Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պատճառով ճանապարհաշինությունը չի հետաձգվի, բայց դեռ պարզ չի՝ «խոպանչիներն» աշխատանք գտե՞լ են այդ ծրագրերում

Հուլիս 03,2020 16:49

Aravot.am-ն այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանից հետաքրքրվեց՝ կորոնավիրուսով պայմանավորված հնարավո՞ր է հետաձգվեն ճանապարհաշինարարական ծրագրերը: Մեր դիտարկմանը՝ մի քանի ամիս առաջ, երբ դեռ նոր էր վարակը թափանցել մեր երկիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ի բյուջեով նախատեսված ծրագրերը, այդ թվում եւ ճանապարհաշինությունը չի հետաձգվի, սակայն երեկ ՊԵԿ ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է հարկերի հավաքագրման խնդիրներ ունենանք, տիկին Ղալեչյանը պատասխանեց՝ կորոնավիրուսով պայմանավորված ճանապարհաշինական որեւէ ծրագիր չի դադարեցվել: Նրա խոսքով, բացառություն են եղել այն գյուղերի ճանապարհների աշխատանքները, որոնք կասեցվել են կորոնավիրուսի սահմանափակումներով ու պարետի որոշումներով պայմանավորված. «Սահմանափակումներից հետո աշխատանքները վերականգնվել են»,-ասաց տիկին Ղալեչյանը: Նրա խոսքով, այդ աշխատանքները ոչ միայն չեն դադարեցվել, այլեւ՝ հակառակը, խթանել են այդ ծրագրերի արագությունն ու արդյունավետ իրականացումը:

Քրիստինե Ղալեչյանի լուսանկարը՝ «Արմենպրեսի»

«Արմենպրես» գործակալության մամուլի ակումբում հյուրընկալված փոխնախարարի խոսքով, որպեսզի վարակը չթափանցի շինհրապարակներ ու չտարածվի, անվտանգության միջոցառումների իրականացման հատուկ քաղաքականություն են վարում: Ըստ նրա, տեխնիկական հսկողության պատասխանատուները վերահսկում են նաեւ հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը:

Մեր հարցին՝ կառավարությունը կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքից վերադարձած մեր հայրենակիցներին առաջարկում էր ներգրավել ճանապարհաշինության մեծածավալ աշխատանքներում, կա՞ն տվյալներ՝ քանի՞ «խոպանչի» է աշխատանք գտել Հայաստանում, տիկին Ղալեչյանը պատասխանեց. «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. թե՛ նախարարի թե՛ մարզպետների կողմից հայտարարություններ արվել են՝ ինչ միջոցառումներ են իրականացվում: Պետք է ասեմ, որ դա դեռեւս շարունակական գործընթաց է եւ մենք դեռեւս հավաքագրում ենք ու փորձում ենք խթանել, որ համայնքներում, մարզերում, արտագնա աշխատանքից վերադարձած մեր քաղաքացիները հնարավորություն ունենան առավելագույն չափով ներգրավելու շինաշխատանքների գործընթացում»:

Փոխնախարարի խոսքով, առաջիկայում հետազոտություն են իրականացնելու՝ հասկանալու համար որքա՞ն մարդու կարողացան ներգրավել այդ գործում եւ վերլուծելու են՝ կորոնավիրուսի պայմաններում գործող շինարարական ծրագրերն սոցիալական ի՛նչ ազդեցություն ունեցան, ի՛նչ խնդիրներ լուծեցին:

Տիկին Ղալեչյանը նաեւ ասաց, որ շինկազմակերպություներին հորդորում են, հնարավորության դեպքում, շինաշխատանքներում ներգրավել տեղի բնակչությանը, հատկապես՝ այն քաղաքացիներին, որոնք արտագնա աշխատանքից վերադարձել են եւ անգործ են:

Հարցին՝ ճանապարհների որակի նկատմամբ վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվում, փոխնախարարը պատասխանեց, որ որպես տեխնիկական հսկող, ներգրավված է միջազգային ընկերություն:

Նա վստահեցրեց, որ հատկապես՝ ուշադրություն է դարձվում սահմանամերձ բնակավայրերի ճանապարհների որակին, որովհետեւ դրանք աշխատատեղերը խթանելու, ներգաղթը կանխելու համար կարեւոր գործոններ են. «Սահմանամերձ շրջաններում ճանապարհների որակը պետք է որեւէ ձեւով չզիջի կենտրոնական ճանապարհներին: Այդ շրջաններում բազմաթիվ տուրիստական վայրեր ունենք եւ այնտեղ հասնելու համար բարվոք ճանապարհներ են պետք»:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ կասեցված ծրագրին, տիկին Ղալեչյանն ասաց, որ այդ հարցում բախվել են խնդիրների եւ ներգրաված են իրավական գործընթացներում: Խոսքը, մասնավորապես՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կապալառուի մասին է. «Նրա հետ լուծել են պայմանագիրը եւ պատրաստվում ենք նոր մրցույթ հայտարարել: Նախապատրաստման փուլում է, ամեն ինչ պետք է անենք այնտեղ շինարարական աշխատանքները սկսելու համար: Շուտով կտեսնենք այդ հատվածում աշխատանքների մեկնարկը»:

Ընդհանուր առմամբ հիմնանորոգվելու է 251,6 կիլոմետր ճանապարհ, իսկ 87 կիլոմետր ճանապարհ՝ միջին նորոգման է ենթարկվելու:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031