Հայ-ռուսական հարաբերություններն արդյոք ունե՞ն փրկելու կարիք, ՀՀ իշխանությունները նախօրոք տեղյակ եղե՞լ են Հանրայինի ռեպորտաժի մասին, դա քաղաքական մեսի՞ջ էր, թե՞ սովորական լրագրողական նյութ. այս ամենի շուրջ զրուցել ենք Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի հետ:
– Պարոն Սանդիկով, վստահաբար տեղյակ եք, որ ռուս քաղաքական գործիչ Նավալնիի մասնակցությամբ Հանրային հեռուստաընկերության տեսանյութը առիթ հանդիսացավ, որ Հայաստանում եւ Ռուսաստանում որոշ շրջանակներ սա ընկալեն կամ համենայնդեպս ներկայացնեն որպես ՀՀ իշխանությունների կողմից մեսիջ, հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու փորձ եւ այլն: Նախ, ինչպե՞ս եք գնահատում տեսանյութին հաջորդած այդ աղմուկը:
– Իմ համոզմամբ, Ռուսաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լուսաբանելու հարցում Հանրային հեռուստաընկերության միտումը եւ նպատակը հնարավորինս օբյեկտիվ պատկեր (այսինքն՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր դիրքորոշումները, եւ հանրության կարծիքը ներկայացնելու) ցույց տալն էր, եւ դա տալիս էր ընդհանուր պատկերի մասին տեղեկատվություն: Անձամբ Նավալնիի առումով, անկեղծ ասած, ես ինքս էլ կիսում եմ այդ միտքը, որ պետք չէր հենց նրա տեսանյութը ընդգրկել ռեպորտաժի մեջ, որովհետեւ Նալավնու կերպարը թե հայերի համար է անընդունելի՝ որպես հայատյաց, թե Ռուսաստանում է նա ընկալվում որպես ծայրահեղական: Այդ պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ քաղաքական գործչի հետ հարցազրույց անելը կամ կարծիք հարցնելը, որպեսզի այն խնդիրը, որ դրված էր Հանրայինի առջեւ՝ օբյեկտիվություն, բազմակարծության, խոսքի ազատություն ապահովել տեղեկատվության առումով, այդ բոլոր խնդիրները կատարված կլինեին: Ուստի ես ինքս էլ չեմ ողջունում, որ հենց Նավալնու տեսանյութն էր ընդգրկվել, որը թույլ տվեց այդ դաշտի վրա ստեղծել հակառուսական տրամադրություններ:
– Պարոն Սանդիկով, իսկ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները կարո՞ղ են կախված լինել որեւէ եթերից, որեւէ հայտարարությունից:
Կարդացեք նաև
– Համոզված եմ, որ ո՛չ: Իհարկե կարելի է դա դիտարկել որպես ազդակ՝ ուղղված հասարակության այս կամ այն զանգվածին: Բայց գլոբալ առումով քանիցս թե՛ վարչապետի, թե՛ մեր քաղաքական թիմի կողմից հնչեցվել է, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ Հայաստանը վարում է վիզը ծուռ արտաքին քաղաքականություն մեր գործընկերների հետ՝ լինի Ռուսաստանի Դաշնություն, թե լինեն այլ երկրներ: Մենք փորձում ենք շիտակ երկխոսության ճանապարհով բոլոր կնճռոտ հարցերը կարգավորել, եւ ես համոզված եմ, որ ցանկացած գործընկեր երկրի մենք պետք ենք նույնչափ, որքան որ այդ երկիրը մեզ: Այստեղ փոխշահավետության եւ փոխըմբռնման վրա խարսխված գործընկերության մասին է խոսք գնում, ոչ թե ինչպես սոցցանցերում են սիրում՝ հպատակ կամ կայսրություն տերմիններ օգտագործելով երանգներ ապահովել այդ գործընկերության համար:
– Ուղղակի եղել են դեպքեր, որ ռուսական եթերում եղած որեւէ ռեպորտաժ ներկայացվել է որպես Ռուսաստանի ղեկավարության մեսիջ՝ ուղղված իրենց հայ գործընկերներին:
– Դե գիտեք, հենց այդ նույն ռեպորտաժների համատեքստում էլ, դրան զուգահեռ հնչել է պետական պաշտոնյաների արձագանքը, որ դա բոլորովին չի ներկայացնում պաշտոնական դիրքորոշումը եւ ընդամենը լրագրողների աշխատանքն է, որը բացարձակ կապ չունի պաշտոնական դիրքորոշման հետ: Կարծում եմ մեր երկրների ղեկավարները քանիցս ապացուցել են, որ եթե իրար բան ունեն ասելու, երկխոսությունը միշտ կա: Նույնիսկ երեկ մեր ընդդիմադիր գործընկերները նշում էին, որ սա միտում ունի Հայաստանում գործող ռուսական գործող ռազմաբազան այստեղից հանել: Կարծում եմ, որ գործը ապացուցում է լրիվ հակառակը, որովհետեւ հենց անցած տարի մեզ մոտ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցն էր, որի ընթացքում կրկնապատկվեց ռազմաբազայի պոտենցիալը: Այնպես որ կրկնում եմ՝ այս օրակարգը կեղծ է եւ գոյություն չունի, դա ինչ-ինչ դիվիդենտներ շահելուն միտված օրակարգ է:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում