Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք առավոտյան տանը սպասող 2 դեպք ենք ունեցել, ի տարբերություն երեկվա 20-ի, հետեւաբար այսօր վիճակն ավելի լավ է, քան երեկ». Արսեն Թորոսյան

Հուլիս 03,2020 15:05

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ կորոնավիրուսի դեմ պայքարը, կառավարության քայլերը ցանկալի արդյունք չեն տալիս, մի քանի հարյուր նոր դեպքեր են ամեն օր լինում՝ պատասխանեց. «Երբ որ «ցանկալին» ֆիքսենք, կարող ենք նաեւ այդ հարցի շուրջ խոսել: Առնվազն ՀՀ-ում բոլոր կորոնավիրուսային հիվանդություն ունեցողները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ ավելի զարգացած պետություններում տեղի չի ունեցել եւ այդ առումով կառավարության ջանքերը ավելի քան ողջամիտ եւ տեղին են եւ շարունակում են լինել: Ինչ վերաբերում է թվերին, որոնք ցավոք չեն իջնում, արձանագրվում են մեր նման հավաքների ժամանակ եւ ոչ բժշկական հաստատություններում, կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլեւ մեր բոլորի վարքագծից»:

Հետո նախարարը փարատեց մտահոգությունը. «Մենք պայթյունավտանգ իրավիճակ չունենք, բոլոր կանխատեսումներով պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, կարծես ուղիղ գծի վրա ենք՝ հունիսի 1-ից սկսած»:

Հարցին՝ մարդիկ դժգոհում են, մինչեւ թեստի պատասխանը չի լինում՝ չեն տանում հիվանդանոցային պայմաններով բուժման, սա, ըստ ձեզ, ճի՞շտ քաղաքականություն է՝ եթե հիվանդն ունի բուժման կարիք, նրա զանգերին չարձագանքեն՝ նախարարը պատասխանեց. «Հիվանդներին պետք է օգնության հասնի առողջապահական համակարգը: Աստիճանաբար ավելի մեծ հզորություններ ներգրավելով՝ ավելի շատ մարդկանց են հասնում օգնության: Մենք միշտ պետք է հիշենք, որ հիմա մենք գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի ավելի բեռ է առողջապահական համակարգի վրա: Օրինակ, այսօրվա դրությամբ, մենք առավոտյան տանը սպասող 2 դեպք ենք ունեցել, ի տարբերություն երեկվա 20-ի, հետեւաբար այսօր վիճակն ավելի լավ է, քան երեկ: Այդ իրավիճակն ամեն օր փոխվում է, կոնկրետ դեպքերով փորձում ենք կոնկրետ լուծումներ տալ»:

Նախարարը նաեւ նշեց, որ բուժկենտրոններ են առանձնացնում, որոնք կզբաղվեն հենց այդ չհաստատված պացիենտներով: Օրինակ, Այրվածքաբանության կենտրոնում ու Նորքի ինֆեկցիոնում բուժօգնություն են ստանում նաեւ այդպիսի հիվանդներ, որոնք շնչահեղձություն են ունենում, բայց թեստի արդյունքը չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031