Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ընտրություն անենք. արդյոք կընտրենք բախումների ճանապա՞րհը, թե՞ ներքին համերաշխության ուղին. ինչպե՞ս է ՀՀ-ում լուծվելու մասնավոր սեփականության լեգիտիմության հարցը. Բենիամին Մաթևոսյան

Հուլիս 03,2020 15:30

Կորոնավիրուսն արդեն իսկ հասցրել է զգալի «խմբագրական շտկումներ» մտցնել յուրաքանչյուրիս համար սովորական դարձած կենսակերպում, սակայն ամեն ինչ սրանով չի եզրափակվում, և մենք ակնհայտ է՝ կդառնանք համաշխարհային տնտեսության և առանձին վերցրած պետությունների տնտեսությունների ֆունդամենտալ կերպափոխումների/տրանսֆորմացիաների ականատեսը:

Փորձագետներն արդեն իսկ հասցրել են մեզ սպասվող ժամանակահատվածն անվանակնքել որպես՝ «Վախի տնտեսություն», «Պատերազմական վիճակի տնտեսություն» և այլն: Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ իշխող վերնախավը, որի կարևորության մասին արդեն խոսել ենք[1], համարժեք լինի ժամանակի կարիքներին և մարտահրավերներին:

«Մեծ դեպրեսիա 2.0»

UBS Group AG խոշոր շվեյցարական հոլդինգի գլխավոր տնտեսագետ Փոլ Դոնովանը նշում է[2], որ հետկորոնավիրուսային աշխարհի ֆինանսատնտեսական իրականությունը ֆունդամենտալ տեղաշարժի կենթարկվի: Կլինի տնտեսություն, որի պարագայում կփոխվեն մի շարք ոլորտներ, ընկերությունների ու սպառողների վարքի մոդելները:

Աշխատակիցների հեռավար աշխատանքային ռեժիմը, արտադրության կանգնեցումը, սպառման անկումը կարող են դառնալ տնտեսական երկարաժամկետ թրենդներ, որին պետք է հարմարվեն պետությունները, բիզնեսը և սպառողները:

Ընդհանուր առմամբ փորձագետները ողջ աշխարհում միակարծիք են այն բանում, որ համաշխարհային տնտեսությունը կանգնած է ֆունդամենտալ կերպափոխումների նախաշեմին, որոնք իրենց մասշտաբով նման են այն գործընթացներին, որոնք տեղ էին գտել Համաշխարհային պատերազմերից ու Մեծ դեպրեսիայից հետո: Հայաստանի, ինչպես նաև ցանկացած պետության համար կարևոր է հասցնել նստել փոփոխությունների «գնացքը», ոչ թե մնալ վագոնում, որը կցված է «հիմնական շարժակազմին»:

Փորձագետները նշում են նաև, որ կորոնավիրուսը, բացի տնտեսության վրա ակնհայտ բացասական ազդեցությունից, ունի նաև դրական բաղկացուցիչներ, և այն արդեն դարձել է խթան փոփոխություններն արագացնելու համար, և արագացնելու է տեխնոլոգիաների ներդրումը, օրինակ՝ արդյունաբերական ինտերնետը:

Սակայն հայկական իրականությունը փոքր ինչ տարբերվում է համաշխարհային միտումներից: Կորոնավիրուսը Հայաստանում իշխանությունների կողմից նույնպես դիտարկվում է որպես հնարավորություն, բայց ոչ որպես հնարավորություն համախմբել հասարակությանը և «լավագույն ուղեղները» օգտագործել ճգնաժամից դուրս գալու ծրագիր մշակելու համար՝ զուգահեռաբար ներդնելով երկրի տնտեսության գլոբալ փոփոխությունների հիմքերը: Փոփոխություններ՝ ուղղված ազատ ու մրցունակ շուկայի կայացմանը, որի «մեջքին» կանգնած կլինի արդյունավետ ու կայուն քաղաքական համակարգ, անկախ դատական համակարգ և այլն:

Հայաստանյան իշխանությունների կողմից՝ վարչապետի գլխավորությամբ, կորոնավիրուսն ընկալվում է որպես սեփականության
վերաբաշխման հնարավորություն:

Մի շարք առաջատար հայաստանցի փորձագետների, քաղաքագետների և տնտեսագետների կարծիքով, ծանր տնտեսական իրավիճակը և կառավարության անկարողությունը՝ մշակել ու իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային ծրագրեր, կարող է կտրականապես ապակայունացնել իրավիճակը, ինչը կհանգեցնի սոցիալական բունտի: Այս պայմաններում իշխանություններին գումար է անհրաժեշտ լինում: Փաշինյանի կառավարությունն անգամ «խաղաղ» ժամանակ խնդիրներ է ունեցել արտասահմանյան ներդրումների հետ, իսկ «պատերազմական ժամանակի տնտեսության» պայմաններում արտասահմանյան միջոցներ ներգրավելը գրեթե անհնարին կլինի, այդ իսկ պատճառով հարկ կլինի «փնտրել ներքին ռեսուրսներ»:

Սակայն, դատելով իշխանությունից ստացվող անթաքույց ազդակներից, այդ հարցի լուծումը կլինի ոչ քաղաքական և հասարակական
համախմբման տրամաբանության, քաղաքական կայունության և կանխատեսելի ռեժիմի ստեղծման, այլ ընդդիմության և խոշոր կապիտալի ներկայացուցիչների հետ կոշտ հակամարտության տրամաբանության շրջանակներում։

Սեփականության վերաբաշխում իրականացնելու համար արդեն իսկ մշակված են այնպիսի օրենքներ, ինչպիսիք են՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ինչպես նաև ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, «Բանկային գաղտնիքի» մասին օրենքը, որով հանվում են բանկային գաղտնիքի սահմանափակումները:

Ի դեպ, «կապիտալի հետ պայքարն» իր էությամբ ուղղվելու է ոչ թե «թալանվածը ժողովրդին վերադարձնելուն», որքան «հեղափոխական իշխանությունների»՝ սեփական նախնական կապիտալի կուտակումն իրականացնելու ձգտմանը:

«Դոմինոյի էֆեկտը»

Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը կուսակցության քաղխորհրդի նիստի ընթացքում միայն առիթ էր իր դեմ արդեն երկար ժամանակ ծրագրված գործողություն սկսելու, որը միտված էր ոչ միայն երկրի քաղաքական դաշտից հակառակորդին ոչնչացնելուն, այլև սեփականության վերաբաշխման լայնածավալ գործընթաց սկսելուն: Ծառուկյանն ու Փաշինյանը «դասակարգային թշնամիներ» են՝ խոշոր սեփականատեր և բոլշևիկյան գաղափարախոսության կրող:

Վաղ թե ուշ երկու «պատերազմող դասակարգերը» պետք է դուրս գային միմյանց դեմ, քանի որ նոր կառավարությունը պետք է լուծի գույքի և սեփականության լայնածավալ վերաբաշխման և իր համար «նախնական կապիտալի» կուտակման հարցը:

Այլ կերպ ասած՝ իրականացնի կոպիտ «կուլակաթափություն»։ Միևնույն ժամանակ, այս գործընթացը հանրությանը կներկայացվի «թալանը ժողովրդին վերադարձնելու» կարգախոսների ներքո, ինչի մասին վկայում են նույնիսկ Ծառուկյանի տանն իրականացված քննչական գործողությունների արդյունքում հրապարակված տեսանյութերը:

ԱԱԾ-ի հրապարակած կադրերում պատկերված են մեքենաներ, մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները, ինչպես նաև ընտանեկան տոնակատարությունների կադրեր, որոնք կապ չունեն ԲՀԿ առաջնորդի դեմ առաջադրված մեղադրանքների հետ:

Ծառուկյանի գործողությունները նույնպես տրամաբանական են (այլ բան է, որ դրանք կարող են լավ հաշվարկված չլինել). խոշոր կապիտալը դիմադրում է: Այս խնդիրը դիտարկելիս քննարկման մեկնարկային կետը պետք է լինի այն թեզը, որ «դիմադրությունը» բխում է ոչ միայն խոշոր բիզնեսի շահերից, այլև, ընդհանուր առմամբ պետության շահերից:

Տնտեսության փլուզումը, որն անպայմանորեն կհետևի «սեփականության վերաբաշխման» նոր փուլից հետո, ակնհայտորեն կհանգեցնի բանակի մարտունակության անկմանը. սա հղի է կոնկրետ հետևանքներով, և հարցը պետք է դիտարկել արդեն երկու
հայկական պետությունների տարածքային ամբողջականության հարթության շրջանակներում:

Եթե վարչապետին հաջողվի «խոշոր կապիտալի հարցը լուծել», ապա հաջորդ տրամաբանական քայլը լինի «անցնել փոքր և միջին»
բիզնեսի «հարցերի լուծմանը» (Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք հարևան Վրաստանի օրինակը հաստատում է նման գործընթացների տրամաբանությունը):

Եթե դա տեղի ունենա, ապա մենք ականատես կլինենք ամբողջ տնտեսության ոչնչացմանը ՝ «դոմինոյի էֆեկտի» սկզբունքով: Այլ կերպ ասած, սեփականության վերաբաշխումը չի սահմանափակվելու խոշոր ձեռնարկատերերին ունեզրկելով, և շղթան հասնելու է անգամ մանր կրպակատերերին: Սա քաղաքական և տնտեսական աքսիոմ է:

Միևնույն ժամանակ, մարդիկ, ովքեր ակնկալում են «սեփականության վերաբաշխումից մասնաբաժին ստանալ», ավելի լավ չեն ապրելու, իրենք անգամ ավելի վատ կսկսեն ապրել, սակայն նրանց կշարունակեն «կերակրել» «աղմկահարույց ձերբակալություններով և լայվերով:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ սեփականության լեգիտիմության հարցը, այնուամենայնիվ,
Հայաստանում առկա է, և վարչապետը խաղում է այդ հարցի «նուրբ լարերի» վրա ու փորձում օգտվել չլուծված խնդրից՝ իր
քաղաքական նպատակների համար:

Սեփականության լեգիտիմության հարցը սուր է ոչ միայն Հայաստանում, այլև անցումային ժողովրդավարության այլ երկրներում: Մեզանում, մի շարք պատճառներով, այն չի լուծվել երկրի նախկին ղեկավարների օրոք և, ամենայն հավանականությամբ, չի լուծվի գործող վարչապետի օրոք:

Սեփականության «սոցիալիզացիայի» և լեգիտիմության խնդիրը չպետք է լուծվի բռնի մեթոդներով և վերաբաշխմամբ, այլ քաղաքական երկխոսության, թափանցիկ օրենսդրության և հասարակության տարբեր հատվածների միջև «համակեցություն մոդելի» մշակմամբ:

«Լեգիտիմություն» և «լեգալություն/օրինականություն»

«Սեփականության լեգիտիմության» խնդիրը նոր չէ և արդեն երկար տարիներ ուսումնասիրվում է տնտեսագետների, քաղաքագետների և սոցիոլոգների կողմից:

Խորհրդային Միության փլուզումը բազում գործընթացների զարկ տվեց, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ, և տնտեսական ամենակարևոր տրանսֆորմացիաներից մեկն արտադրական ակտիվների գերակշիռ մասի տեղափոխումն էր պետական սեփականությունից մասնավոր սեփականություն: Հետխորհրդային տարածքում այս գործընթացի հիմնական նպատակը պետք է համարել շուկայական տնտեսության ստեղծումը, ինչպես նաև մասնավոր սեփականության իրավունքի ինստիտուտի վերածնունդը:

Մի կողմից խնդիրը լուծվեց, և նախկին Սովետական Միության բոլոր երկրներում տեղի ունեցավ դժվար, բայց անցում պլանային
տնտեսությունից շուկայական հարաբերությունների:

Այնուամենայնիվ, այս գործընթացի հետ մեկտեղ, նշված պետությունների հասարակություններում ձևավորվեց
բացասական վերաբերմունք խոշոր կապիտալի նկատմամբ, որն առաջացել էր սեփականաշնորհման գործընթացների արդյունքում: Դա, իր հերթին, հանգեցրեց նրան, որ հետխորհրդային տարածքում տարբեր աստիճանի սրությամբ դրվեց սեփականության «լեգիտիմության» և «սեփականության օրինականության (լեգալության)» հարցը:

Եթե հնարավորինս պարզեցնենք խնդիրը, ապա հարցի էությունը նրանում է, որ գույքի օրինականությունը (լեգալ լինելը) կապված է հարցի ֆորմալ, օրենսդրական բնույթի հետ (երբ «թղթերով ամեն ինչ մաքուր է»), իսկ ահա գույքի լեգիտիմությունը կապված է սեփականության պատկանելիության ոչ ֆորմալ ճանաչման մեխանիզմների հետ: Այլ կերպ ասած, երբ շրջապատում, հասարակությունում չեն վիճարկում սուբյեկտի իրավունքներն այս կամ այն սեփականության հանդեպ:

Իդեալական դեպքում, որևէ խնդիր չպետք է լինի «լեգիտիմության» և «օրինականության/լեգալության» միջև, և տնտեսության մեջ ինստիտուցիոնալ հավասարակշռության գոյության կարևոր հիմքերից մեկը պետք է լինի հենց «լեգիտիմության» և «օրինականության » համահունչությունը:

Այսինքն՝ հասարակության մեջ պետք է լինի «համաձայնություն» այս կամ այն այլ գույքի/սեփականության օգտագործման շուրջ, բայց եթե այդպիսի համաձայնություն չկա, ապա այդ «հասարակական տարաձայնությունը» վերածվում է «թույլ»-ի (աղքատի) կողմից «ուժեղ»-ին (հարուստին) ճնշելու քաղաքական գործիքի: Փորձը ցույց է տալիս, որ իրականում «տարաձայնությունը» վերածվում է քաղաքական գործիքի, որի միջոցով որոշ քաղաքական դերակատարներ կարող են մարդկանց փողոց դուրս բերել «սոցիալական արդարություն հաստատելու» կարգախոսներով, բայց իրականում հետապնդելով անձնական նպատակներ, որոնք կապված չեն նշված «սոցիալական արդարության» հետ (Հայաստանի օրինակը հաստատում է դա):

Աշխարհի շատ երկրներում հավասարակշռությունն «օրինականության/լեգալության» և «լեգիտիմության» միջև, ինչպես նաև սոցիալական ներդաշնակությունը պահպանվում են քաղաքական համակարգի կայուն գործունեության, անկախ դատական համակարգի և կայուն զարգացող տնտեսության միջոցով, որի «պտուղները» համեմատաբար հավասարաչափ բաշխված են տարբեր սոցիալական շերտերի միջև։ Եթե պետությունը խնդիրներ ունի և՛ քաղաքական, և՛ դատական, և՛ տնտեսական համակարգերի գործառույթների հետ, ապա «լեգիտիմությունը» և «լեգալությունը» սկսում են իրարից տարբերվել, ինչն օբյեկտիվ հիմքեր է ստեղծում սոցիալական ապստամբության և հասարակության մեջ ֆորսմաժորային այլ գործընթացների համար:

Սեփականության լեգիտիմությունը կարող է կառուցվել տարբեր հիմունքներով` գաղափարական, ավանդական և անգամ կենցաղային պատկերացումների վրա: Սեփականության լեգիտիմության վերաբերյալ գնահատականները կարող են հիմնվել հասարակության մեջ «արդարի» և «անարդարի» վերաբերյալ ընդունված որոշակի ընկալումների հիման վրա: «Ազնիվ» կամ «անազնիվ» լինելու վերաբերյալ: Ամենից հաճախ, «լեգիտիմ» է ճանաչվում այն, ինչը չի հակասում հասարակության մեջ արդարության, ազնվության և կոռեկտության վերաբերյալ հաստատված նորմերին ու գաղափարներին: Այսինքն՝ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսագիտության և քաղաքականության հարթությունում, այլև բարոյականության ու արժեհամակարգերի տիրույթում:

Օրինականությունը (լեգալությունը)՝ սեփականության իրավունքի իրացումն է դրական իրավունքի շրջանակներում (ընդունված օրենքների շրջանակներում): Լեգիտիմությունը՝ սեփականության իրավունքի իրացումն է՝ ավելի լայն սկզբունքներին համապատասխան, մենք այն կկոչենք մետաիրավական սկզբունքներ, որոնք կարող են ներառել վերը նշված ավանդական և նույնիսկ գաղափարական հիմքերը, որոնք թույլ են տալիս չվիճարկել հասարակության մեջ սեփականության իրավունքը: Այս թեման ժամանակին իր արտացոլումն է գտել մի շարք հեղինակների աշխատություններում, և նրանցից յուրաքանչյուրն ունեցել իր սեփական մոտեցումը սեփականության իրավունքի ինստիտուտի վերլուծության վերաբերյալ:

Ադամ Սմիթը, որը լեգիտիմության հայեցակարգը մշակեց նույնիսկ Մաքս Վեբերի աշխատանքներից առաջ և անվանեց այն «Բարոյական զգացմունքների տեսություն» (The Theory of Moral Sentiments), «լեգիտիմություն» հասկացությունը սահմանելու համար օգտագործեց «propriety» (պատշաճություն) տերմինը:

Ադամ Սմիթը նշում է[3], որ գոյություն ունեն բավարար չափանիշներ, որոնց հիման վրա որոշվում է, որ ինչ-որ մի բանը պատկանում է ինչ-որ մեկին, և հենց այդ չափանիշների համապատասխանությունն է, որը «պատշաճություն» կամ, այլ կերպ ասած, լեգիտիմության դրսևորում է: Հեղինակը նշում է նաև, որ դրական իրավունքով (գրավոր օրենսդրությամբ) «պատշաճության» գաղափարը պետք է ունենա քիչ թե շատ համարժեք արտահայտություն, և ավելացնում է, որ շուկայական համակարգը կարող է գոյություն ունենալ և զարգանալ միայն այն դեպքում, եթե «շուկայի գործընթացի» մասնակիցները չեն խախտում «արդարության և պատշաճության օրենքները»:

Այլ կերպ ասած՝ մենք կրկին եկանք այն մտքին, որ գույքի «լեգիտիմությունը» և «լեգալությունը» չեն հակասում միմյանց, եթե հասարակության մեջ կա որոշակի փոխհամաձայնություն՝ այդ սեփականության բաժանման «պատշաճության» և «արդարության» առումով: Բայց ինչպե՞ս կարելի է դրան հասնել գործնականում, մանավանդ այն պայմաններում, երբ, պատմականորեն, «հանրային համաձայնության» ձևավորմանը նախորդող ողջ գործընթացը լի է կոռուպցիայի և սեփականության անարդար (առնվազն հասարակության ընկալման մեջ) բաշխման դեպքերով: Այս հարցի հնարավոր պատասխաններից մեկը տալիս է մեզ պատմությունը:

Պատմական օրինակ

Կորեական պատերազմից հետո (1950-1953) Հարավային Կորեայի կառավարությունը ճապոնացիներից առգրավեց երկրի տարածքում գործող իրենց ձեռնարկությունները, իսկ այդ ժամանակ Ծագող արևի երկրի ներկայացուցիչներին էր պատկանում Կորեական թերակղզու հարավային մասի ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական օբյեկտների ճնշող մեծամասնությունը:

Տնտեսական օբյեկտները հետագայում ձեռք բերվեցին իրենց նախկին կառավարիչների կողմից, և հենց այդ մարդիկ էլ կազմեցին «Հարավային Կորեայի օլիգարխների» նոր դասը: «Պատահական» մարդկանց նույնիսկ թույլ չէին տրվել մասնակցել մասնավորեցման պրոցեսին (համաձայնեք, ծանոթ պատմություն է): Հարավային Կորեայի այն ժամանակվա նախագահ Լի Սեն Մանին մոտ կանգնած օլիգարխները ոչ միայն ցածր գներով օբյեկտներ էին գնում, այլև ստացան հնարավորություն 15 տարի վճարում չիրականացնել: Այսինքն ՝ իրենք ստացան տնտեսական օբյեկտները, բայց չվճարեցին դրանց համար:

Կորեայի պատերազմից հետո կառավարությունն ստացավ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի սուբսիդիաներ և վարկեր, որոնք պետք է օգտագործվեին տնտեսությունը և ենթակառուցվածքները վերականգնելու համար: Սակայն, հատկացված միջոցները ծախսվում էին սնունդ և հագուստ գնելու համար (և շատ բան գնվում էր հենց ԱՄՆ-ից, այսինքն՝ հատկացված «վարկերը» վերադարձվել են վարկ տրամադրած երկիր), բայց միջոցների մեծ մասը պարզապես գողացվում էր: Երկրի տնտեսությունն աստիճանաբար փլուզվում էր, իսկ Հյուսիսային Կորեան՝ ԽՍՀՄ-ի աջակցությամբ․ ակտիվորեն զարգանում էր: 1960-ին Հարավային Կորեայի բնակչության 72%-ը կազմված էր ամենաաղքատ գյուղացիներից, որոնց սննդակարգը լավագույն դեպքում բաղկացած էր գարու շիլայից, իսկ երկրի աշխատունակ բնակչության 36%-ը պաշտոնապես գործազուրկ էր (ոչ պաշտոնական տվյալները շատ ավելի բարձր էին): Ամեն ինչ սկսվեց փոխվել 1960-ից հետո:

1960-ին երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, և երկրի նախագահ Լի Սեն Մանը փախավ Հավայան կղզիներ: Մանին փոխարինելու եկավ գեներալ Պաք Չոն Հին:

Նախագահ Պաքը գիտակցում էր երկրում ֆունդամենտալ տնտեսական վերափոխումների անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ մեծ գայթակղություն ուներ «տնտեսությունը արդիականացնելու համար նախորդ նախագահ Մանի մերձավոր օլիգարխների հաշվին» դա անել (այլ կերպ ասած՝ կուլակաթափ անել իրենց), բայց գեներալ Պաքը գնաց այլ ճանապարհով: Նախագահի թիմը մշակեց բարեփոխումների ծրագիր և ստեղծեց «կառավարվող կապիտալիզմի» տեղայնացված մոդելը: Նախագահ Պաքը երկրում բարեփոխումներ իրականացնելու գործում մեծ դերակատարություն տվեց օլիգարխներին պատկանող ընկերություններին՝ չեբոլներին:

Չեբոլը հարավկորեական ֆինանսական և արդյունաբերական խումբ է (կորպորացիա), որն իր կառուցվացքով ֆորմալ պաշտոնապես անկախ ընկերությունների խումբ է, որը պատկանում է որոշակի ընտանիքի և կենտրոնացված ֆինանսական և տնտեսական կառավարում ունի:

Հարավային Կորեայի նոր կառավարությունն ընտրեց պլանային արդյունաբերական տնտեսություն կառուցելու ուղղին, որը կենտրոնացած էր բարձր տեխնոլոգիաների արտահանման վրա (Հարավային Կորեան, ինչպես Հայաստանը, չի կարող պարծենալ բնական ռեսուրսների մեծ պաշարով): Պաքի կառավարությունը սահմանել էր տնտեսության գերակա ոլորտների զարգացման և ֆինանսավորման հնգամյա ծրագրեր: Դրանք պարտադիր էին բոլոր ընկերությունների համար՝ ներառյալ մասնավոր ընկերությունները:

Ընտրված տնտեսական մոդելը հնարավորություն տվեց, որպեսզի հատուկ ընտրված ընկերությունները մասնակցեն նշանակալի ազգային տնտեսական նախագծերի մրցույթներին, ինչպիսիք են մայրուղիների շինարարությունը, մեքենաշինության զարգացումը:

Կարևոր է ոչ միայն այն, որ Հարավային Կորեայում չգնացին «օլիգարխներին կուլակաթափ անելու» ճանապարհով՝ գիտակցելով, որ դրանով կսպանեն տնտեսությունը։ Սկսեցին օգտագործել օլիգարխների կողմից ստեղծված տնտեսական ներուժը կարևոր պետական ծրագրեր իրականացնելու համար: Ավելին, նախագծեր իրականացնելու համար ընկերությունները ստացան վարկեր, որոնց երաշխավորը հենց պետությունն էր: 1962-1971 թվականների ընթացքում հարավկորեական տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կազմել են 2,6 միլիարդ դոլար՝ հիմնականում կառավարությանը և մասնավոր հատվածին տրվող վարկերի տեսքով (գրեթե բոլոր վարկերը կանխավճարի տեսքով էին):

Կառավարությունը տնտեսության յուրաքանչյուր հատվածում ստեղծեց կանոնակարգված մրցակցություն երկու կամ երեք մասնակիցների միջև՝ չեբոլների միջև: Մի քանի տասնամյակի ընթացքում Պաքի նախագահության օրոք ստեղծված չեբոլները վերաճեցին աշխարհահռչակ ապրանքանիշների, և դուք այսօր էլ ձեր առօրյա կյանքում գրեթե ամեն օր հանդիպում եք հարավկորեական բարեփոխումների արդյունքներին՝ LG, Hyundai, Samsung, Daewoo: Սրանք բոլորը չեբոլներ են:

Պաքի հիմնարար բարեփոխումների սկսվելուց առաջ հարավկորեական պետությունը ներսից ոչնչացվում էր աղքատության և կոռուպցիայի պատճառով, հասարակությունն էլ ատում էր խոշոր կապիտալի կրողներին՝ նրանց համարելով խնդիրների հիմնական պատճառը:

Օլիգարխները, օրենքի տառին համապատասխան, տիրապետում էին հարավկորեական հարստությանը, բայց նրանց ունեցվածքին պակասում էր լեգիտիմությունը: Նախագահ Պաքի բարեփոխումները ոչ միայն օգնեցին երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերել, այլև լուծեցին սեփականության լեգիտիմության խնդիրը, և հարավկորեական հասարակությունը կարողացավ կենտրոնանալ ներքին բարեփոխումների, այլ ոչ թե ներքին թշնամիներ փնտրելու վրա:

Ընտրված ուղին դժվար էր նաև հարավկորեացի օլիգարխների համար, և իրենց վրա բարեփոխումները բառի բուն իմաստով շատ թանկ նստեցին։ Օրինակ, Լի Բեն Չոլի ընտանիքը (Samsung-ի հիմնադիր), բացի կառավարության ծրագրերով ստանձնած պարտավորություններից, ներդրումներ կատարեց նաև այլ ոլորտներում:

Սա Լի Սեն Մանեի օրոք «բյուջեն թալանելու» գինն էր, Կորեայի ճապոնական օկուպացիայի ընթացքում տնտեսական գործունեության գինն էր: Բարեփոխումներից բացի, Հարավային Կորեան իրականում կարողացավ ստեղծել հանրային համաձայնություն՝ սեփականության իրավունքի ինստիտուտի շուրջ, ինչը հիմք է հանդիսացել երկրի ժամանակակից, բարեկեցիկ տնտեսության համար:

Չեբոլներն այսօր էլ շարունակում են մնալ հարավկորեական տնտեսության շարժիչ ուժը: «Հարավային Կորեայի առևտրային հանձնաժողովի» տվյալների համաձայն [4]՝ պետական տնտեսության մեջ ներկայացված է 45 չեբոլ, որոնցից ամենախոշորներն են՝ LG, Hyundai, SK և Samsung-ը: Տասը խոշորագույն չեբոլներին է պատկանում երկրի բոլոր բիզնես ակտիվների 27%-ը, իսկ հինգ խոշորագույն չեբոլներին բաժին է ընկնում Հարավային Կորեայի ֆոնդային բորսայի կեսը:

Ամփոփում

Շատերին կարող է թվալ, որ սեփականության լեգիտիմացման մասին խոսելը և այս խնդրի լուծման պատմական օրինակների ներկայացման շուրջ քննարկումները ժամանակավրեպ են (նույնիսկ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակից հետո):

Ինչպես արդեն նշվեց, երկրի բոլոր նախորդ առաջնորդները, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չեն գնացել այս խնդրի լուծմանը, մինչդեռ ներկայիս ղեկավարը, ինչպես երևում է վերը նշվածից, նախկինից այլ՝ ռադիկալ կերպով տարբերվող տեսակետներ ունի «սեփականության լեգիտիմության» խնդրի վերաբերյալ:

Հասկանալի է, որ անձամբ Փաշինյանը չի «լուծելու այս խնդիրը», այնուամենայնիվ, սա այն հարցն է, որը պետք է լուծվի, և այդ խնդրի լուծումն ընկնում է հաջորդ իշխանությունների ուսերին:

Այս հարցը պետք է լուծվի երկու հիմնական պատճառով.

1.Հասարակության հարուստ և աղքատ խավերի միջև որոշակի համաձայնության, կոնսենսուսի հաստատում, որը թույլ կտա ապագայում նվազեցնել սոցիալական լարվածությունը, ավելի մեծ դյուրինությամբ իրականացնել բարդ տնտեսական բարեփոխումները: Մենք պետք է ընտրություն անենք. արդյոք մենք կընտրենք անհամաձայնությունը, բախումների ճանապա՞րհը, թե՞ ներքին համերաշխության ուղին:
Եթե մենք ընտրենք անհամաձայնությունը, դա ոչ միայն կստեղծի նոր ճգնաժամեր և կխարխլի քաղաքական համակարգի հիմքերը՝ միաժամանակ քայքայելով տնտեսությունը, այլ, հավանաբար, հետագայում էլ կհանգեցնի ավելի մեծ աղետների, քանի որ տնտեսության փլուզումը հղի է պաշտպանողունակության և մարտունակության փլուզմամբ: Եթե մենք ընտրենք համերաշխությունը, ապա այսօր դա ոչ միայն հաղթանակ կլինի կորոնավիրուսի դեմ, այլ նաև անհրաժեշտ զարկ կհաղորդի ապագա բոլոր համաճարակների և ճգնաժամերի դեմ արդյունավետ պայքարին:

2.Այս հարցը լուծելով՝ հայ հասարակությունը «կփակի ճանապարհը դեպի իշխանություն» նրանց համար, ովքեր կփորձեն կայանալ սոցիալական անարդարության թեման շահարկելով՝ դրա հետ մեկտեղ չունենալով բավարար գիտելիք և հմտություններ արդյունավետ կառավարման համար: Նման ուժերի նոր ալիքը կարող է պետության համար անկառավարելի բեռ դառնալ:

Նոր քաղաքացիական պայմանագիրը (խոսքը կուսակցության մասին չէ, այլ սոցիալական երևույթի մասին է), որը կնքվելու է տարբեր սոցիալական խմբերի միջև, կարող է փակել պոպուլիստներին իշխանության տանող ճանապարհը: Իսկ պետական ինստիտուտները և նոր որակի իշխող վերնախավը կապահովեն դրա պրակտիկ իրականացումը:

Հաջորդիվ մենք կխոսենք «ճանապարհային քարտեզի» մասին, որը նոր որակի քաղաքական վերնախավին իշխանության կբերի:

Շարունակելի…

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

քաղաքագետ

politeconomy.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031