Լրահոս
Օրվա լրահոսը

Ի զե՞ն

Հուլիս 04,2020 14:00

Ամբողջ աշխարհում է իշխանության համար պայքարը կոշտ: Ինչպես 2003թ.-ի ոստիկանական խայտառակ կոշտությունների մասին ասաց Գուրգեն Արսենյանը, «ուժային կառույցները բարերկիրթ օրիորդների դպրոց չեն»:

Ուժային է եւ քաղաքականությունը, որը Հայաստանում, ձեւավորված ավանդույթի համաձայն. անբարոյականության հետ է ասոցացվում: Ցավալի է, բայց բնական. յուրաքանչյուրն իր փչացածության չափով է չափում, ինչպես կասեր մեր Վարչապետը:

Ամենակոշտ դիմակայություններ մեր սերունդը տեսավ նույնիսկ ամերիկյան մի քանի ընտրություններից հետո, թեեւ ԱՄՆ-ն աշխարհում ամենից կանոնակարգված երկիրն է ու գերտերությունը: Պետականության ավանդույթները հազար տարի առաջ մոռանալ սկսած Հայաստանի ներկա սերնդի համար, բնականաբար, վերոնշյալ «բարեկիրթների» մասին երազելն իսկ բացառվում է, եւ սպասելի էին վայրենության միտող կոշտությունները: Բայց մինչեւ ո՞ւր կարող է հասնել մեր վայրենի վարքը, միմյանց մինչեւ վերջ ոչնչացված տեսնելու մոլուցքը, որից այն կողմ միայն ամայությունն է:

Ամբողջ օրգանական աշխարհին է հատուկ ագրեսիայի որոշակի չափաբաժինը, բայց բարձրակարգ հանրույթներն այդ ագրեսիան կա՛մ գիտակցված ուղղորդում են դեպի հոգեբանական «Ուրիշը»՝ օտարը, կա՛մ սուբլիմացնում այն՝ դրական արդյունքներով: Մի քանի տարի առաջ պայթեց «Volkswagen» ֆիրմայի աճպարարությունը, երբ համաշխարհային սպառողին խաբել էին արտանետվող գազերի հաշվարկներում եւ չափող սարքերում: Գերմանացիք խաբել էին աշխարհին, ամերիկացիք բացահայտեցին, եւ «Volkswagen»-ը աներեւակայելի մեծ տույժեր վճարեց, այսինքն՝ պատժվեց, մի պահ նույնիսկ սնանկացման եզրին հասցվեց: Մենք այդպես խաբել չենք կարողանում, այլ մանր խորամանկում ենք, այն էլ՝ ոչ թե «Ուրիշի» հետ հարաբերվելիս, այլ բացառապես սեփական ժողովրդի՝ հոգեբանական «Մենք»-ի:

Այսպես. մեր եթերը 2018թ. գեղեցիկ դեպքերից անմիջապես հետո, օրեր շարունակ զբաղեցված էր «Սերժի Վաչոյի» եւ միլիոնավոր դոլարների տեսագրություններով, ու հանկարծ՝ լռություն: Ու այսպես բազում տարբեր տեսարաններ, միմյանց հաջորդող ու միմյանցից տարբեր. այդպես հագեցվում է «տեսարանների» բնական քաղցը: Վերջերս եկավ, ասենք, «100 տոկոսով» Կառավարության փոփոխություն պահանջելու ծառուկյանական հոխորտանքը, որին հաջորդած դատական ներկայացումներից հետո իջնում է «պայծառ երեկոն»՝ ԲՀԿ-ի պատասխանատուների իրարհաջորդ վարակակիր դառնալը. մի երկնային փրկօղակ, մանանա: Շուտով կիջնի նաեւ սրա լռությունը՝ «Սերժի Վաչոյի» ոստիկանական տեսագրությունների հանգույն: Եվ այսպես շարունակ: Ցանկացած հոգեբան կասի, որ անհատի պարագայում ֆրագմենտալ, հատվածային, կտրտված, չփոխշաղկապված ուշադրությունն ու հիշողությունը հոգեկան հիվանդագին դրսեւորումներ են: Նույնն է մեր հանրային կյանքում. ուշադրության ցրում, կենտրոնանալու, պատճառահետեւանքային կապերը տեսնելու դժվարություն ու անհետեւողականություն՝ փնթի տնայնագործություն. մեզ միայն տեսարանները բավարար են, մանավանդ երբ դեռ նվազագույն հացը կա:

Փոթորկվող աշխարհի անհանգիստ մեր տարածաշրջանում այսպիսի գերցրված, չհամակարգված մեր աշխարհայեցմամբ ունակ կլինե՞նք մի կողմ թողնելու ներազգային մանր խորամանկությունները, միմյանց որպես մահացու թշնամի ատելը, ունակ կլինե՞նք ընտրելու համակարգված՝ պետականավայել ռազմավարություն ու մարտավարություն, երբ Նախիջեւանում ադրբեջանական սիմվոլիկայով թուրքական ժամանակակից զինուժ է կուտակվում: Եթե միայն այն պատճառով, որ իշխանությունն է հորդորում ու պահանջում դիմակ կրել, որոշակի կանոնների հետեւել, մենք համատարած հակաքարոզ ենք ծավալում ու ամեն իրական ու հորինովի մեղքերի մեջ ընկղմում Կառավարությանը, հնարավո՞ր է, որ մրցունակ ազգ լինենք, ինչպիսին եղանք 1990-ականների առաջին կեսին, որը հետո «Պատերազմի ու Հաղթանակի տարիներ» անվանելու փոխարեն անզգամաբար կոչեցինք «մթի ու ցրտի տարիներ»: Ե՛վ մեր ամնեզիան, եւ՛ մեր այս հակադրումները դարձյալ մոլեռանդ վայրիության մեջ են՝ ոչ հարիր արդեն 30 տարվա պետականության փաստին:

Կարծես թե ներազգային կյանքում նորմ է դառնում մեղադրել միմյանց ոչ միայն ակներեւ բաներում, այլեւ հանիրավի վերագրումներով ահաբեկելը: Այդպես «վախեցնում» են գեներալից սկսած՝ «Բա որ ես խոսեմ» ասելով, մինչեւ երբեմնի շատ բարձր պաշտոնյան, ով սեփական «ագենտուրան» բացահայտելու սպառնալիք է հղում տեսաուղերձով: Իսկ դրա համար մի շատ պարզ ու քաղաքակիրթ միջոց կա, որ Հայրիկյանն արդեն 30 տարի կրկնում է՝ անենք լյուստրացիա, հնարավորություն տանք մարդկանց վերջապես թեթեւանալու նախկին մեղքի՝ ստոր համագործակցության բեռան տակ ապրելու վախից ու այդ վախից նորանոր ստոր համագործակցությունների գնալու պարտադրանքից: Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միմյանց գրպան «թմրանյութ գցելու» եւ թմրանյութի հոդված շուլալելու ավանդույթը ոչ միայն հրապարակային է դառնում, այլեւ դարձյալ վայրենի ու մոլեգին: Իսկ մոլեգնության մեջ շուրջը տեսնելն անհնարին է, ինչպես որ անհնարին է դարձել սթափ տեսնելն ու գնահատելը COVID-19-ի բերած աշխարհակարգի արագընթաց փոփոխությունը, մեր տեղը կամ այդ տեղի բացակայությունն այնտեղ:

Խրամատավորման ու «քաղաքական» անզիջում պայքարի հեռավոր արձագանքն արդեն ազգային բնույթի կերպարանք է ստանում: Քանի-քանի անգամ լսած կլինեք. «Ինձ որեւէ այլազգի չի խաբել, միայն հայերը, ուստի պետք է գնալ այնպիսի տեղ, ուր հայեր չկան»: Ավելին՝ մանավանդ արտագաղթած հայերը խուսափում են շփվել միմյանց հետ, որովհետեւ յուրաքանչյուրը դիմացի հայի մեջ իրեն է տեսնում՝ խորամանկելու, խրամատավորվելու, չարանալու պատրաստ: Խորհրդային Հայաստանում հեգնում էին, թե նույնիսկ Ապրիլի 24-ին Սփյուռքի դաշնակցականները, ռամկավարներն ու հնչյակյաններն առանձին-առանձին են սգահանդեսներ անում. մեծավ մասամբ ճիշտ էր խորհրդային այդ պնդումը, որը երբեմն անցնում էր նույնիսկ վայրենության սահմանը: Կարելի է ընդամենը թերթել սփյուռքահայ քաղաքական մամուլն ու տեսնել, թե ինչ փոխադարձ ահաբեկումներ էին անում նույնիսկ զինյալ խմբավորումները, որոնք ի խորոց սրտի կոչվել էին թուրք պաշտոնյաներին ահաբեկելու համար: Հիմա այդ մթնոլորտի հոգեբանական պատրաստակամությունն ամրանում է Հայաստանում: Այստեղ իրար չսպանելու պատճառը մի՞թե միայն այն էր, որ Խորհրդային Միությունը մեզ թույլ չէր տալիս: Այսինքն համակեցության օրենքը խո՞րթ է մեզ, ու մենք կարող ենք միմյանց չհոշոտել միայն օտարի հզոր ձեռքի տակ լինելո՞վ: Սա՛ է ներարկվում մեզ, եւ մենք ակամա դառնում ենք ինքներս մեզ ոչնչացնող կացնի կոթը, իբրեւ թե մենք ինքնակազմակերպման ունակ ազգ չենք, այլ ձախողված ու դատապարտված հանրույթ:

Պատերազմը, որի ընթացքում դադարեցվում են ներքին բոլոր հակասությունները, ոչ միայն համավարակն է, այլեւ առաջին հերթին ներազգային անզիջումությունը, մեր ներքին խաղաղության ու կենտրոնացման բացակայությունը: «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, եւ ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում»,- զգուշացնում է Ավետարանը:

Հիմա ամեն մի բաժան հատված՝ իշխանություն թե ընդդիմություն, «Ի զեն» է կանչում: Մենք արդեն պատից կախել ենք բազում հրացաններ, որոնք կրակելու են. հարցն այն է, թե ազգի սերուցքին կհաջողվի՞ այդ կրակոցները շեղել այլ ուղղությամբ կամ սուբլիմացնել որպես դրական էներգիա: Մենք նմանվում ենք այն կռվող եղջերուներին, որոնց եղջյուրները խառնվել են իրար, ու նրանք չեն կարողացել ո՛չ կռիվը շարունակել, ոչ անջատվել միմյանցից: Ու այդպես ուժասպառ ընկել են ու կեր դարձել բորենիներին:

Իհարկե քաղաքական պայքարը կոշտություն է ենթադրում, երբեմն՝ անզիջում կոշտություն, բայց դա ամենեւին չի նշանակում, թե վայրենությունն է դրա սահմանը: Իսկ սահմանները գծում ենք մենք. ո՛չ մի ռուս, եվրոպացի, ամերիկացի, չինացի… մեզ չի կարող ստիպել ինքնաոչնչանալ, եթե այդ մեխանիզմն ինքներս չաշխատեցնենք մեր մեջ: Եվ մենք ունակ ենք այդ սահմանները գծելու, եթե մի պահ հիշենք, որ երբ 100 տարի առաջ աղետը եկավ, չխնայեց, ո՛չ առաքելականին, ո՛չ կաթոլիկին, ո՛չ բողոքականին, ո՛չ դաշնակցականին, ո՛չ արմենականին: Անմոռուկը պետք է ոչ այնքան վարսավիրանոցներից մինչեւ ֆեյսբուքի պատերին նկարել, այլ մեր մտքերում, երբ ամեն անգամ փորձում ենք արտաբերել «օր առաջ հեռացնել» կամ «տեղ ունեն միայն հեղափոխության արժեքները կրողները» արտահայտությունները: Ու երբ այդ հասարակ բանն անենք, չի կարող աշխատել արկածախնդրական «ի զեն»ը:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031