Այսօր լրագրողները առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեցին «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում կորոնավիրուսից մահացած տատիկի դիակը կորցնելու դեպքից՝ ի՞նչ հանգամանքներ են պարզվել, ինչո՞ւ էր այդ կնոջ դին կորել: Նախարարը պատասխանեց. «Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաեւ դիերի տեղափոխման պրոցեսում: Շփոթմունքն ուղղվել է, ամեն հարազատ ստացել է…»:
Լրագրողները զարմացան՝ ինչո՞ւ է փակ դագաղով տրվել դին, որ հարազատները չիմանան՝ ում են տանում՝ նախարարը վստահեցրեց, որ ճանաչման գործընթացից լրագրողները տեղյակ չեն, բաց դագաղով է եղել ճանաչումը. «Տեղի է ունեցել շփոթմունք, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»:
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի՝ Նաիրա Զոհրաբյանի գրառմանը պատասխանելուն, լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք այդքան ժամանակ ո՞նց ունեք հետեւելու բոլոր քաղաքական գործիչների գրառումներին՝ նախարարը պատասխանեց. «Այո, ես ունեմ այդքան ժամանակ հետեւելու քաղաքական գործիչների գործունեությանը, գնահատական տալու եւ միշտ ունենալու եմ: Խնդրում եմ այդ հարցն այլեւս չտաք»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ հանրության վրդովմունքն այս դեպքում տեղին է, որ առողջապահության նախարարը ներկա համաճարակային իրավիճակում քաղաքական հայտարարություններով է զբաղվում՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է եւ միշտ անելու է քաղաքական հայտարարություններ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ