրջ 30 տոկոս, որը շատ քիչ է «ժողովրդի դիկտատուրա» հայտարարելու համար:

Այդ պատկերում ամենակարեւորըՙ այսպես կոչված «լուռ մեծամասնության» առկայությունն է: Ի բացակայության մասնագիտական հարցախույզների, մենք չգիտենք ա՛յդ մեծամասնության կարծիքը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր տեղի ունեցողի մասին: Չգիտենք նաեւ վերոհիշյալ 30 տոկոսի կարծիքը, որն անշուշտ փոփոխված պետք է լինի անցնող երկու տարիների ընթացքում: Համենայնդեպս, դժվար է ասել, թե որքանով է ընդունելի ընդդիմության հայտարարած 7-9 տոկոսը, եւ է՛լ ավելի անհիմն է կարծելը, թե ի վնաս Փաշինյանի նվազած ձայները, ներկա պարագայումՙ աջակցությունը, փոխանցվելու է ընդդիմադիրներին: Նման թվաբանություն չի՛ կարող լինել:

Ո՞րն է ընդդիմադիրների նման ենթադրությանը տուն տվող պատճառը` դարձյալ անորոշ է. իշխանությունների թույլ տված իրարահաջորդ սխալների առատությո՞ւնը, դրանց նկատմամբ հասարակության ավելի լայն խավերի բնական դժգոհությո՞ւնը, համավարակի դեմ արդյունավետ պայքարի ձախողո՞ւմը, ֆեյսբուքյան հակաիշխանական գրառումների առատանա՞լը: Այդ եւ այլ հարցերի պատասխանը հստակ կլիներ, եթե մեր ձեռքի տակ ունենայինք ազգաբնակչության կարծիքն ստուգող գիտական ուսումնասիրությունՙ հարցախույզ: Այսուհանդերձ, ընդդիմությունը հույս ունի, որ հանրության լայն զանգվածներն ի վերջո դուրս կգան փողոց, նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, եւ կտապալեն ներկա իշխանությունը:

Իմ տպավորությամբ, դատելով խորհրդարանական ընդդիմության առաջնորդին՝ Գագիկ Ծառուկյանին ի պաշտպանություն բողոքի բավական մարդաշատ հավաքներին ի պատասխան «տասն անգամ ավելի» ցուցարարների փողոց դուրս հանելու վարչապետ Փաշինյանի սպառնալիքից, նույնը անելու հույսեր է փայփայում նաեւ իշխանությունը, որը շարունակում է երանությամբ հիշել եւ վերհիշել 2018 թ. իր «աստեղային ժամերը»:

Զուր հույսեր՝ երկուստեք: Մեր ժողովուրդը, նրա ակտիվ հատվածը նկատի ունեմ, սպառել-մսխել է իր ներուժը, ներքին եռանդը, ուժասպառ է եղել ներկա անհեռանկար պայմաններում: Հոծ զանգվածներով նա այլեւս չի կարող փողոց-հրապարակ դուրս գալ ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմից:

Առավելագույնը, որը կարող է անել մեր ժողովուրդը, ամենավատն է մեր երկրի ու պետականության համարՙ ճանապարհների վերաբացումից հետո փախչելն է երկրից, արտագաղթելը, կամ, ինչպես ամերիկացիներն են ասում՝ ոտքով քվեարկելը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031