Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13% իրական, չնկարած վարկանիշ». Սամվել Ֆարմանյան

Հուլիս 03,2020 22:22

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունում իր պատվավոր տեղն է ձեռք գցում սոցիոլոգիան: Կորոնավիրուսի դեմ պայքարի կատարյալ ձախողման, սոցիալ-տնտեսական սողացող փլուզման, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող կապիկության, Ոստիկանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու ու այլ իրադարձությունների խառնաշփոթում, էսօր տեղի է ունեցել կարևոր իրադարձություն: Հավատացեք` շատ կարևոր:

Ուրեմն, հրավիրված մամուլի ասուլիսում “Gallup International Association” Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հայ ժողովրդին է ներկայացրել սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները:

Սկսենք սոցիոլոգիական հարցման մեթոդոլոգիայից: Պարզվում է` հարցումն անցկացվել է հունիսի 10-27 ընկած շրջանում: Հարցումը եղել է հեռախոսային և դրան մասնակցել է մեր հանրապետության 1200 քաղաքացի: Ու Նիկոլ Փաշինյանի պատվիրած էս հարցման արդյունքում անձամբ իր` Նիկոլ Փաշինյանի համար «պարզվել է» եդեմական մի այնպիսի պատկեր, որ անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Ընը կերազեր ունենալ: Բայց մինչ դրան անցնելը մի զարմանահրաշ մանրուք, որի շուրջ էլ Նիկոլ Փաշինյանը կառուցում է իր ստի կայսրության սոցիոլոգիայի հարկաբաժինը:

Ուրեմն հարցում անցկացնողները ո՛չ ասուլիսին ներկա լրատվամիջոցներին ու ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին չեն ներկայացնում այս ֆոկուսի ամենակարևոր բաղադրիչը. նրանք չեն ներկայացնում, թե հեռախոսային հարցմանը մասնակցած քաղաքացիների քանի տոկոսն են հրաժարվում մասնակցել հարցմանը և իրենց կարծիքն արտահայտել այն մասին, թե արդյո՞ք նրանք վստահում են Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը, թե՞ ոչ: Քանի որ իրենք դա գիտակցված չեն հրապարակում, էս «սոցիոլոգիական» ֆոկուսն ու «ստացված» եդեմական պատկերը չփչացնելու ու Նիկոլ Փաշինյանի սրտով գնալու համար, իրենց փոխարեն դա անեմ ես:

Ուրեմն, Նիկոլի ոստիկանապետության պայմաններում անցկացված հարցումների ժամանակ մեր քաղաքացիների առնվազն 60-65 տոկոսը հրաժարվում է մասնակցել հարցմանը, բաց կապով հեռախոսային հարցմանը` շատ ավելի շատ: Ի՞նչ է դա նշանակում: Ինչու՞ պիտի Նիկոլ Փաշինյանի աջակիցը կամ նրան սատարողը չցանկանա այդ մասին բարձրաձայնել թեկուզ անգամ հեռախոսով: Այո` հնարավոր չէ: Ուստի, ստացվում է, որ էն գլխից` դեմից, մեր բնակչության նվազագույնը 60-65 տոկոսը ասում է` ախպեր ջան, հավաքեք ձեր Նիկոլին ու… Մնում է մեր բնակչության 35-40 տոկոսը, ովքեր էլ մասնակցել են այս «դարի հարցմանը»:

Իսկ սոցիոլոգիական այս ֆոկուսի ներկայացված արդյունքները ուղղակի ցնցող են: Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանին վստահում է մեր ազգաբնակչության 87.6 %-ը:

Ու սոցիոլոգիական ֆոկուսի ժանրին պատկանող նմանարժեք այլ «ցուցանիշներ», որոնցից յուրաքանչյուրը պատիվ կբերեր անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Իսկ իրականությունը լրիվ այլ է: Ու այն, պնդում եմ, որ հայտնի է անձամբ Նիկոլ Փաշինյանին: Ու էդ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ: Չնայած, 11-13 %-ն էլ փոքր չէ, հաշվի առնելով, որ այս պահին նա դեռ ամենաբարձր վարկանիշ ունեցող 3-յակի մեջ է, ինչն էլ մտահոգության լրիվ ուրիշ աղբյուր է մեր քաղաքական համակարգի անվտանգության տեսանկյունից: Մտահոգիչ է իրական քաղաքականությունից բան հասկացողների համար:

Նիկոլը կորցրել է մեր հանրության ճնշող մեծամասնության վստահությունը, ինչը լրիվ նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել մեր երկրում: Իրավիճակ, որը պահանջում է իր տրամաբանական հանգուցալուծումը: Ու այն չի ուշանա…

Հ.Գ. Այդուհանդերձ, գնահատելի է սոցիոլոգիական այս աճպարարության անճարակ պատվիրատուի` Նիկոլ Փաշինյանի «զսպվածությունը»: Հարցման հեղինակները ոչինչ չասացին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շռնդալից վարկանիշի մասին: Ընդամենը բավարարվեցին նրանով, որ Գեղարքունիքի մարզպետը այդ շարքում ունի ավելի բարձր վարկանիշ, քան Հայկ Մարությանը: Բայց կարո՞ղ էին չէ, օրինակ, երևանցիներին համոզել, որ Հայկ Մարությանի վարկանիշն էլ մի 84 % է: Մարդիկ ազնվորեն դա չեն արել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031