Ավելի քան երկու տարի իշխանության եւ նրա կողմնակիցների շուրթերից ես լսում եմ. «Հին համակարգը դիմադրում է, հակաժողովրդական, հակահեղափոխական տարրերը դեռեւս չեն ջախջախվել»: Քանի որ կյանքիս առաջին 30 տարիների ընթացքում ես ապրում էի Խորհրդային միությունում, ես, իմ հասակակիցների նման, ուսումնասիրում էի այդ երկրի պատմությունը: Իրականում ոչ միայն ստիպված էի դա անել, այլեւ դա ինձ հետաքրքիր էր, եւ հիմա էլ, հավանաբար, այդ պատմությունը չի կորցրել արդիականությունը, քանի որ այսօրվա Հայաստանում ապրող մարդիկ կա՛մ անձամբ ապրել են այդ ժամանակաշրջանում, կա՛մ ապրածների ժառանգներն են:
Եվ ահա այդ պատմությունից մենք գիտենք, որ բոլշեւիկներն իրենց իշխանության առաջին 20-25 տարիների ընթացքում նույնպես կարծում էին (կամ ձեւ էին անում, թե կարծում են), որ կա ներքին դիմադրություն, որը պետք է կոտրել ամենադաժան միջոցներով: Ովքե՞ր էին դիմադրողները՝ «բուրժույները», «կուլակները», հեղափոխության արժեքների հանդեպ կասկածելի դիրքորոշում ունեցող հոգեւորականները, մտավորականները, պրոֆեսիոնալ զինվորականները: Բոլոր այդ խմբերի ներկայացուցիչները բնութագրվում էին որպես «недобитая контра»՝ «վերջնականապես չջախջախված հակա»-ներ:
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բոլոր «անբարեհույս տարրերին» ոչնչացնելուց հետո բոլշեւիկները դարձյալ պնդում էին, որ ներքին դիմադրությունը եւ դավադրությունները շարունակվում են: Իսկ ովքե՞ր էին այդ դեպքում «դավեր նյութում». բնականաբար, յուրայինները՝ այն մարդիկ, որոնց հետ միասին ջախջախում էին «նախկին հանցավոր»՝ ցարական ռեժիմի ներկայացուցիչներին: Նրանք, պարզվում է, սկզբից, ճիշտ է, հեղափոխական էին, իսկ հետո «դավաճանեցին հեղափոխական արժեքներին»: Կառավարման այս ձեւը մշտապես ենթադրում է «դիվերսանտների», «սաբոտաժնիկների», «համաշխարհային իմպերիալիզմի գործակալների», «5-րդ շարասյան» եւ այլ ներքին թշնամիների առկայությունը:
Նրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ էին «նոր մտածելակերպ» ունեցող մարդիկ, եւ նրանց դաստիարակելու նպատակով մշտական հարձակումների էին ենթարկվում հասարակական երկու հիմնական ինստիտուտները՝ եկեղեցին եւ ընտանիքը (դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ ուրիշ անգամ): Ինչպե՞ս այդ ամենն ավարտվեց: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ստալինը հասկացավ, որ մարդիկ իրենց հողը չեն կարող պաշտպանել «հեղափոխական գաղափարներով», որ նրանց պետք է հիմնավոր մոտիվացիա, որը տալիս են միայն ավանդական, պահպանողական արժեքները: Հենց այդ ժամանակ իշխանությունը սկսեց «ժեստեր անել» եկեղեցու, այն թվում՝ Մայր աթոռի եւ մեր Սփյուռքի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Իհարկե, մենք հիմա ապրում ենք բոլորովին այլ պայմաններում, եւ բռնապետությունն էլ մեզ, բնականաբար, չի սպառնում: Բայց որոշակի օրինաչափություններ, այնուամենայնիվ, կրկնվում են: Հիմա էլ ենք մենք լսում՝ «ահա, ընտրություններն ավարտվեն, ահա, սրան կամ նրան կնստեցնենք, ահա այս կամ այն ուժը պատմության աղբանոց կուղարկենք, ահա Սահմանադրական դատարանը կցրենք… եւ կսկսվի նոր երջանիկ կյանքը»: Բայց ամեն մի փուլից հետո «պարզվում է», որ ներքին թշնամիներ եւ դավադիրներ, այնուամենայնիվ, կան: Ինչպե՞ս է դա ավարտվելու: Առաջարկում եմ ընթերցողներիս խոսել դրա մասին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կավարտվի «Սարոյան եղբայրներ» – ով և «Նվագախմբի տղաներ» – ով:
Կավարտվի ինչպես մինչ այժմ եղած հեղափոխությունները՝ինքնալուծարմամբ….
Որքան պիտի ուզէի ասել թէ, խնդիրը այդքան ալ լուրջ չէ, վերաբերւում է միայն բառապաշարի. թէ՝ «ներքին թշնամի», «ազգին դաւաճան» եւ նոյնանման յորջորջումները լոկ լեզուական, պատկերաւոր – եւ բացառապէս զգացական – չափազանցութիւններ են միայն:
Խորապէս ցաւագին իրականութիւնը այն է որ, սակայն, Հայոց Պատմութեան լրիւ տեւողութեան, եւ մինչեւ տակաւին ժամանակակից, արդի, ոչ շատ հեռաւոր ժամանակներ, հայութեան մէջ տեղի ունեցած են մեծաթիւ եղբայրասպան դէպքեր:
Հետեւաբար, Խմբագրին մատնանշած խնդիրէն աւելի լուրջը չկայ, Հայութեան համար…
Ես, լուծում չեմ տեսներ: Սակայն վստահաբար իմ ազգային կեանքս եւ գործունէութիւնս կը շարունակեմ հիմնել այն ըմբռնողութեան վրայ որ, չկան ներքին թշնամիներ, այլ կան՝ ներազգային, դժբախտաբար ծայրագոյն աստիճանի, տարակարծութիւններ: Այլազան բնոյթի, բիւրաւոր, էական տարակարծութիւններ:
Տառացիօրէն անկարելի է որ, նշանակալից համեմատութեամբ՝ համաձայնութիւն, համախոհութիւն գոյանայ հայերի միջեւ: Հայոց միասնութեան, միասնականութեան փրկարար հրամայականի վերաբերող այդ սիրուն, իմաստուն, որպէս անհերքելի ճշմարտութիւն պարբերաբար կրկնուող, մաշած հանկերգն ալ – իր Չարենցեան պատգամի դասական տարբերակով, ներառեալ -, խորքին մէջ, անիմաստ է: Դատարկ խօսք է: Նոյնիսկ շատ վշտագին է, անախորժ է, քանզի ամէն անգամ որ զայն լսես, կ’անդրադառնաս որ այդ՝ երբեւիցէ չի եղել, երբեք չի լինելու, չշարունակենք պարապ տեղը ինքզինք խաբել: Գոնէ այդ մէկ պատրանքը դուրս հանենք նկարից:
Լաւագոյն պարագային, Հայութեան մէջ կարող ենք հաստատել ներքին, ներազգային, բարձր տարողութեամբ՝ հանդուրժողականութիւն: Այսինքն, զիրար սիրելու ապարդիւն ճիգերը այլեւս լրիւ մոռանանք, վսյո՛, ու ջանանք գոնէ մէկս միւսին հանդուրժել:
Շարունակենք աշխատիլ այդ ուղղութեամբ… Տենանք…
Մ. Հայդուկ Շամլեան
https://haytougchamlian.blog/
Այս գործընթացը չի ավարտվի, երբեք չի էլ ավարտվել և ըստ իս, կառավարման համակարգը այստեղ այնքան էլ էական չէ: 2-րդ Աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում փնտրում և գտնում էին կոմունիստների, ԽՍՀՄ-ում արևմտյան գործակալների, հիմա փնտրում են ահաբեկիչների, հոմոսեքսուալների, տոլերանտների, սևերի, սպիտակների և այսպես շարունակ… Արտաքին-ներքին թշնամին, վտանգը միշտ պետք է լինեն, հակառակ դեպքում ումից պետք է պաշտպանի մեզ Պետությունը… Իմ կարծիքով այստեղ խնդիրը այդ խաղով շատ տարվելն է, ինչի արդյունքում չենք նկատում իրական վտանգները:
Լենինի հուշարձանի տեղում (այժմ Հանրապետության հրապարակ) պետք է տեղադրել վեց մետրանոց, վեց անկյունանոց, վեց անարգանքի սյուն:
մէջբերում՝ «Արտաքին-ներքին թշնամին, վտանգը միշտ պետք է լինեն, հակառակ դեպքում ումից պետք է պաշտպանի մեզ Պետությունը…»
կը ներէք, բայց արտաքին թշնամին արդէն լայնօրէն բաւարար չէ՞… արդարացնելու համար Պետութեան գոյութեան պատճառը… իսկ յատկապէս Հայաստանի պարագային, երեւի «պէտք եղածից» ել շատ են, այդ արտաքին իսկական թշնամիներն ու վտանգները… մինչ Պետութիւնը դեռ լրիւ կազմուած իսկ չէ…