Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
Կարդացեք նաև
Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգանալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ