Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Խնդրեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին՝ մեկնաբանել իրավիճակը եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը։
– Ի վերջո, ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային։
– Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի կողմից տրված մի շարք հարցազրույցների հետքերով լայնորեն քննարկվում է իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակներում հանրակրթական դպրոցի առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման պարագան։ Ողջ այս գործընթացի եւ եկեղեցուն հասցեագրված մի շարք արտահայտությունների կապակցությամբ ցանկանում եմ տարակուսանք հայտնել։ Շարունակ հնչող հայտարարություններով, որ նախարարությունը բաց է համագործակցության ու քննարկումների համար, փորձ է արվում տպավորություն ձեւավորել, իբրեւ թե եկեղեցու կողմից քայլեր չեն կատարվում այդ ուղղությամբ, ընդառաջում չկա կառուցողական համագործակցության ձեւավորման հարցում։ Այնինչ շուրջ մեկ տարի առաջ ստեղծված աշխատանքային խմբի (որի իրավասության շրջանակներում էր՝ զբաղվել ՀԵՊ առարկայի եւ այլ կրթական հարցերով) աշխատանքը կաթվածահար էր եղել, որովհետեւ նախարարությունն անպատասխան էր թողնում Մայր Աթոռի նշանակած հանձնախմբի անդամների բոլոր դիմումները եւ փորձերը՝ շարունակելու աշխատանքներն Ամենայն Հայոց Հայրապետի եւ ՀՀ վարչապետի սահմանած ձեւաչափում։ Թերեւս անպատրաստ էին այդ ժամանակ հարցերին պատասխաններ տալու։ Եվ երբ այլեւս որոշում է կայացվել, ըստ փոխնախարարի, «․․․լիովին պատրաստ են այդ խոսակցությանը», պատրաստ են համագործակցության եւ լայն քննարկման։
Անկախ ամեն ինչից, հավատարիմ մեր առաքելությանը եւ ժողովրդին ծառայելու ուխտին, Մայր Աթոռը շարունակում է պատրաստակամություն դրսեւորել թե՛ մասնագիտական, թե՛ հանրային քննարկումների մասնակցելու հարցում։ Միեւնույն ժամանակ դժվար ենք պատկերացնում, թե ինչպե՛ս կարելի է քննարկել, եթե նախարարությունը, դատելով հայտարարություններից, արդեն ունի ձեւավորված քաղաքական դիրքորոշում։ Սա անընդունելի մոտեցում է։
Կարդացեք նաև
Ի վերջո, այս առարկայի նպատակը նախ մեր ժողովրդի շահն է, մեր հայրենաբնակ ժողովրդի մեծամասնություն հանդիսացող եկեղեցու զավակների, նախարարության պաշտոնեության, աշխատակիցների ու նրանց զավակների շահը, նաեւ այս առարկայի միջոցով երիտասարդ սերնդի դաստիարակությունը եւ երաշխավորությունը, որ նոր սերունդը հասակ է առնում իբրեւ իրազեկ քաղաքացի՝ ազգային գիտակցությամբ ամուր, արդի գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների իմացությամբ հարուստ, մերօրյա աշխարհի մարտահրավերների հորձանուտում՝ կառչած դարերի փորձություններ հաղթահարած իր արժեքային համակարգին։
Այս առումով ընկալելի է այն ընդվզումը, որն առաջացել է կատարված հայտարարությունների առնչությամբ։ Հայոց եկեղեցին այս հարցում պատասխանատվություն ունի։ Առաջիկայում, վստահ եմ, տեղի կունենան անհրաժեշտ բաց եւ լայն քննարկումներ պատասխանատու կառույցների հետ, եւ այդ քննարկումների վերաբերյալ պատշաճ կիրազեկվի նաեւ ժողովուրդը։ Եկեղեցին երբեւէ չի զլանում համագործակցության ոգի դրսեւորել, առավել եւս՝ երբ հարցը վերաբերում է ազգի ապագային։ Այս առումով եկեղեցին ակնկալում է Հայաստանում եւ սփյուռքում բոլոր կարող հայորդիների եւ ազգային կառույցների մասնագիտական գործուն ներգրավվածությունը։
Անձնապես իբրեւ ծնող, նաեւ երկար տարիների դասախոս՝ չեմ կարծում, որ հենց այս առարկան էր վնասակար մեր զավակների համար եւ ավելորդ՝ հանրակրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։ Տպավորությունս է, որ չափորոշիչը մշակվել է սոսկ այս նպատակով։ Այո՛, բոլորս մտահոգ ենք դպրոցի զարգացման համար։ Մնացյալը՝ պաշտոնական դիրքորոշմամբ։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում