«4 դպրոցահասակ երեխայի հայր եմ. այն իմ երեխաների ու բազմաթիվ երեխաների սիրելի առարկան է»,-ասում է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը
«Հայաստանի հասարակության շուրջ 95%-ը պատմականորեն մեր եկեղեցու հետեւորդներ են եւ իրավունք ունեն հանրակրթական դպրոցում ուսանելու իրենց Մայր եկեղեցու պատմությունը»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ կրթական նոր չափորոշչից եւ ծրագրերից դուրս բերվելուն եւ այլ առարկաների մեջ ներմուծելուն՝ ասաց Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Նրա խոսքով. «Հայաստանի տարածքում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունները դպրոցում սիրով են սովորում ՀԵՊ առարկան, նրանց համար էլ դա հնարավորություն է ճանաչելու Հայ եկեղեցին, ինչպես օտար երկրներում ապրող հայերը սովորում են տվյալ երկրի եւ եկեղեցու պատմությունը։ Տարբեր կեղծ արժեքներ կրող եւ օտարերկրյա կառույցների անհեռանկար եւ ոչ արդարացի պահանջով չի կարելի մեր երեխաներին զրկել հանրակրթական դպրոցում սեփական եկեղեցու մասին գիտելիքներ ձեռք բերելու օգտակար հնարավորությունից։ Հույս ունեմ, որ հայրենի իշխանությունները կդրսեւորեն ազգային եւ պետական մտածողություն եւ ապագա սերնդին մեր հավատքի եւ մեր եկեղեցու բավարար գիտելիքներ ստանալուց չեն զրկի»:
Տեր Վրթանեսը շեշտեց. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան մեր ազգի պատմության կարեւորագույն եւ անբաժանելի մասն է։ Խորհրդային աստվածմերժության տարիներին առարկան հանվել է հանրակրթական դպրոցից, իսկ հայ ժողովրդի պատմության մեջ պահպանված հատուկենտ դրվագներն էլ աթեիզմի գաղափարախոսության միջոցով նենգափոխված են մատուցվել։ Անկախությունից հետո առարկայի մուտքը դպրոց լայն հասարակության պահանջ էր, որին ընդառաջ գնացին նորանկախ պետությունն ու ազգային եկեղեցին»:
Տեր Վրթանեսը համոզված է, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հայոց դպրոցից հանելն արդար չէ հայոց գրի, դպրության եւ դպրոցի հիմնադիր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մատաղ սերնդի հանդեպ։ «Ես ինքս չորս դպրոցահասակ երեխաների հայր եմ ու իմ երեխաների ու բազմաթիվ երեխաների ամենասիրված առարկան է դպրոցում։
Կարդացեք նաև
Պետք չէ երեխաներին զրկել իրենց մայր եկեղեցու պատմությունը հանրակրթական դպրոցում սովորելու հնարավորությունից։ Դրսի ապազգային եւ հակաեկեղեցական կառույցների պատվերով չէ, որ պետք է առաջնորդվեն մեր հայրենի իշխանությունները, այլ մատաղ սերնդի հայեցի եւ բարոյական դաստիարակության տեսլականով եւ դրան հասնելու հստակ քայլերով։ Հայ եկեղեցու պատմությունը մեր ազգի պատմության կարեւորագույն օղակներից է։ Վաղն էլ կարող է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն եւ ռազմագիտություն առարկաների հանրակրթական դպրոցներից հանելու հարց բարձրաձայնեն որոշ կեղծ արժեքներ տարածող կազմակերպություններ։ Ի՞նչ է՝ այդ առարկաներն էլ պիտի դպրոցից հանե՞նք: Աստված զորավիգ լինի ամենքիս, որպեսզի այս ծանր ժամանակաշրջանում կորուստների փոխարեն նորանոր ձեռքբերումներ ունենանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2020
Ինչ եք իրար խառնվել՚պատմություն առարկան մի քանի տարի կրկմվում է՝քառորդներից մեկոմ նախատեսում եք հայ եկեղեցու պատմությունը