Հայաստանի «Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի երեք անդամ հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրիին: Լուրն առաջին անգամ հաղորդել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խումբն իր ֆեյսբուքյան էջում. «Այսօր՝ 2020 թ. հունիսի 25-ին, Ազգային – ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամներ Արա Պապյանը, Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սէֆիլյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի և այլ պատասխանատու դիվանագետների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, էներգետիկ, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության և այլ ոլորտների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ»:
Այս մասին հունիսի 27- ին նույն էջում գրառում է կատարել նաև հանդիպման մասնակիցներից Գարեգին Չուգասզյանը. «Ազգային-ժողովրդավարական բևեռը» նորաստեղծ կազմակերպություն է, ցանկություն ենք հայտնել հանդիպել գործընկեր երկրների դեսպանների, դեսպանատան այլ ներկայացուցիչների հետ: Հավելեմ, որ մենք կարևորում ենք Իրանի` որպես ռազմավարական նշանակության հարևան և բարեկամ երկրի դերակատարությունը: Մեր նախաձեռնության շատ անդամներ նաև նախկինում են հանդիպումներ ունեցել Իրանի դեսպանատան նախկին և ներկա դեսպանների, դեսպանատան ներկայացուցիչների հետ։
Գարեգին Չուգասզյանն այս թեմայով հարցազրույց է տվել նաև «Առաջին լրատվականին». «Մենք կարևորում ենք Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, ապա դրա կարևոր ուղղություններից մեկը համարում ենք միջազգային գործընկերների հետ հանդիպումները: Քանի որ Ազգային-ժողովրդավարական բևեռը նորաստեղծ կազմակերպություն է, ցանկություն ենք հայտնել հանդիպել գործընկեր երկրների դեսպանների, դեսպանատան այլ ներկայացուցիչների հետ: Հավելեմ, որ մենք կարևորում ենք Իրանի` որպես ռազմավարական նշանակության հարևան և բարեկամ երկրի դերակատարությունը: Մեր այն դիտարկմանը, թե հանդիպման ընթացքում նաև որոշակի դժգոհություններ են ներկայացվել Հայաստանում առկա իրավիճակի հետ կապված, Գ. Չուգասզյանը պատասխանեց․ «Ձեր պնդումը չի համապատասխանում իրականությանը: Քննարկել ենք հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները, ինչ խոչընդոտներ կան այդ հարաբերությունների զարգացման ճանապարհին և թե մենք ինչպես կարող ենք օգնել առկա խոչընդոտների հաղթահարման ճանապարհին: Այն փաստը, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպումները շարունակական դարձնելու մասին, արդեն խոսուն է: Բևեռը հայ – իրանական հարաբերություններին առնչվող նախագծեր է պատրաստում, որոնք առաջիկայում կհրապարակվեն։ Դրանցից առաջինը վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը: Պարոն Չուգասզյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ այլ պետությունների դեսպանատների ներկայացուցիչների հետ: Դրանց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»:
Իրանի դեսպանության եռալեզու (պարսկերեն, հայերեն, անգլերեն) կայքէջում հանդիպման մասին որևէ հաղորդագրության չեմ հանդիպել:
Կարդացեք նաև
Այս հանդիպումը կարևոր է մի քանի դիտանկյունից. հանդիպումից ընդամենը տաս օր առաջ Բաքվում Իրանի դեսպան Ջհանգիրզադեն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նախագահ և Ադրբեջանի խորհրդարանի անդամ Թուրալ Գանջալիևին: Հանդիպումը և այնտեղ արտահայտված մտքերը միանշանակ չընդունվեց հայ հասարակության կողմից և եղան նաև քննադատություններ:
Իմ կարծիքով, Թեհրանը գտավ պատասխան քայլի և հայերին սիրաշահելու ձևը և Երևանում դեսպան պրն Զոհուրին ընդունեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի պատվիրակներին: Ընտրությունը հաջող էր. հայկական նոր կազմակերպություն, որն Արցախյան գոյամարտում ունի ավանդ, մասամբ իրանամետ է, հիմնահարցի լուծման համար Իրանի հետ ունի համախոհություն և ՀՀ իշխանությունների առողջ ընդդիմախոսներից է համարվում:
Պրն Չուգասզյանն իրավացի է, ինքը և համախոհներից մի մասը դեռ Սասնա Ծռերից էլ առաջ, հանդիպում էին Իրանի դեսպանության ներկայացուցիչներին, որոշ հարցերի շուրջ համակարծիք են և միասին նշել են նաև Պաղեստինի ազատագրման համար Իրանի կողմից հայտարարված «Ղոդս»-ի ոգեկոչման օրը:
Իրանի դեսպանություն այցելած երեք գործիչներն էլ հայ-իրանական հարաբերությունների ոլորտում ճանաչված դեմքեր են և նրանց ընտրությունը պատահական չէ՝ դեսպան Արա Պապյան, որը որպես դիվանագետ ծառայել է նաև Թեհրանի մեր դեսպանությանը. Ատրպատականից հայրենադարձված անվանի մտավորական Բաբկեն Չուքասզյանի որդի՝ ճանաչված քաղաքական գործիչ Գարեգին Չուքասզյան և Արցախյան գոյամարտի հանրահայտ ազատամարտիկ, Սփյուռքից հայրենիք տեղափոխված Ժիրայր Սեֆիլյան: Երեքն էլ Սասնա Ծռերի կազմակերպության անդամ կամ համակիր, բայց ոչ՝ Երևանի ոստիկանական գունդի գրավման մասնակից:
Այս և նմանատիպ հանդիպումները նոր մեկնարկ են նաև Իրանի դեսպան պրն Զոհուրիի համար, որը Երևան է ժամանել Հայաստանի իշխանափոխությունից հետո և իրանա-հայկական հարաբերությունների վերաիմաստավորման ու խորացման ոլորտում նրա համար հսկայական, մասամբ նաև դժվար աշխատանքի ասպարեզ է բացվել:
Նա այս հարաբերությունների մասին արտահայտվել է նաև Հայաստանի մի խումբ արևելագետների հետ հանդիպման ժամանակ. «Այս հարաբերության խորացման համար պետք է ունենալ մեթոդաբանություն և ճանապարհային քարտեզ: Հարաբերությունների ներկա մակարդակն արդյո՞ք բավարար են մեր նպատակներին հասնելու համար. եթե երկուստեք մշակութային կապերն իրենց ամրությամբ մեզ բավարարեին, Իրանում կամ Հայաստանում որևէ հարցի շուրջ մի պաշտոնյայի կարծիքն ու կողմնորոշումն անկասկած, երկու երկրների ժողովուրդների մոտ մտահոգության առիթ չէին ստեղծի: Ուրեմն մշակութային-պատմական հարաբերությունների երկուստեք խնդիր կա, որ սովորական ու մակերեսային հարցերն երկու երկրների մշակութային կապերի ու հանրային կարծիքի վրա ազդում են և մտահոգության առիթ են ստեղծում»:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ