Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատավորներն ինչպես են պաշտպանվել դատարաններում, ՄԻԵԴ-ում

Հուլիս 04,2020 12:30

Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված` «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիա, «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիա, Վենետիկի հանձնաժողովի 82-րդ լիագումար նիստի շրջանակներում ընդունված` «Դատավորների (դատական իշխանության) անկախության վերաբերյալ» զեկույց (2010 թվականի մարտի 12-13), Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության եւ դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարական, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության եւ դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարական, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված` «Դատավորների կարգավիճակի մասին» Եվրոպական խարտիա, հայրենի Սահմանադրություն, ՍԴ որոշումները, դատավորների կարգավիճակի մասին իրավական բազմաքանակ փաստաթղթերը երաշխավորում են դատավորների պաշտպանությունն ու անձեռնմխելիությունը:

Դատավոր Անահիտ Սաղաթելյանը չկարողացավ իրեն աշխատանքից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը վիճարկել Սահմանադրական դատարանում, եւ առհասարակ մեր դատարաններում: Չկար նման ընթացակարգ: Նա 8 տարի պաշտոնավարելուց հետո 2004 թ. ազատվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից, ի դեպ, այն ժամանակ, երբ գտնվում էր հիվանդանոցում` վիրահատվելիս: Նախագահին նրա լիազորությունները դադարեցնելու մասին դիմել էր նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Առավոտը» առաջինն էր, որ այդ ժամանակ լուսաբանում էր դատական ատյաններում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկված դատավորի բողոքները: 5 տարի առաջ Անահիտ Սաղաթելյանը հաղթեց ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նա առաջինն է, որ փորձեց նախագահի հրամանագիրը վիճարկել դատական ատյաններում, առաջինն էր, որ հաղթեց ՄԻԵԴ-ում:

2014թ. ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրությունը գրավեց ԱՄՆ տեղափոխված դատավոր Սուրեն Ղազարյանը: Նա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն էր: ԱՄՆ պետդեպի զեկույցներում նրան` վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի «պարտադրանքով» ազատելու մասին գրվեց մի քանի անգամ: Նա դիմել էր ՄԻԵԴ, ԱՄՆ միգրացիոն ծառայությանը, իսկ լրատվամիջոցներում տեղեկացվեց,  որ նա թոշակից ու աշխատանքից զրկվելու խնդիր է ունեցել:

Հինգ տարի առաջ Սահմանադրական դատարանում լսվեցին մի քանի դատավորների` Լ. Աթանյանի, Մ. Սարոյանի հետ կապված գործեր, որոնք առնչվում էին նրանց պաշտպանությանը` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի սահմանադրականությանը համապատասխանության հոդվածին` 9-րդ հոդվածի 6-րդ մասին:

Մինչ այդ դատավորները դիմել էին ՀՀ վարչական դատարան, կենսաթոշակների հաշվարկի հարցով:

ՍԴ-ն լսել է նաեւ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Տ. Մանուկյանի գործը, դարձյալ այն կապված էր սոցիալական արտոնությունների եւ կենսաթոշակի հետ: Ի դեպ, մեկ տարի առաջ ՍԴ-ն հունիսի 18-ի դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության` «առնվազն 10 տարի» ձեւակերպման մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Հարցերը հետեւյալն էին. Օրենքի վիճարկվող իրավակարգավորումը, ինչպես նաեւ օրենքի` դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթներ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերի տեսանկյունից երաշխավորո՞ւմ են, արդյոք, դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակին, արդյո՞ք օրենքի վիճարկվող իրավակարգավորումը մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորի պաշտոն ստանձնած, դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած եւ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո կենսաթոշակ ստանալուն հավակնող դատավորների միջեւ առանց օբյեկտիվ հիմքի տարբերակում է դնում:

Ըստ ԲԴԽ պաշտոնական կայքի` Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման, եւ սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մասին տրված կարծիքի, դատական իշխանության անկախությունը ինքնանպատակ չէ, իսկ ըստ Վենետիկի հանձնաժողովի` ՆՈՒՅՆԻՍԿ ՃԳՆԱԺԱՄԻ պայմաններում դատական իշխանության անկախությունը չպետք է խաթարվի:

Դեռ մտահոգիչ է մի քանի դատավորների`Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

ՄԻԵԴ նախկին դատավոր, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի վերաբերյալ ծագած իրավական վեճի ժամանակ կարծիք հնչեց, թե նա կարող է օգտվել ՄԻԵԴ տրված արտոնություններից:

ՄԻԵԴ-ի հարցերով մասնագիտացված իրավաբան, փաստաբան Արա Ղազարյանը մեր հարցին, թե ՍԴ նախկին փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը 2002թ. հանրության սեղանին դրեց «ՄԻԵԴ. գործունեության առանձնահատկությունները, վճիռների իրավաբանական բնույթը եւ գանգատների ներկայացման կարգը» գրքույկը, ուր անդրադարձել էր նաեւ դատավորների անձեռնմխելիությանն ու արտոնություններին: Այնտեղ հղում կար Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը, որով նախատեսվում է, որ Խորհուրդը կազմակերպության անդամների, կառավարությունների հետ պետք է կնքի համաձայնագիր, որով կսահմանվեն նրանց տարածքներում տրվող արտոնությունների եւ անձեռնմխելիությունների բնույթը եւ ցանկը: Ինչը նշանակում է, որ Ալվինա Գյուլումյանը վերադառնալով իր հայրենիք, կարո՞ղ է օգտվել այդ արտոնություններից,- պատասխանեց. «Դժվար թե այդպիսի երաշխիքներ լինեն, եթե լինեին, ապա Բակայի վրա էլ կտարածվեր` «Բական ընդդեմ Հունգարիայի գործով»: Արա Ղազարյանը նաեւ նկատեց, որ այդ արտոնություններն ու երաշխիքները վերաբերում էին դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածին, այն էլ, եթե ծագել են որոշակի խնդիրներ:

«Բական ընդդեմ Հունգարիայի գործ»-ի մասին այս տարվա փետրվարին  Հայաստանում բարձրաձայնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) եւ 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հոդվածում:

Դրանով Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) եւ 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում»

Ինչով էր նման այս գործը Ալվինա Գյուլումյանի եւ մյուսների գործին:

Ըստ Դ. Հարությունյանի, 2010թ. Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկու քաղաքական ուժ, կազմելով կոալիցիա, դարձան խորհրդարանական մեծամասնություն եւ ձեռնամուխ եղան դատական բարեփոխումների իրականացմանը: Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ Անդրաս Բական, ով այդ պաշտոնին Հունգարիայի խորհրդարանի կողմից նշանակվել էր 2009-ին եւ պետք է պաշտոնավարեր մինչեւ 2015 թվականը (6 տարի), հանդես եկավ այդ բարեփոխումների հետ կապված քննադատություններով: 2011թ. Հունգարիայի խորհրդարանն ընդունեց «Դատարանների կազմակերպման եւ կառավարման մասին» օրենքի փոփոխությունները եւ սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից դադարեցվելու էին Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները: ՄԻԵԴ դիրքորոշումն էլ հետեւյալն էր. Դիմումատուն իրավունք ուներ պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը կամ օրենքով սահմանված դեպքերում լիազորությունների վաղաժամ դադարելը: ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի՝ մինչեւ օրենքով սահմանված ժամկետի լրանալը, պաշտոնավարելու իրավունքը հիմնավորվում էր նաեւ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանների անկախության եւ դատավորների անփոփոխելիության սկզբունքներով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ դիմումատուին պաշտոնից վաղաժամ հեռացնելը առաջացրել է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտում:

Ծանոթանալով այս գործին` պարզվեց, որ ՄԻԵԴ վճռում տեղ է գտել նաեւ Վենետիկի հանձնաժողովի` Հունգարիայի սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին, նշվել է, որ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթները չպետք է օգտագործվեն նախորդ Սահմանադրությամբ նշանակված կամ ընտրված անձանց պաշտոնավարումը դադարեցնելու համար:

Դատավորների պաշտպանության հետ կապված հաճախ հղում են կատարում Դատավորների միջազգային միության կողմից Թայվանում ընդունված «Դատավորի համընդհանուր խարտիային»: Վեց տարի առաջ բարձրաձայնվեց դատավորների վրա հարձակման, դատական համակարգի դեմ ուղղված սպառնալիքների մասին, անհրաժեշտություն առաջացավ վերանայել Թայվանում ընդունված խարտիան: Եւս մեկ անգամ փաստվեց, որ դատավորը պետք է ունենա հնարավորություն, որպես դատական պաշտոնյա, իրականացնել քաղաքական,  իրավական, սոցիալական ճնշումներից անկախ դատական իշխանություն: Դատավորը չի կարող հեռացվել իր պաշտոնից, բացի օրենքով սահմանված՝ որպես հետեւանք կարգապահական վարույթի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031