Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի (Կուկու) գործը կուղարկվի՞ առաջին ատյանի դատարան. Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ երկուշաբթի

Հուլիս 03,2020 20:40

«Վկային ե՞րբ ենք լսել, որ իմանանք՝ նոր բան է, թե նոր բան չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2001 թվականին «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդ, նրա եղբորորդի՝ Սամվել Պողոսյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, շարունակվում է  դատախազության բողոքի քննությունը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի (Կուկու) վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոս Պողոսյանի միջեւ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել է:

Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին`Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դեպքի վերաբերյալ, դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյութոնի ներկայացուցիչները: Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը վստահեցրել է՝  իր պաշտպանյալի դեմ ներկայացված բողոքը ժամկետանց, հիմնազուրկ և իրավազուրկ է:

Հարություն Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ հուլիսի 3-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանին խնդրել են, որ դատախազի բերած վերաքննիչ բողոքը բավարարի: Ռոբերտ Բեջանյանի այն պնդումներին, թե նոր ի հայտ եկած հանգամանք չկա, նա արձագանքեց. «Նախկինում վկային չենք լսել, և ընդամենը հայտնի է եղել, որ այդ մարդն այդտեղ է եղել, ուստի մենք չենք կարող վկայի դիրքորոշումն, ըստ էության, այն ժամանակ իմացած լինել: Վկայի ասածը նորություն էր. նա մատնանշում է, որ տեղի է ունեցել սպանություն: Իհարկե, գնահատման խնդիր է՝ ճիշտ է ասում, թե՝ ոչ: Դատախազությունը հարուցված գործի շրջանակներում նաև նոր փորձաքննություն է նշանակել, և այն ասում է՝ հնարավոր չէ, որ այն ժամանակ, երբ դատարանը դատական ակտ է կայացրել, որ Պողոս Պողոսյանը ընկնելուց է ստացել մարմնական վնասվածքներ, որ մահացել է, այսօրվա փորձագետն ասում է, որ դա հնարավոր չէ. այդ մարդն անպայման հարվածից է մահացել»: Ըստ փաստաբանի՝ սա լրիվ նորություն է, քանի որ բացի նրանից, որ վկա Սթիվենն ինչ-որ բան է ասում, ակնհայտ է նաև փորձաքննության եզրակացությունը:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատախազի բերած բողոքի հետ կապված որոշումը կհրապարակի հուլիսի 6-ին՝ ժամը 12:30-ին, և պարզ կդառնա՝ գործն ուղարկվո՞ւմ է առաջին ատյանի դատարան, թե ոչ:

Ռոբերտ Բեջանյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ եթե հանկարծ բավարարվի վերաքննիչ բողոքը, դա կլինի աբսուրդ, դատավարական ամենակոպիտ խախտումը: Նա չի կարծում, որ վերաքննիչ դատարանը նման քայլի գնա: Հակադարձելով վկային լսելու հետ կապված՝ տուժողի իրավահաջորդի պնդումներին՝ Ռոբերտ Բեջանյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում Սթիվեն Ջոն Նյութոնը չի լսվել: Չի լսվել, չի լսվել, բայց այդ Նյութոնը որ լսվի, ի՞նչ է փոխվելու, ոչինչ, հետևաբար նոր ի հայտ եկած հանգամանքը ոչ թե այն հանգամանքն է, որ Նյութոնը չի լսվել, դրա համար վերսկսեն այդ ամենը, այլ Նյութոնը պետք է լուրջ բան հայտնի, որ վերսկսեն, ինչ-որ բան փոխվի, իսկ Նյութոնը բան չի տեսել, չի լսել, որևէ հանգամանք չի հայտնում, ի՞նչ ի հայտ եկած հանգամանք»:

Խոսելով փորձաքննության եզրակացության մասին՝ ասաց. «Փորձաքննության եզրակացությունն օրենքի խախտմամբ է ձեռք բերվել: Նախկին փորձագետի եզրակացության հիման վրա ինչ-որ երկու հոգի որոշել են, որ նախկին փորձագետը ասել է ընկնելու հետևանքով է մահացել, սրանք ասում են՝ ընկնելու հետևանքով հնարավոր չէ: Իսկ ո՞վ է ասել, որ նախկին փորձագետը ճիշտ չի ասել, կամ այս նորը ճիշտ է ասում. առավել ևս այդ փորձաքննությունն էլ է կատարվել օրենքի կոպիտ խախտմամբ, և այդ փորձաքննության եզրակացությունը որպես ապացույց, որպես դատավարական օրենսգրքի խախտումով ձեռք բերված ապացույց, չի կարող դրվել որևէ դատական ակտի հիմքում»:

Ըստ փաստաբանի՝ հուլիսի 3-ի դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փորձեց դատախազին այսպես ասած «պադերժկա» անել, այն էլ ըստ նրա՝ աղավաղեց ամենը: Նա պարզաբանեց. «Ես հայտարարեցի, որ նախ ժամկետի առումով իմ կոլեգան անուշադիր է եղել. վերաքննիչ բողոքում գրված է, որ ամսի 12-ին Տիգրան Եգորյանի ու Լուսինե Հակոբյանի դիմումներն ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, բայց չգիտես ինչու տուժողի ներկայացուցիչն այն կարծիքին է, որ իբր ժամկետը պետք է հաշվել սեպտեմբերի 17-ից, ոչ թե սեպտեմբերի 12-ից, երբ հարուցվել է նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթ, այն դեպքում, երբ օրենքում պարզ գրված է՝ այն պահին, երբ իմացել է բողոք բերող անձը՝ գլխավոր դատախազի տեղակալ Հարությունյանը, հետևաբար նրանք ամսի 5-ին են իմացել, իսկ սեպտեմբերի 12-ին նույնիսկ Երևան քաղաքի դատախազությունում է եղել, ուստի սեպտեմբերի 17-ին արդեն չորսամսյա ժամկետը լրացած է եղել: Միանշանակ, իմ կոլեգան սխալ է»:

Վերաքննիչ բողոքի բավարարման դեպքում Ռոբերտ Բեջանյանը վճռաբեկ բողոք է բերելու: Վստահեցրեց, որ մինչև Եվրոպական դատարան հասնելու են ու եզրափակեց. «Սա աբսուրդ է և ապօրինություն: Ես չեմ ուզում գլխավոր դատախազի տեղակալի անունը շոշափել այնքանով, քանի որ ճիշտ է նրա անունից է վերաքննիչ բողոք բերվել և ինքն է ստորագրել, քանի որ ինքն է իրավասու եղել կամ գլխավոր դատախազը, սակայն իրականում այդ փաստաթուղթը կազմել է վեց տարվա աշխատանքային փորձ ունեցող դատախազ Խաչատրյանը, ուստի նա ո՞նց կարող է իմանալ, թե որն է նոր ի հայտ եկած հանգամանքը: Դա ուղղակի մի քիչ աբսուրս է: Գոնե մի քիչ փորձառու դատախազ այս ամենը կազմեր: Հավանաբար, գլխավոր դատախազի տեղակալը ոչ էլ կարդացել է, թե ինչ է գրված. ստորագրել, ուղարկել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031