«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը «Արարատ» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։
«Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի՝ մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ, այլ նաև պարարտ հող է ստեղծում ամբողջ տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը պայթեցնելու համար»,- ասել էր Գագիկ Ծառուկյանը։
Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց․ «Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, իհարկե՛, ճշմարտության հատիկ կա։ Այո՛, կան այդպիսի ուժեր, որ փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Սակայն, այստեղ ուժ բառը պետք է օգտագործել չակերտների մեջ, որովհետև դրանք քաղաքացիական հենարան չունեցող ուժեր են։ Դրանք մամուլում աղմուկ հանողներն են, որոնք այնուամենայնիվ, իրենց ունեցած մամուլի ռեսուրսներով կարողանում են իրենց ասելիքը բազմակի ավելի շատ տարածել Հայաստանի Հանրապետությունում։ Ուղղակի այստեղ քաղաքացիների խնդիրն է մի քիչ բարդանում, որ ինֆորմացիան, այնուամենայնիվ, ճիշտ ֆիլտրերով անցկացնեն, և տեսնեն՝ ում խոսքից ի՞նչ է պետք եզրակացնել և ընդհանրապես արժե որևէ մեկի խոսքի վրա ուշադրություն դարձնե՞լ, թե՞ չէ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ