Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարությունը և աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում և շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային այդ շրջանակներում ՀՀ դատախազության հետ համատեղ ծրագրերի առաջմղմանը և իրագործմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հարցում ԵԽ երևանյան գրասենյակի ունեցած մեծ ներդրման համար։ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբ Արթուր Դավթյանը տիկին Վուտովային մաղթել է հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։
Շնորհակալություն հայտնելով նախընթաց շրջանում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության միջև փոխադարձ վստահության վրա ձևավորված աշխատանքային սերտ և կառուցողական հարաբերությունների համար՝ տիկին Վուտովան համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում նախանշված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի, հանցավորության դեմ համակողմանի և համակարգային պայքարի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական արժեքային միջավայրին Հայաստանի առավել ինտեգրմանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտի օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ՀՀ դատախազության համար նախատեսված գործառույթների, այս ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ դատախազությունում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։
ՀՀ դատախազություն