Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող շատ ընկերություններ սնանկացման եզրին են

Հուլիս 03,2020 21:44

Մեխակ Ապրեսյանն ասում է՝ զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսավարողներ չեն կարողանում օգտվել կառավարության աջակցության ծրագրերից, շատերը վարկային պարտավորություններ ունեն, բայց եկամուտ չունեն

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական գործունեության սահմանափակումներից առաջին հարվածը ստացավ զբոսաշրջության (ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամբողջ աշխարհում) ոլորտը: Զբոսաշրջության հետ կապված բոլոր տեսակի բիզնեսները ֆինանսական լուրջ վնասներ են կրել ու դեռ կրում են:

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող շատ կազմակերպություններ սնանկացման եզրին են, նրանք տուժում են ոչ միայն ֆինանսապես , այլ՝ որ պակաս կարեւոր չէ, մարդկային կապիտալն են սկսել կորցնել: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Այս տարվա 2-րդ եռամսյակն ամբողջությամբ կորցրել ենք: 1-ին եռամսյակի ընթացքում որոշ այցելություններ եղել են: Այս տարվա 1-ին կիսամյակում ներգնա զբոսաշրջության ոլորտում 311 հազար այցելություն է գրանցվել, իսկ մարտի կեսից, երբ տնտեսական սահմանափակումներ եւ կարանտին սահմանվեց, ոլորտն ընդհանրապես չաշխատեց: Միջազգային զբոսաշրջությունն ամբողջությամբ կորցրել ենք եւ կարծես թե դեռ փակ են լինելու սահմանները: Մոտ 14,6%-ով անկում եղավ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասում է Մեխակ Ապրեսյանը:

Անցած տարի առաջին կիսամյակում եղել է 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն։ Պարոն Ապրեսյանն ասում է, իհարկե, եթե չլիներ համաճարակը, ակնկալվում էր առնվազն 10% աճ, եթե ոչ ավելին.« Նվազագույն հաշվարկներով, եթե աճը չհաշվենք, ընդունենք նախորդ տարվա ցուցանիշը որպես հիմք, 1-ին կիսամյակում 460 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն չենք ունեցել: Եվ եթե ամեն զբոսաշրջիկի ծախսած գումարը հիմքն ընդունենք մեր վերջին հետազոտության թիվը՝ 800 դոլար, սա նվազագույնն եմ ասում, ուրեմն ներքին զբոսաշրջության ոլորտը կորցրել է 368 մլն դոլար: Սրա 20% -ն էլ հաշվենք որպես պետբյուջեի մուտքեր: Այսպիսի լուրջ վնասներ են եղել»:

Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ է իրականացնում, որպեսզի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնի կամ վերացնի, սակայն պարզվում է, զբոսաշրջային ծառայություններ մատուցող շատ կազմակերպություններ չեն կարող օգտվել ծրագրերից:

Պարոն Ապրեսյանն ասում է՝ կառավարության հետ քննարկումների արդյունքում դրական որոշում է կայացվել, տնտեսվարողներին ազատել են շահութահարկի կանխավճարների պարտականությունից, խնդիրը բարձրացրել էին զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները, եւ լուծումը առանձին հատվածին չանդրադարձավ, այլ որպես բարեփոխում, համակարգային խնդիր լուծվեց:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կազմում զբոսաշրջության հետ կապված բոլոր տեսակի 70-ից ավելի կազմակերպություններ են մտնում: Aravot.am-ի հարցին՝ ինչ խնդիրներ են բարձրացնում այս տնտեսավարողները, ինչ ազդակներ են նրանցից ստանում, պարոն Ապրեսյանն ի պատասխան ասում է՝ թեեւ հիմա ավելացել են կառավարության հակաճգնաժամային ծրագրերը, բայց այդ ծրագրերն առավել հասցեական եւ նպատակային ապահովման խնդիր կա.

«Հարցերը դեռեւս մասնակի են լուծվում, շատերը չեն կարողանում օգտվել ծրագրից: Օրինակ՝ 20-րդ միջոցառումից զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ, որոնք առաջինը պետք է օգտվեին, չեն կարողանում: Ասենք՝ զբոսավարները, նրանք ամենախոցելին են, զրկված են եկամտից, շատերը անհատ ձեռնարկատերեր են եւ միկրոձեռնարկատիրության դասակարգչի պատճառով չեն կարողանում օգտվել: Կան էլի տնտեսվարողներ, որոնք տնտեսական գործունեության դասակարգչով չեն համապատասխանում չափորոշիչներին, բայց նրանք հենց հատուկ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներ են: Դրանք են՝ առողջարանները, որոնք համաձայն «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ են, հատուկ կարգի հյուրանոցային ծառայություններ են մատուցում, բայց իրենց դասակարգչով դուրս են մնում ծրագրից: Մշակութային օջախները՝ նույնպես, Մերգելյան կարպետը, ցուցահանդեսների ու փառատոների կազմակերպիչները: Այս առանձնահատկությունները պետք է հաշվի առնեն»:

Պարոն Ապրեսյանն ասում է, այնպես չէ, որ կառավարությունը մերժում է աջակցությունը, նշված խնդրի ուղղությամբ, ըստ Ապրեսյանի, հիմա զբոսաշրջության կոմիտեի հետ ակտիվ քննարկումների փուլում են, աշխատում են, որպեսզի խնդիրը շտկվի:

Բացի այս, ոլորտի տնտեսավարողների համար ավելի լուրջ խնդիր են վարկերը: Գրեթե բոլորը վարկային պարտավորություններ ունեն, սակայն եկամուտ չունեն: Մեխակ Ապրեսյանն ասում է, որ այս խնդիրն էլ են քննարկում կոմիտեի հետ.«Հույս ունենք մոտ է լուծումը: Խոսքը վարկային արձակուրդների մասին է, եթե նրանց չտրամադրվի վարկային արձակուրդներ ողջամիտ ժամկետով եւ իրական արձակուրդ, ապա ոլորտը կփլուզվի, որովհետեւ շատ տնտեսավարողներ սնանկացման վտանգի առաջ են կանգնած»:

Բացի այս, կառավարությանն առաջարկվել է ոլորտում ներգրավված ամեն 3-րդ աշխատավարձը սուբսիդավորվի, բայց առաջարկը, կարծես, կառավարության սրտով չի եղել: Հիմա այլ տարբերակ են առաջարկում ոլորտի ներկայացուցիչները՝ եկամտահարկից ազատել:

«Կստացվի այդ չափով պետությունը սուբսիդավորում է անում: Հույս ունենք դրական որոշում կլինի, կոմիտեն քննարկում է»,-ասում է պարոն Ապրեսյանը: Նա նկատում է՝ եթե որոշ ժամանակ առաջ կարծում էին, որ ներքին զբոսաշրջության ոլորտում գները կբարձրանան, այսօր արձանագրում են ճիշտ հակառակը, շատերը նույնիսկ ինքնարժեքից ցածր գներով են առաջարկներ անում.«Նրանք հույսները դնելով իրենց վրա, մոռանում են շահույթի մասին, միայն թե կարողանան իրենց աշխատատեղերի համար փոքր- ինչ զբաղվածություն ապահովել: Գումարած անբարեխիղճ մրցակցությունը, հարկերից խուսափելը, եւ այլն, շատ տնտեսավարողներ իսկապես ծանր վիճակում են, շուկան կարող է խաթարվի: Ուստի ոլորտի համար առանձնահատուկ ծրագրերը չպետք է ուշանան: Հիմա նրանք բոլորը բիզնեսն ու աշխատատեղերը պահպանելու խնդրի առաջ են կանգնած, թեեւ ամեն ինչ անում են, որ չկորցնեն»:

Մեխակ Ապրեսյանն ասում է՝ հույս կա, որ աշնանը ոլորտը մի քիչ կաշխատի, հիմա էլ կարծես վերականգնվման նշաններ կան, եթե գոնե օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին կարողանան բացվել ու աշխատել, այդ դեպքում մի քիչ հույս կա, որ ներքին զբոսաշրջությանը կհաջորդի միջազգային զբոսաշրջությունը եւ հաջորդ տարվա մարտ- ապրիլից կսկսվի լիարժեք վերականգնման գործընթացը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031