Լրահոս
Օրվա լրահոսը

Զորաց քարեր հուշարձանով զբաղվող հ/կ-ի ներկայացուցիչ. «Աղմկելը հեշտ է, գործ անելը՝ դժվար»

Հուլիս 03,2020 16:02

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց՝ այս թեմայով էր «Մեդիա կենտրոնի» հերթական քննարկումը: Ըստ որոշ հրապարակումների, Քարահունջ-Զորաց քարեր հուշարձանի տարածքից քարեր էին անհետացել, ու խնդիրը բուռն կրքեր էր բորբոքել: Խնդրի լուծման նպատակով էլ համապատասխան հանձնաժողով էր ստեղծվել:

«Բնօրրան» հ/կ խորհրդի անդամ, հանձնաժողովի համակարգող Արտակ Զարգարյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը բավականին անհանգստացել էին խնդրի պատճառով, դրա համար էլ հանդիպումներ եւ քննարկումներ ունեցան, նախկինում եւս համագործակցության փորձ են ունեցել: Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին էլ արձանագրություն ստորագրեցին հուշարձանի պահպանության թեմայով: Փետրվարին հանձնախումբ են ձեւավորել, որտեղ ներգրավված են ներկայացուցիչներ՝ աստղադիտարանից , ԿԳՄՍ նախարարությունից, հ/կ-ներից, Սիսիանի համայնքապետարանից:

Սիսիանի համայնքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արա Խաչատրյանը նշեց, որ մտահոգված էին հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակով, դրա համար աշխատանքներ տարան ամիսներով, սկսեցին հաշվառել Զորաց Քարերի բոլոր քարերը, զբաղվեցին տարածքի պահպանությամբ:

«Բնօրրան» հ/կ-ի խորհրդի անդամ, Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը, որը Պարիս Հերունու քրոջ դուստրն է, անդրադարձավ հանձնաժողի իրականացրած դաշտային աշխատանքներին եւ Սիսիանում կայացած արտագնա նիստին: Ասաց, որ համավարակի պայմաններում անգամ դիմակներով աշխատել են Քարահունջում ՝ պատկերը պարզելու համար: Նախնական հետազոտությամբ ճշտել են, որ պակաս քարեր չկան հուշարձանի տարածքում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշեց, թե ի սկզբանե համոզված էր, որ քարերը տեղում կլինեն: «Զորաց քարերը կամ Քարահունջը պատմամշակութային այն եզակի ժառանգությունն է, որն ունենք մեզ հասած Հայաստանի տարածքում, նրա ուսումնասիրությունը, վերականգնումը, ամրակայումը, տուրիստական ծրագրերում ներառելը կարեւոր գործընթացներից մեկն է:

Առանց վարանելու կարող եմ ասել, որ լինելով տարբեր կարծիքների տեր մարդիկ՝ մենք համամիտ ենք մի շատ կարեւոր հարցում՝ սա այն հուշարձանն է, որ պիտի պահպանենք, ամրակայենք եւ հնարավորինս անխաթար փոխանցենք մեր հաջորդներին»,-ասաց պարոն Փիլիպոսյանը; Նրա ձեւակերպմամբ, հասարակական սեկտորը եւս մեծագույն դեր ունի հուշարձանները, պահպանելու, ներկայացնելու , հանրահռչակելու առումով:

«Բնօրրան» հ/կ-ի հանձնաժողովի մոդերատոր Աշոտ Ասլանյանի խոսքերով, հաճախ աղմկելը հեշտ է, գործ անելը՝ դժվար: Նրա բառերով, յուրօրինակ հուշարձանը պահպանելու համար պետք է տեսանկարահանող սարքեր լինեն, ինտերնետ, տարածքը պետք է ցանկապատված եւ սահմանազատված լինի հարակից հատվածներից:

Նա եւս հիշեցրեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ արձանագրություն են ստորագրել, որը մի քանի ոլորտի է վերաբերվում: Նաեւ կոչ արեց, որ ովքեր նյութեր ունեն Քարահունջի վերաբերյալ, տրամադրեն իրենց, որպեսզի դրանք ծառայեցվեն ընդհանուր գործին;

Արտակ Զարգարյանը նշեց, որ Քարահունջը մեր ընդհանուր ժառանգությունն է, ու հանձնախմբում հավաքված մարդիկ, թեեւ տարբեր տեսակետներ ունեն հուշարձանի վերաբերյալ, սակայն նրանց չի խանգարում զբաղվել հուշարձանի պահպանմամբ եւ հանրահռչակմամբ: Նրա համոզմամբ, կարիք կա դաստիարակելու մարդկանց՝ սովորեցնելու, որ հուշարձանի խնամքը առաջին հերթին հենց բնակչի խնդիրն է, ոչ թե պետության, եւ դիցուք չի կարելի հուշարձանի վրա նստել ու զգուշացվելու դեպքում տրտնջալ՝ մաշվո՞ւմ է:

Արեւիկ Սարգսյանն էլ շեշտեց, որ քաղաքացիների ինքնագիտակցությունից շատ բան է կախված, բայց դա մեկ օրվա աշխատանք չէ, ՀԿ-ներ, քաղաքացիական հասարակություն եւ պետական մարմիններ համագործակցությունը Քարահունջի առումով լավ նախադեպ է, որը պետք է շարունակություն ունենա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031